Քեզ ունենալ-չունենալու մասին
Առանց իրար ապրելու համար հազար ու մի պատճառ է պետք, իրար հետ մնալու համար միայն ցանկություն։
Երբեմն սկսում ենք միմյանց պահելու համար պատճառներ փնտրել ու չենք հասցնում վայելել ունեցածը` ներկան։
Մի բան հստակ է, որ երբեմնի անտարբեությունդ աշխարհի սիրով անգամ չեմ փոխի. ինձ պատկանելդ խաղաղության պես արժեքավոր է։
Քեզ տեսնելիս կոկորդիս են շարվում «ես քեզ սիրումները». ինձ հույս եմ տալիս, թե սիրո մասին չեն բարձրաձայնում։
Մեր բոլոր բաժանումների ավարտը վերադարձն է, որովհետև երկուսս էլ չգիտենք՝ ով է մեզնից առաջինը մյուսին լքողը։
Ասում ենք, որ իրար կողքի ենք, որովհետև մեկս մյուսից վատն ենք ու երևի դա է պատճառը, որ ոչ ես, ոչ էլ դու լավը դառնալ չենք ուզում։
Ոչ ինձ, ոչ էլ քեզ համար կյանքը չի վերջանում իրարով. ավարտները մեզ համար չեն։
Նախկին ու ներկա սերերդ ոչինչ չեն փոխում մեր կյանքում, որովհետև նրանք նախկին են ու ներկա, իսկ մենք իրենց արանքում ենք ու անգամ ապագայի ու հավերժի հետ համատեղելի չենք։
Քեզ վաղը հանդիպելու խոստումս այսօր ոչ մի պարագայում չմեռնելուս միակ պատճառն է։
Ու անցած ճանապարհին նայելով կրկին համոզվում եմ, որ առանց իրար բոլորն էլ կարողանում են ապրել, իրար հետ լինելն է, որ չի ստացվում։
Լիլիթ Շաբոյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել