HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բիզնեսը սուբսիդավորում է պետական բյուջեն. 2015թ. դրությամբ գերավճարները գերազանցել են 260 մլրդ դրամը

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը

-Վերջերս ՀԲ-ն հրապարակեց Հայաստանի տնտեսության վերաբերյալ Ձեր ղեկավարած թիմի նոր հետազոտությունը, ըստ որի՝ անցնող տարիներին հարկատուները սուբսիդավորել են պետական բյուջեն: Հարկային գերավճարները գերազանցել են տարեկան հարկային եկամուտների 10%-ը: Եթե հարկատուներից գերավճարներ չգանձվեր, միայն ընթացիկ հարկերը վճարելու դեպքում, Հայաստանի բյուջեի պակասորդը մե՞ծ կլիներ:

-Այո, 2015-ի տարեվերջի դրությամբ հարկային գերավճարները գերազանցել են 260 մլրդ դրամը: Եթե Կառավարությունն այս գումարին համարժեք վարկային միջոցներ ներգրավեր կամ գանձապետական պարտատոմս թողարկեր, ապա ոչ միայն այդ փոխառու միջոցները պիտի վերադարձվեին սահմանված ժամանակացույցով, այլ նաեւ տարեկան 56-60 մլն դոլարին համարժեք (միջինում 10-12% տարեկան) տոկոս վճարվեր պետական բյուջեից: Բայց 2012-15 թթ. հարկային գերավճարների վերաբերյալ առկա սուղ տեղեկատվության հիման վրա կարելի է միայն արձանագրել, որ դրանք ավելացել են գրեթե 30 մլրդ դրամով: Հիմա հայտարարվում է, որ հարկային գերավճար գանձելու պրակտիկան դադարեցվել է: Սակայն դեռեւս 2016 թ. վերջի դրությամբ համապատասխան ցուցանիշները հրապարակված չեն, որպեսզի համեմատություններ եւ եզրահանգումներ արվեն: Ժամանակը եւ թվերի դինամիկան ցույց կտան հարկային գերավճարներ գանձելու գործելաոճը նվազեց, թե՞ ոչ:

Գերավճարն առաջանում է, երբ հարկատուն իր ընթացիկ հարկային պարտավորությունները կատարելուց բացի հավելյալ հարկ է վճարում, ինչը կարող է ներառել ինչպես արտահանման պարագայում ավելացված արժեքի հարկի չվերադարձված գումարները, այնպես էլ հարկային մարմնի հորդորներին ընդառաջ գնալու ցանկությամբ պայմանավորված կանխավճարները՝ ակնկալիքով, որ դրանք հաշվանցվեն հետագա հարկային պարտավորությունների դիմաց: Հայաստանում փոքր չէ նաեւ հարկային ապառքների մեծությունը, ինչը 2015թ. տարեվերջի դրությամբ կազմել է 120 մլրդ դրամ: Կարծում եմ, հարկային գերավճարների եւ ապառքների բաշխման ասիմետրիա կա: Հայտնի է, որ 10-15 տարի առաջ Հայաստանում պետական բյուջեի հարկային մուտքերի 70%-ից ավելին ապահովում էին խոշոր հարկատուները, եւ դա օբյեկտիվորեն արտացոլում էր տնտեսության պատկերը: Այսինքն՝ խոշոր հարկատուներն ինչ չափով որ դերակատարություն ունեն մեր տնտեսության մեջ, նույն չափով էլ դերակատարում պիտի ունենան հարկային եկամուտների հավաքագրումների մեջ: Բայց վերջին տարիներին խոշոր հարկատուների վճարումները նվազել են մինչեւ 52-53%: Կառավարությունը նշում է, որ 2016 թ. վերջին ամիսներին խոշոր հարկատուներից հավաքագրումը բարելավվել է, որի արդյունքում գուցե նրանց կշիռը մինչեւ 55%-ի է հասել, բայց դարձյալ աղավաղված պատկեր է: Հարկային եկամուտների առնվազն 70-80%-ը պետք է ձեւավորվի խոշոր բիզնեսի վճարած հարկերից:

-Այսինքն, հարկերի հավաքագրման ցուցանիշը հիմնականում փոքր եւ միջին բիզնեսն է ապահովո՞ւմ:

-Վերը նշված թվերը ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, բյուջեի հարկային մուտքերի կեսից ավելին ապահովվում է խոշորների հաշվին, սակայն ՓՄՁ մասնակցությունը հարկերի հավաքագրմանը անհամարժեք է նրանց դերակատարությանը տնտեսական գործունեության մեջ: Հարկ է նշել նաեւ, որ հարկային քաղաքականության տեսանկյունից Հայաստանում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել ավելացված արժեքի հարկի շեմը 58 մլն դրամից կտրուկ 115 մլն դրամ բարձրացնելուց հետո, քանի որ որոշակի թվով խոշոր հարկատուներ հայտնվեցին ՓՄՁ համար նախատեսված ավելի մեղմ հարկային դաշտում, ինչը ոչ միայն էռոզիայի ենթարկեց հարկային բազան, այլեւ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծեց իրական ՓՄՁ համար: Հաշվի առնելով նաեւ վերջիններիս «մասնակցությունը» գերավճարներին, փաստացի ՓՄՁ-ի համար հարկային բեռն ավելի բարձր է ստացվում:

-Ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել պետբյուջեի համար այն դեպքում, եթե հարկման այս քաղաքականությունից մեծապես դժգոհող հարկատուներն ինչ որ պահի որոշեն պաշտպանել իրենց իրավունքները եւ դադարեցնեն հարկեր վճարելը մինչեւ կանխավճարների մարումը:

-2018թ.-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է այս խնդրի օրենսդրական լուծումը, եւ հուսանք մինչ այդ ժամկետը կառավարությունը կապահովի նաեւ տեխնիկական եւ վարչական  ընթացակարգերը, որպեսզի ավտոմատ  հաշվանցվեն հարկատուի դեբեդն ու կրեդիտը: Սակայն ներկայումս դեռեւս այդպես չէ: Շատ տխուր է, որ ծրագիր, հայեցակարգ չկա գերավճարների եւ ապառքների նվազեցման ուղղությամբ: Տնտեսական ներկա իրավիճակի պայմաններում կառավարությունը պիտի մոտեցում ձեւավորի գործարար միջավայրին առնչվող այս կարեւորագույն հարցի վերաբերյալ: Արտաքին մարտահրավերները գնալով ավելի բացասական ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա: 2010-13 թվականներին մեր տնտեսությունը միջինում 4,3 % աճ է ապահովել, ինչը 2014-16թթ. նվազել է մինչեւ 2,3%: Ակնհայտ է, որ վերը նշված 260 մլրդ դրամ հարկային գերավճարները, ինչը կազմում է պետբյուջեի տարեկան եկամուտների 20%-ը, հնարավոր չէ մեկ տարվա ընթացքում վերադարձնել հարկատուներին: Որքան էլ ծանր լինի խնդիրը, ներկա կառավարությունն այն ժառանգություն է ստացել իր նախորդներից եւ կարող է մոտեցումներ որդեգրել: Օրինակ, գերավճարները վերադարձնել առաջիկա 5 տարվա ընթացքում՝ ըստ որոշակի չափանիշների եւ ժամանակացույցի:

-Պետական բյուջեից սուբսիդավորվում են տնտեսության մի շարք ոլորտներ՝ էներգետիկա, տրանսպորտ, ջրամատակարարում, գյուղատնտեսություն, ոռոգում, երկաթուղի եւ այլն: Հետազոտողները գնահատե՞լ են այդ ոլորտները սուբսիդավորելու արդյունավետությունը եւ հասցեականությունը, նաեւ շարունակականության նպատակահարմարությունը:

-Պետական ծախսերի ուսումնասիրության մեջ սուբսիդիաները ներառելը նաեւ այդ նպատակն էր հետապնդում՝տեսնել, թե որքանով է արդյունավետ եւ նպատակային եղել նշված ոլորտների ֆինանսավորումը սուբսիդիաների միջոցով: Ներկա ֆիսկալ իրավիճակը շատ բարդ է, եւ պետական ծախսեր նվազեցնելը կարող է բացասական հետեւանքներ ունենալ առանց այն էլ տնտեսական ցածր ակտիվության եւ սոցիալական իրավիճակի վրա, նույն արդյունավետության ցուցանիշների պարագայում: Սակայն 2015-16 թվականների բյուջետային դեֆիցիտի անկայուն մակարդակը հրամայական է դարձնում մի կողմից՝ հարկային եկամուտների բարելավումը, մյուս կողմից էլ՝ անարդյունավետ ծախսերի կրճատումը: Մեր ուսումնասիրության եզրակացություններից մեկն էլ այն է, որ հնարավոր է բարձրացնել ծախսային ծրագրերի արդյունավետությունը: Եթե ոլորտը սուբսիդավորվում է պետական բյուջեից, Կառավարությունը պետք է կատարողական ցուցանիշներ սահմանի եւ հաշվարկի, թե ինչ արդյունք է ուզում ստանալ տրամադրված սուբսիդիայի դիմաց: Բյուջետային սուբսիդիաների մասով շատ ոլորտներում կատարված ծախսի եւ ակնկալվող արդյունքի միջեւ կապը հստակ չէ: Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել սուբսիդիաների մոնիտորինգի համակարգը:

-Որոշ ոլորտներում, ինչպիսին էներգետիկան է, ոռոգումը, որտեղ բավականաչափ վարկային միջոցներներ դրվեցին անցնող տարիներին, կանխատեսվում էր, որ որոշակի ժամանակահատվածից կանցնեն ինքնաֆինանսավորման: Սակայն, առայժմ չի նկատվում, որ որեւէ ոլորտ հաղթահարած լինի կախվածությունը սուբսիդավորումից: Սա կարելի՞ է պայմանավորել միայն տվյալ ոլորտներում իրականացվող վատ վարչարարությամբ:

-Փաստ է, որ կառուցվածքային վարկերը, որոնք ՀԲ-ն տրամադրում էր 1990-ականների վերջից, պարբերաբար անդրադարձել են ձեր նշած ոլորտների ինքնաֆինանսավորման հարցերին: Նախկինում մի քանի անգամ կառավարությունները ժամանակացույց են կազմել, թե ըստ տարիների ինչպես պետք է փոխվեր օրինակ, ոռոգման սակագնի քաղաքականությունը, որպեսզի բերի համակարգի ինքնածախսածածկման: Կառավարությունները պարբերաբար վերանայել են այս ոլորտի ռազմավարությունը, որից վերջինը՝ անցյալ տարի: Շատ խնդիրներ են այստեղ խաչվում, միայն վարչարարությունը չէ, սակագնային քաղաքականության վրա ազդեցություն ունեն թե՛ ոլորտի վարչարարության որակը, թե՛ ֆինանսական կարգապահությունը, թե՛ հաշվետվողականության ու վերահսկողական մեխանիզմները: Եվ ոչ միայն ոռոգման ջրի, այլեւ մյուս հանրային ծառայությունների սակագնային քաղաքանությունը մեր երկրում շատ զգայուն է քաղաքական զարգացումների հանդեպ:

Անխոս, միայն սակագնային քաղաքականությանն ապավինելու միջոցով ինքնածախսածածկման հասնելը ցանկալի չէ եւ կայուն չէ, եթե ոլորտում կան կառուցվածքային խնդիրներ, ինչպես օրինակ, էներգետիկայի ոլորտում: Հիմնական բարեփոխումը 1998-2005 թթ. կատարվեց եւ ոլորտը բերվեց մի իրավիճակի, որն ինքնավերարտադրվում էր առանց սակագնային քաղաքականության կամ կառավարման ոլորտում մեծ խնդիրներ առաջացնելու: Բայց 2010-ից սկսած, ոլորտի կառավարման բնագավառում, որոշակի փոփոխությունների արդյունքում, համակարգի ֆինանսական ցուցանիշները վատթարացան եւ հանգեցրին մեծ խնդիրների: Միայն սակագինը բարձրացնելով եւ բոլոր տեսակի ծախսերը տարիֆի մեջ ներառելով սպառողին հարկադրելով այդ խնդիրների լուծումը, ճիշտ մոտեցում չէ: Պետք է ուսումնասիրել, թե ինչպես են ձեւավորվել այն ֆինանսական հոսքերը, որոնք ի վերջո հանգեցրել են համակարգում պարտքերի կուտակման եւ այնուհետեւ գնահատել, թե որքանո՞վ է հիմնավոր դրանք սակագնի հաշվարկներում արտացոլելը:

Եթե տվյալ ոլորտն ինքնածախսածածկման հասնելու համար դեռեւս ժամանակ է պահանջում, նույնիսկ այդ պարագայում կարելի է նպատակադրել միայն որոշակի ծախսեր, օրինակ, միայն ոլորտի կապիտալ ծախսերը սուբսիդավորել բյուջեից: Վատ վարչարարությունը խնդրի մի մասն է, բայց այն այսօր պակաս կարեւոր չէ: Ոլորտներ կան, օրինակ, ոռոգման ոլորտի ջրօգտագործողներիմիությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն աուդիտի չեն ենթարկվում, ինչը հարցականի տակ է դնում դրանց արժանահավատությունը: Արդյունքում ստացվել է այնպես, որ չնայած ամեն տարի բյուջեից հատկացված 5-6 մլրդ դրամի սուբսիդիաներին, այդ ոլորտում էլ 5-6 մլրդ դրամի պարտք է կուտակվել, որի միայն մի մասն է պայմանավորված նախորդ տարիներին էներգիայի սակագնի բարձրացմամբ: Այստեղ եւս մոտեցում է պետք ցուցաբերել պարտքերի հետագա կուտակումը կանխարգելելու եւ ժառանգած պարտքը որոշակի ժամանակահատվածում մարելու համար:

-Մշտապես շեշտվում է, որ անգամ զարգացող երկրներում պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսությունը: Հայաստանի կառավարությունը միայն գյուղատնտեսության ոլորտում մի քանի տեսակ սուբսիդիա է տրամադրում՝ ոռոգման, դիզվառելիքի, սերմացուի համար, մասնակցում է ֆերմերներին արտոնյալ վարկերի տրամադրմանը եւ այլն: Ֆինանսավորում է նաեւ աղետների եւ անբարենպաստ կլիմայական պատճառների հետեւանքով ֆերմերներին հասցված վնասները: Հնարավոր համարո՞ւմ եք, երբեւէ թվարկվածներից որեւէ մեկի սուբսիդավորումը դադարեցնելը եւ ո՞ր դեպքում:

-Ճիշտ է, որ զարգացած երկրներում էլ է գյուղատնտեսությունը սուբսիդավորվում: Հարցն այն է, թե ինչ ծրագրեր է սուբսիդավորում կառավարությունը, ինչ եղանակով, ինչ խնդիր է դնում եւ ինչպես է սուբսիդավորումը նպաստում նպատակային ցուցանիշների բարելավմանը: Այս հաշվետվությունը մենք գյուղատնտեսության նախարարության հետ քննարկել ենք, եւ նրանց քաղաքականության փոփոխության առաջին արձագանքները տեսնում ենք: Որոշում է կայացվել դիզվառելիքի եւ սերմացուի սուբսիդավորումը փոխարինել գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով՝ տրակտորներ եւ այլ տեխնիկա ձեռք բերել եւ օգտագործման տրամադրել գյուղացիական տնտեսություններին: Սուբսիդիայի հետ կապված մի քանի  խնդիր կա, մենք հետազոտության մեջ փորձել ենք ցույց տալ, թե որքանով է այն աղքատամետ եւ որքանով է սուբսիդիայի տրամադրման մեխանիզմը ճիշտ ընտրված: Պարզվեց, որ պարարտանյութի շուկան մեզանում ոչ մրցակցային է՝ մեկ կամ երկու ներկրողի արդյունքում էլ ներկրման գների բարձր մակարդակ: Ստացվում է, որ Վրաստանում արտադրված պարարտանյութը Ֆրանսիացի ներկրողն ավելի ցածր գնով է ներմուծել Ֆրանսիա, քանայն Վրաստանից հասցվել է Հայաստան: Ի՞նչ հարց է լուծվում պետբյուջեից պարարտանյութի սուբսիդավորմամբ: Այս ծրագիրը  գյուղտեխնիկայի լիզինգով փոխարինելու դեպքում էլ պետք է չափանիշներ ներդրվեն, ներառյալ, թե ում է տրամադրվելու այն եւ ինչ արդյունքներ ապահովելու դիմաց: Խնդիրը միայն այն չէ, որ միայն արդյունավետ ուղղությունը փոխարինվի մյուսով: Պիտի համոզված լինել, որ իսկապես պետության միջոցներն արդյունավետ են ծախսվում:

-ՀՀ-ի արտաքին պարտքն անշեղորեն աճում է եւ վերջին շրջանում հաճախակիանում են ահազանգերը, որ այն հատել է սահմանագիծը: Սակայն ֆինանսների նախարարն օրեր առաջ հայտարարեց նոր վարկեր վերցնելու մասին, քանի որ բյուջեում դեֆիցիտ կա: Միանշանակ է, որ որոշ ոլորտների համար պետությունը հարկադրված կլինի լրացուցիչ վարկեր ներգրավել, օրինակ, ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկ ոլորտների ենթակառուցվածքները պահպանելու, ասֆալտապատում իրականացնելու նպատակով եւ այլն: Ինչո՞վ է սա պայմանավորված եւ ի՞նչ է սպասվում մեր երկրին վարկային բեռը շարունակաբար ավելացնելու դեպքում:

-Պետական պարտքն այնպիսի հասկացություն է, որի մասին սահմանագծային բարձր կամ ցածր լինելով չեն դատում, այլ այն սպասարկելու կարողությամբ: Ամեն դեպքում, Հայաստանի օրենսդրությունը սահմանել է մի ճշգրտող կանոն. երբ պարտք-համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) հարաբերակցությունը 50%-ից անցնում է, կառավարությունը պարտավոր է հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը պլանավորելիս չգերազանցել նախորդ 3 տարիների ՀՆԱ-ի միջին ցուցանիշի 3%-ը: 2017թ. բյուջեն ԱԺ է ներկայացվել եւ հաստատվել արդեն այս կանոնի համաձայն, քանի որ  Կառավարությունը կանխատեսել էր, որ 2016 թ. ավարտին պետական պարտքը կհատի ՀՆԱ 50%-ը: Այսինքն, Կառավարությունն արդեն իսկ նախատեսել է զսպողական բյուջետային քաղաքականություն, որպեսզի ֆիսկալ դեֆիցիտը կառավարի ավելի կայուն մակարդակում: 2015թ. արձանագրված 4,6% դեֆիցիտի պարագայում նախատեսվում էր 2016 թ. սկսել ֆիսկալ համախմբումը, որի արդյունքում դեֆիցիտը կնվազեր մինչեւ ՀՆԱ-ի 3.5%: Բայց 2016 թ. ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակով պայմանավորված, դա հնարավոր չեղավ, որովհետեւ ցածր տնտեսական աճով, գնանկմամբ, ներմուծման գների եւ ծավալների կրճատմամբ պայմանավորված, ի վերջո շարունակվեց բյուջեի ընդլայնողական քաղաքականությունը ներքին պահանջարկի խրախուսման համար, որի արդյունքում դեֆիցիտի ավելի բարձր մակարդակ արձանագրվեց քան նախատեսվում էր եւ, հետեւաբար, ավելի շատ պարտք ներգրավվեց:

Կարծում եմ, սա մեկնաբանության հարց չէ, մեր օրենսդրությամբ սահմանված սահմանագծին հասել եւ անցել ենք, եւ Կառավարությունն էլ ճշգրտող միջոցառումներ է կատարում, որպեսզի կարողանա բյուջետային դեֆիցիտը կառավարի ավելի կայուն մակարդակում: 2017-ին պլանավորված ՀՆԱ 2,7% դեֆիցիտը եւս ֆինանսավորում է պահանջում եւ հետեւաբար հանգեցնելու է պարտքի բեռի հետագա ավելացման: 2017թ. ավարտին սպասվում է, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 55%-ից կաճի 57%-ի: Սակայն սոսկ այդ թվերը դեռեւս որեւէ բան չեն նշանակում: Պարտքի բեռն, ըստ էության  կախված է նրանից, թե տվյալ երկիրն ինչպիսի կարողություն ունի պետական պարտքը սպասարկելու: Օրինակ, Ճապոնիայի պարտքը 200% է ՀՆԱ-ի նկատմամբ, բայց որեւէ մեկի մտքով չի անցնում, որ Ճապոնիան հնարավոր դեֆոլտի առաջ է կամ պարտքի խնդիր ունի: Ճապոնիան մեծ տնտեսություն ունի, արտահանման մեծ ծավալ եւ նրա համար պետական պարտք սպասարկելը խնդիր չէ: Բայց Հայաստանի պարագայում այլ է: 2005-2016 թթ. արտաքին պարտքի սպասարկումը՝ տոկոսների վերադարձը եւ ամորտիզացիան (վարկի հիմնական գումարի վերադարձը) միասին աճել է 3.7 անգամ, իսկ երկրի արտահանումն աճել է ընդամենը 2,3 անգամ: Արտահանումը երկրի արտարժույթ աշխատելու կարողությունն է: Եթե արտաքին պարտքի աճի համեմատ բավարար արտարժույթ չի ապահովում երկրի արտահանումը՝ այն սպասարկվում է նախկինում կուտակված ռեզերվների հաշվին, ինչը բերում է երկրի արժույթի արժեզրկման: 2014-16 թթ. Հայաստանի  տնտեսությունն ընդլայնվել է 7.3%, իսկ նույն ժամանակահատվածում պետական պարտքն աճել է 30%-ով: Եթե երկրի պետական պարտքի աճի տեմպն առաջանցիկ է տնտեսական աճի տեմպից, դա արդեն անկայուն պարտք վերցնելու քաղաքականության ահազանգ է:

Հայաստանի օրենսդրությունը սահմանում է պետական պարտքի երկու շեմ. ՀՆԱ 50%-ից հետո աշխատում է այն նորմը, որի մասին ասացի, իսկ 60%-ից հետո արդեն ընդհանրապես արգելվում է նոր պարտք առաջացնելը: Ներկա իրավիճակում դեռ ՀՆԱ 60%-ի սահմանագիծը չի հատվել, սակայն նախընտրելի է ֆիսկալ քաղաքականությունը պլանավորել այնպես, որ ոչ միայն չհատել սահմանագիծը, այլեւ «նեղ օրվա» պաշար ձեւավորել:

Ոլորտային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում բոլոր ոլորտները թերֆինանսավովում են բյուջեից: Ճանապարհային ցանցը, չնայած  ֆինանսավորման ընթացիկ ծավալներին,  պահանջարկի համեմատությամբ զգալիորեն պակաս ֆինանսական ռեսուրսներ է ստանում: Նույնը վերաբերում է նաեւ սոցիալական ոլորտին՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանության եւ այլն, պետական ֆինանսների կրիտիկական մակարդակի են, եւ դրանք հնարավոր չէ կրճատել առանց վատացնելու այդ համակարգերի ենթակառուցվածքները: Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանում Հայաստանը միայն Տաջիկստանից է առաջ բյուջեից կատարվող ոլորտային հատկացումների մակարդակով: Ինչպես նշվում է մեր հաշվետվությունում, կրթության եւ առողջապահության ոլորտների համար Հայաստանում շատ կարեւոր դերակատարում ունեն  մասնավոր ծախսերը: Երբ պետական բյուջեի հնարավորությունները մակրոտեսանկյունից սահմանափակված են, բայց պետական ծախսերի կրճատումն էլ կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել, այս իրավիճակում պետք է ներդնել ինովացիոն՝ պետական պարտք չառաջացնող ֆինանսավորման մեխանիզմներ: Հնարավոր տարբերակներից է մասնավոր-պետական համագործակցությունը, հստակեցնելով, թե՛ մասնավոր ներդրողի, թե՛ պետական կառավարման մարմնի լիազորությունների եւ իրավունքների շրջանակը: Սակայն, այս համագործակցությունը հենց այնպես հայտարարելով չէ: Դա աշխատում է, երբ երկիրը համապատասխան օրենսդրական դաշտ է ստեղծում եւ պրոֆեսիոնալ կարգավորիչ ինստիտուտներ է ձեւավորում, որպեսզի ներդրողների շրջանում վստահություն լինի:

Մեկնաբանություններ (1)

վախթանգ սիրադեղյան
Եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պարտք վերցնել բյուջեի դեֆիցիտը փակելու համար, ապա կառաջարկեի այդ պարտքը վերցնել զուտ պետական ներքին պարտատոմսերից՝ փոխարժեքային խնդիրներից խուսափելու համար, իսկ պարտատոմսերի ծախսերը փակելու համար ներգրավել ՀՀ ԿԲ շահույթը՝ համապատասխան փոփոխություն կատարելով ԿԲ-ի մասին օրենքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter