HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ապրիլի 2-ի ընտրություններում ամենից շատ թեկնածուներ առաջադրվել են Կոտայքից

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և 4 դաշինք։

Այսօր կայացած ասուլիսին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, վերլուծելով ԿԸՀ ներկայացված կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերը, հայտնեց, որ համապետական ցուցակներով ներկայացված է 1539 թեկնածու։ Տարածքային ընտրական ցուցակներում բոլոր կուսակցությունների կողմից ներկայացված թեկնածուների թիվը 1191 է։

Ըստ ԿԸՀ ներկայացված ցուցակների տվյալների՝ տարածքային ընտրական ցուցակներով ամենից շատ թեկնածուներ առաջադրվել են Կոտայքի մարզում՝ 110, իսկ ամենաքիչ քանակությամբ Արագածոտնի և Տավուշի մարզերում՝ 60-ական թեկնածու:

Անդրադառնալով ընտրատեղամասերում տեղադրվելիք 1500 տեսանկարահանող սարքերի գործարկմանը՝ Մուկուչյանն ասաց, որ իրենց համար միևնույնն է, թե հանրապետության որ 1500 ընտրատեղամասերում կտեղադրվեն ուղիղ եթեր ապահովող այդ սարքերը։ Միայն ընդգծեց, որ որքանով իրենց տեղեկացրել են՝ տեսանկարահանող սարքերի տեղադրման համար հիմք է հանդիսանալու ընտրատեղամասում ուղիղ եթերի ապահովման հանգամանքը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հավաստեց, որ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների վերահսկման և քվեարկության կազմակերպման համար նախատեսված սարքավորումների աշխատանքներում խնդիրներ և թերություններ չեն լինի։

Ընտրությունների օրվա փոփոխության առնչությամբ Հարությունյանը հստակ որևէ բան չասաց, միայն հիշեցրեց նախագահի այն հայտարարությունը, որ երբ պարզ դառնան ընտրություններին մասնակցող դաշինքները և կուսակցությունները, նրանց հետ քննարկմամբ կհստակեցվի օրվա փոփոխության անհրաժեշտությունը։

Աշխատակազմի ղեկավար-նախարարը նաև հայտնեց, որ այս պահին պետք է զբաղվեն 120 դասախոսների նախապատրաստությամբ, քանի որ նրանք դասավանդելու են այն 6000 մասնագետներին, ովքեր ընտրություների օրը աշխատելու են ընտրատեղամասերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter