Բացվել է Սպիտակի երկրաշարժի 23-րդ տարելիցին նվիրված գիտաժողովը
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ Սպիտակի 1988 թ. երկրաշարժի 23-րդ տարելիցին նվիրված, «Հայաստանում սեյսմիկ անվտանգության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովի բացումը։
Գիտաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել 12 կազմակերպություն Հայաստանից, ինչպես նաև գիտնականներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Բուլղարիայից, Մակեդոնիայից։
Գիտաժողովի զեկուցումներում ներկայացված են ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, որոնք հիմք են ստեղծում սեյսմիկ ռիսկի նվազեցման համար ավելի արագ և արդյունավետ քայլեր կատարելու:
«Այս տարի լրացավ ԱԻՆ համակարգի ստեղծման 20-ամյակը։ Համակարգի հիմքը դրվեց 1991 թ., երբ ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ): Սպիտակի ողբերգությունը ցույց տվեց, որ հանրապետությունը պատրաստ չէր դիմագրավելու սեյսմիկ աղետին, որի պատճառով երկրաշարժի հետևանքները՝ թե մարդկային և թե նյութական ու այլ կորուստների տեսակետից, երկրաշարժի ուժի համեմատ, խիստ մեծ էին: Ուստի անհրաժեշտ էր ստեղծել երկրաշարժից պաշտպանվելու մի համակարգ, որը կարողանար լուծել սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման, ինչպես նաև ռիսկի նվազեցման հիմնախնդիրները»,- ասաց ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։
ԱԻՆ ՍՊԱԾ սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանը ներկայացրեց Հայաստանի սեյսմիկ անվտանգության վիճակն ու առկա հիմնախնդիրները։
«Ելնելով Սպիտակի 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների հիմնական պատճառների վերլուծությունից ու դասերից՝ քննարկվում են ողբերգությունից հետո ՀՀ-ում սեյսմիկ պաշտպանության ասպարեզում կատարած աշխատանքների մասշտաբներն ու մակարդակը՝ սկսած իրավական նորմերի մշակումից, վերջացրած սեյսմիկ ռիսկի նվազեցմամբ»,- ասաց Սերգեյ Նազարեթյանը:
ՀՀ սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտի վիճակն ու զարգացման ուղիները հակիրճ ձևակերպված են «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգում», որը հաստատվել է 2010թ.:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել