HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղորդում՝ ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու մասին

Գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման ենթարկված մի խումբ անձանցից Թովմաս Կ.-ն, Էդգար Կ.-ն և Արևիկ Գ.-ն Հատուկ քննչական ծառայությունում նույնաբովանդակ հաղորդումներ են տվել հիշյալ բաժնի ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման, խոշտանգման և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է երեք քրեական գործ, որոնք միացվել և քննվում են մեկ վարույթում: Այս մասին հաղորդում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Թովմաս Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցներն իրեն 23.11.2016թ. առավոտյան բերման են ենթակել բաժին և ապօրինի պահել մինչև երեկո: Այդ ընթացքում ոստիկանները Թովմաս Կ.-ին պարբերաբար ծեծի են ենթարկել ձեռքերով, ոտքերով և մահակներով` հարկադրելով խոստովանել, որ ինքը Արտյոմ Հ.-ի հետ բնակարանային գողություն է կատարել: Այնուհետև ոստիկանության աշխատակիցներն արձանագրություն են կազմել, որի մեջ կեղծ տեղեկություններ են ներառել Թովմաս Կ.-ին բերման ենթարկելու ժամի վերաբերյալ:

Բազմադրվագ գողություններ կատարելու մեջ կասկածվող Էդգար Կ.-ի հաղորդման համաձայն` վերջինիս նկատմամբ նույնպես բռնություն է գործադրվել ոստիկանության նույն ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից: Ըստ Էդգար Կ.-ի` ոստիկանները ծեծի, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող սպառնալիքների միջոցով ստիպել են ընդունել իր կողմից չկատարված ՀՀ Շիրակի մարզի մեկ այլ բնակարանային գողության դեպքը:

Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել նաև Էդգար Կ.-ի մայրը` Գյումրի քաղաքի բնակչուհի Արևիկ Գ.-ն, ով նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և այնտեղ անօրինական պահվել 14 ժամ: Այդ ընթացքում բաժնի պետի տեղակալը, որդուն արգելանքից ազատելու պայմանով, Արևիկ Գ.-ից պահանջել է նշված դեպքով հարուցված քրեական գործով տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, որոնք այնուհետև արձանագրել է քննիչը:

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, խոշտանգում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 309.1-րդ և 314-րդ հոդվածների տարբեր մասերով: 

Մեկնաբանություններ (1)

Վալյա
մենթ եղել են,մենթ էլ մնացել են:Ոստիկան չդարձան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter