HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Գիտական ներուժն անտեսված է

Դեռեւս անցյալ տարի, 2003թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ, ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Շավարշ Քոչարյանը խիստ մտահոգիչ թվեր հրապարակեց` գիտահետազոտական աշխատանքների համար Վրաստանում տրամադրվում է 4,5 մլն դոլար, Ադրբեջանում` 12 մլն դոլար, իսկ Հայաստանում` 1,5 մլն դոլար:

Համաձայն «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ի 2-րդ կետի` «գիտական եւ գիտատեխնիկական գործունեւթյան ֆինանսավորման համար, սկսած 2002թ., պետությունը միջոցներ է հատկացնում պետբյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսից ոչ պակաս չափով»: Սակայն, ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ Վլադիմիր Բարխուդարյանի հավաստմամբ` «պետբյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսի չափով ֆինանսավորումը չի տրվել»:

ԳԱԱ ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Սուսաննա Լաչինյանի հավաստմամբ էլ` գիտությունների ազգային ակադեմիային տարեկան տրամադրվում է 1 մլն 653 հազար դրամ, իսկ ամբողջ գիտությանը` 2 մլրդ 961 մլն 471 հազար դրամ»:

Գիտնականին վճարվող միջին աշխատավարձի չափը` 14 000 դրամ, շարունակում է մնալ գիտության ոլորտի «աքիլլեսյան գարշապարը»: Վ. Բարխուդարյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ գիտնականին գիտական աստիճանի համար հավելյալ թոշակ(գիտությունների թեկնածուին` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, իսկ դոկտորին տասնապատիկի չափով) չի տրվում: Մինչդեռ` «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի 3-րդ կետի համաձայն` «պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը»:

ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Դավթյանի կարծիքով էլ` «եթե հաշվի առնենք մեր պետբյուջեի հնարավորությունները, ապա գիտությանը պետբյուջեի ծախսային մասի երեք տոկոսի տրամադրումն էլ այնքան չնչին է, որ չի կարող բարելավել գիտության վիճակը»: Ըստ պր-ն Դավթյանի` «աննախադեպ երեւույթ է, երբ երկիրը թեւակոխել է ավելի զարգացած հասարակարգ` կապիտալիզմ, սակայն չի կարողանում օգտագործել իր գիտական ներուժը: Փոխարենը գիտությունը հայտնվել է կաթվածահար վիճակում: Արդյունքում ունենք գիտնականների զանգվածային արտագաղթ, նախկինում գիտությամբ զբաղվողների վերամասնագիտացում եւ այլ աշխատանքներով զբաղվածություն, իսկ գիտության նվիրյալները, ովքեր փորձում են հնարավորինս պահպանել գիտական օջախները, դատապարտված են անասելի տառապանքների` շատ ցածր վարձատրության եւ գիտական հետազոտությունների ծավալման համար առաջին անհրաժեշտության պայմանների բացակայության պատճառով»:

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Արամ Շահինյանի կարծիքով էլ` «Հայաստանը գիտական ներուժի տեսակետից չի կարելի համարել չզարգացած, այլ`տնտեսապես ծանր վիճակում գտնվող»: Ի դեպ, միջազգային գիտատեխնիկական կենտրոնի եւ այլ կազմակերպությունների իրականացրած դրամաշնորհային ծրագրերում Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում գրավում է երկրորդ տեղը (առաջինը Ռուսաստանն է): Վերջին տասնամյակում առավելապես տուժել են գիտության այն ճյուղերը, որտեղ գիտական հետազոտություններ անցկացնելու համար թանկարժեք սարքավորումներ են պահանջվում:

Ա. Շահինյանը գիտության ֆինանսավորման երեք ճանապարհ է մատնանշում` պետբյուջեից ֆինանսավորում, դրամաշնորհային ծրագրեր, որոնք, սակայն ժամանակավոր բնույթ ունեն եւ որոնցից բոլորը չեն կարողանում օգտվել եւ երրորդը` գիտնականների խումբը պետք է կարողանա իր գիտական աշխատանքների արդյունքները վաճառել: Վերջինիս համար, Ա. Շահինյանի կարծիքով, գիտնականը պետք է լավ պատկերացնի համաշխարհային շուկան, հայտնաբերի իր գիտական հետազոտություններով հետաքրքրվողների: Մի խոսքով գիտնականը պետք է գտնի գնորդին եւ նրա հետ պայմանագիրեր կնքի: Այս ամենը, սակայն, մեր գիտնականների համար նորություն է, որովհետեւ նախկինում նրանք այդ բեռը չէին կրում:

Մ. Դավթյանը կարեւորում է գիտությանը հատկացված միջոցների նպատակաուղղված օգտագործումը, միաժամանակ նաեւ` պետբյուջեից լրացուցիչ միջոցների հատկացումը, քանի որ խոսքը ոչ թե գիտական ներուժի ստեղծման, այլ առկա գիտական ներուժի պահպանման մասին է: ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանն էլ պնդում է, որ գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդներին պետք է խրախուսել, ոչ թե նրանց առջեւ արհեստական խոչընդոտներ ստեղծել: Որպես խոչընդոտներ Ա. Սարգսյանը նշեց երիտասարդ գիտնականներին որեւէ արտոնություն չտրամադրելը: ԳԱԱ-ն այսօր նույնիսկ հանրակացարան չունի, ինչի պատճառով էլ նվազել է Հայաստանի մարզերից ասպիրանտուրայում սովորել ցանկացողների թիվը:

Մյուս կողմից էլ, ասպիրանտական տեղերի քանակն է խիստ անբավարար` գիտական կադրերի վերարտադրությունն ապահովելու համար: Պարզ հաշվարկներով, ԳԱԱ համակարգում գործող գիտահետազոտական 38 ինստիտուտներից յուրաքանչյուրին ասպիրանտական մեկ տեղ է հատկացվում: Իսկ գիտության բնագավառում ծերացման միտումն ակնհայտ է` գիտությունների թեկնածուների տարիքն անցնում է 50-ից, դոկտորներինը` 60-ից:

Մեր ջանքերը` պարզելու, թե վերջին տարիներին քանի գիտնական է հեռացել ԳԱԱ համակարգից, հաջողությամբ չպսակվեցին: ԳԱԱ կադրերի բաժնում մեզ տեղեկացրին, որ գիտական ներուժի արտագաղթի պատկերն արտացոլող ուսումնասիրություն երբեւէ չի անցկացվել: Միայն հուշեցին, որ առանձին տվյալների կարելի է ծանոթանալ ԳԱԱ բաժանմունքներից:

Դրամաշնորհները չեն վերահսկվում

«Ովքե՞ր են տնօրինում գիտությանը նվիրված միջոցները: Համենայնդեպս` ոչ գիտնականները»,- պնդում է ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Միսակ Դավթյանը: Պր-ն Դավթյանը դժգոհ է, որ ԳԱԱ-ն զրկված է գիտությանը հատկացված միջոցների բաշխման հնարավորությունից: Գիտահետազոտական ինստիտուտների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտխորհուրդներն, ըստ էության, չեն մասնակցում ֆինանսների բաշխման գործընթացին:

Ինչ վերաբերում է դրամաշնորհներին, ապա մեր բոլոր զրուցակիցները նշում էին, որ դրանք օգնում են գիտնականներին արտերկիր գործուղվելու, գիտական նորույթներին ծանոթանալու, միջազգային բնույթի սեմինարներին եւ միջոցառումներին մասնակցելու համար: Ակնհայտ է, սակայն, որ դրամաշնորհային ծրագրերը գիտության համար չեն կարող կայուն զարգացում երաշխավորել:

Այնուամենայնիվ, որքա՞ն դրամաշնորհ է տարեկան տրամադրվում գիտության ոլորտին եւ ո՞ր կազմակերպությունների կողմից: Դրամաշնորհային ի՞նչ ծրագրեր են իրականացվում գիտության տարբեր ոլորտներում եւ ի՞նչ արդյունավետությամբ:

ԳԱԱ փոխպրեզիդենտ Յուրի Շուքուրյանի հավաստմամբ, 2000-2002թ.թ. ներառյալ մոտ 4,2 մլն դոլարի հասնող դրամաշնորհ է հատկացվում ԳԱԱ-ին, իսկ տարեկան կտրվածքով` մոտ 1,4 մլն դոլար: Դրամաշնորհային յուրաքանչյուր ծրագիր իրականացվում է մեկից մինչեւ հինգ տարվա ընթացքում:

Ըստ ԳԱԱ միջազգային համագործակցության խորհրդի գիտքարտուղար Կարինե Գեւորգյանի, ամենաշատ ծրագրեր իրականացրել է միջազգային գիտատեխնիկական կենտրոնը(ՄԳՏԿ): Այդ կենտրոնից ԳԱԱ-ն տարեկան հինգ-վեց դրամաշնորհ է ստանում: Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տնօրեն Համլետ Նավասարդյանի տրամադրած տեղեկատվության համաձայն էլ` Հայաստանը 1992թ. հիմնադրված ՄԳՏԿ-ի հետ համագործակցում է 1994թ. սկսած: Այս տարիների ընթացքում ՄԳՏԿ-ն 18,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 97 ծրագիր է ֆինանսավորել Հայաստանում: Հայաստանի շատ գիտնականների հաջողվել է ստացված դրամաշնորհներով մեկնել արտերկիր եւ մասնակցել տարբեր գիտաժողովների եւ խորհրդաժողովների: 2002թ. հոկտեմբերին Մոսկվայում կայացած վերջին` 32-րդ նիստի ժամանակ ՄԳՏԿ-ի խորհուրդը հաստատել է 1 մլն 336 հազար 750 ԱՄՆ դոլար արժողությամբ վեց հայկական նախագծերի ֆինանսավորումը: Դրանք են` A-820( Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը), A-948( բժշկական ճառագայթահարման եւ այրվածքների կենտրոնը), A-960 (նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը), A-976 (ջրածնային եւ ճառագայթային անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը), A-999 ( երկրաբանական գիտությունների ինստիտուտը) եւ A-1058 ( ֆիզիկայի ինստիտուտը): Դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում նաեւ ԱՄՆ-ի ՙՔաղաքացիական զարգացման գիտական հիմնադրամ՚-ը, եվրոպական ԻՆՏԱՍՍ-ը,որը նաեւ հումանիտար գիտություններն է ֆինանսավորում, ԱՆՍԵՖ-ը(Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամ), Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը եւ այլք: ԻՆՏԱՍՍ-ի ԻՆՍԱՊ ծրագրով ՀՀ ԳԱԱ-ն գիտնականներին ինտերնետային ծառայությունից եւ գիտական գրականությունից անվճար օգտվելու հնարավորություն է ընձեռել:

Դրամաշնորհային ծրագրերը, որպես կանոն, չեն վերահսկվում ոչ ԿԳՆ-ի, ոչ ԳԱԱ-ի կողմից: Ս. Լաչինյանը հավաստիացնում է, որ միջազգային կազմակերպությունների պայմանն է այդպիսին` չմիջամտել դրամաշնորհային ծրագրերին: Թեւ ԳԱԱ-ում տեղյակ են, թե ինչ ծրագրեր, որքան գումարով եւ որքան ժամանակով են իրականացվում, սակայն այդ ամենը չի մտնում ԳԱԱ-ի հաշվեկշռի մեջ: Բացի այդ, Ս. Լաչինյանը դժվարացավ ասել, թե որքանով են հավաստի միջազգային կազմակերպությունների ներկայացրած տվյալները դրամաշնորհային ծրագրերի մասին: Վերջերս միայն ԱԺ Վերահսկիչ պալատն է բյուջետային միջոցների նպատակային ծախսերի վերաբերյալ ստուգումներ կատարել ԳԱԱ-ում եւ պահանջել ԳԱԱ ղեկավարությունից հաշվետվություն ներկայացնել դրամաշնորհային ծրագրերի եւ դրանց ֆինանսավորման մասին:

Առաջնահերթ ֆինանսավորում

Որպես գիտության զարգացման նախապայման գիտնականները կարեւորում են գիտության գերակա ուղղությունների հաստատումը եւ դրանց նպատակային ֆինանսավորումը: 2002թ. օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ գիտության գերակա ուղղություններ են ճանաչվել հայագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, առաջատար տեխնոլոգիաները(կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա), մարդու առողջություն եւ ռիսկի գործոնները, ինչպես նաեւ` կարեւորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների զարգացումը:

ԳԱԱ փոխպրեզիդենտ Յուրի Շուքուրյանի հավաստմամբ, ՀՀ կառավարության կողմից գիտության գերակա ուղղությունները հաստատելուց հետո երկրորդ քայլը պետք է լինի պետական նպատակային ծրագրի հաստատումը, որում պետությունը հանդես կգա որպես պատվիրատու: ՀՀ ԳԱԱ-ն կառավարությանն առաջարկություններ է ներկայացրել, համաձայն որոնց` նպատակային ծրագրերը պետք է ֆինանսավորվեն պետբյուջեից: Պետական նպատակային ծրագրերից մեկն էլ վերաբերում է հայագիտությանը եւ հայ ժողովրդի պատմությանը(հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը): Առաջարկվել են նաեւ օրենսդրական բարեփոխման տարբերակներ: Յ. Շուքուրյանի կարծիքով, այդ նոր ծրագիրը կօգնի նաեւ ճիշտ վերաբաշխել գիտությանը հատկացված միջոցները ֆինանսավորման երեք ձեւերի(բազային, թեմատիկ եւ նպատակային) միջեւ: Իսկ այդ ամենը նախատեսվում է ներառել 2004թ. պետբյուջեում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter