HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հայկ Ալումյան. «Եվրոպական դատարանը Շիրխանյանի գործով երկրորդ նամակն է ուղարկել կառավարություն»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վահան Շիրխանյանի վերաբերյալ երկրորդ հարցումն է ուղարկել Հայաստանի կառավարություն. այս անգամ ՄԻԵԴ-ը պարզաբանումներ է պահանջում, թե ինչու փետրվարի 11-ին փաստաբան Հայկ Ալումյանին չի թույլատրվել տեսակցել իր պաշտպանյալին:

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանը առողջական վիճակի և կալանքի վերաբերյալ Շիրխանյանի գանգատը վարույթ էր ընդունել և փետրվարի 9-ին կառավարությանը հարցեր ուղղել: Փետրվարի 11-ին Ալումյանն այցելել էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ իր պաշտպանյալին տալու ՄԻԵԴ-ի կողմից կառավարությանն ուղղված հարցերը, սակայն ՔԿՀ աշխատակիցները պաշտպանին թույլ չէին տվել այցելել խուց, որում պահվում է Շիրխանյանը:

«Երբ ես փետրվարի 11-ին Եվրոպական դատարանի նամակը տարա ՔԿՀ և սպասում էի, որպեսզի Շիրխանյանին տեսակցեմ, նրան ներկայացնելու փոխարեն նամակ տվեցին, որում իմ պաշտպանյալը գրել էր, որ իր առողջական վիճակն այլևս իրեն փաստաբանի հետ տեսակցելու հնարավորություն չի տալիս»,- պատմեց Ալումյանը՝ նշելով, որ ինքը վերը նշված նամակից հետո անմիջապես գրավոր միջնորդություն է ներկայացրել, որպեսզի իրեն հնարավորություն տան պաշտպանյալին խցում տեսակցել, ինչը մերժվել է: ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են նաև Շիրխանյանին հանձնել ՄԻԵԴ-ի հարցերը պարունակող փաստաթուղթը:

«Ինձ ոչ միայն մերժեցին, այլև «չար կատակ» արեցին. ասացին`տարեք ընդունարան, էնտեղ պատուհանից հանձնեք մեզ. այսինքն, անձը՝ քրեակատարողական հիմնարկում կանգնած, ասում է`տարեք ու ընդունարանի պատուհանից հանձնեք մեզ, ըստ որում՝ դա անում է այն դեպքում, երբ գիտի, որ օրը շաբաթ է, և ընդունարանն առհասարակ չի աշխատում»,- իր զայրույթն արտահայտեց Ալումյանն ու նշեց, որ դեպքից անմիջապես հետո ՄԻԵԴ-ին տեղյակ է պահել, որ ինքը չի  կարողացել տեսակցել Շիրխանյանին, որից հետո՝ փետրվարի 13-ին, դատարանից կառավարություն է ուղարկվել երկրորդ նամակը:

Նշենք, որ փետրվարի 11-ին, երբ ՔԿՀ աշխատակիցները գնացել են, որպեսզի Ալումյանի հետ տեսակցելու տանեն Շիրխանյանին, վերջինս, ըստ փաստաբանի պատմածի, ցանկացել է մահճակալից իջնել, բայց չի կարողացել, այդ մասին հայտնել է ՔԿՀ աշխատակիցներին, գրավոր դիմել`խնդրելով թույլ տալ փաստաբանն այցելի  խուց, սակայն նրա դիմումը ևս մերժվել է:

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարցմանը պատասխանելու համար սեղմ ժամկետ է տվել՝  մինչև փետրվարի 22-ը:

Եվրոպական դատարանը կառավարությունից պահանջել է ոչ միայն որոշակի հարցերի պատասխաններ, այլ Շիրխանյանի բժշկական բոլոր փաստաթղթերը: Ալումյանի խոսքով՝ կառավարությունը ՄԻԵԴ-ին ստիպված կլինի ուղարկել Շիրխանյանի հիվանդության պատմության այն բոլոր մանրամասները, որոնք  ինքն արդեն տևական ժամանակ չի կարողանամ ստանալ, քանի որ քրեակատարողական հիմնարկը տարբեր պատճառաբանություններով մերժում է տրամադրել:

«Իրենք երևի կամաչեն Եվրոպական դատարան ուղարկել կատակերգության  հասնող այն մտքերը, որոնք հայտնել են այդ փաստաթղթերի տրամադրումը մերժելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանների մեջ: Այդ փաստաթղթերն ամբողջությամբ չունենալու հանգամանքը մեզ համար լուրջ խնդիր է  առաջացնում, որպեսզի կարողանանք պատճառաբանված կերպով հերքել քրեակատարողական հիմնարկի գրությունները»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ ինքն, օրինակ, հայտնաբերել է, որ մեկ տարի շարունակ Շիրխանյանին միմյանց հետ անհամատեղելի 6 դեղ են տվել, մինչդեռ քրեակատարողական հիմնարկը պնդում է, թե բժիշկը հետևել է, որ կալանավորը դրանք նույն օրվա ընթացքում չընդունի:

«Նրանք ստում են, նրանք այդ դեղերի`անհամատեղելի լինելու հանգամանքի մասին  իմ գրությունից են իմացել: Այդ սուտն ապացուցելու համար մեզ անհրաժեշտ են բժշկական անկետաները, որոնցում գրված է, թե ամեն օր ինչ դեղեր է ընդունել Շիրխանյանը»,- օրինակ բերեց փաստաբանը՝ պնդելով, որ իր պաշտպանյալն  այդ անհամատեղելի դեղերն ընդունել է մեկ տարի շարունակ:

Նշենք, որ ՄԻԵԴ-ի՝ կառավարության ուղղված հարցերից մեկը վերաբերում է Շիրխանյանին «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուն. Եվրոպական դատարանն ուզում է հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված Շիրխանյանին տեղափոխելու անհրաժեշտությունը: ՄԻԵԴ-ի նամակից հետո երեկ քրեակատարողական վարչությունից Հայկ Ալումյանին տեղեկացրել են, որ իր պաշտպանյալին տեղափոխելու հիմքեր չկան:

ՄԻԵԴ-ը հարցրել է նաև, թե Շիրխանյանն ի՞նչ առողջական վիճակում է գտնվում, ինչ բժշկական օգնություն է ներկայում ստանում, որքանո՞վ է Շիրխանյանի`ներկայում ստացած բուժումը համապատասխանում նրա առողջական վիճակին, արդյոք  նա հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունի՞:  Հետաքրքրվել է նաև այն հանգամանքով, որ կալանավորի կարգավիճակում գտնվող Շիրխանյանը վիրահատությունից երեք օր անց տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ`սովորական խուց:

Ալումյանի խոսքով՝ կարևոր է նաև ՄԻԵԴ-ի հարցադրումը`կապված Շիրխանյանի խնամքի հետ:

«Հայտնի է, որ պարոն Շիրխանյանը խնամքի կարիք ունի. ֆիզիակական խնդիրների պատճառով նա հագնվելու, լվացվելու, լոգանքի սենյակ գնալու և լոգանք ընդունելու, ինչպես նաև այլ խնդիրներ ունի: ՄԻԵԴ-ը հետաքրքրվել է,  թե ո՞նց է իրականացվում օգնությունը»,- ասաց Ալումյանը՝ ընդգծելով, որ բացի խցակիցներից՝ ոչ ոք նրան չի օգնում, այն դեպքում, երբ պետությունը պիտի ապահովի կալանավորի խնամքի պայմանները:

 «Պետությունն է շահագրգռված, որ Շիրխանյանին պահի կալանքի տակ. ինքը՝ Շիրխանյանն այդ մասին չի խնդրել և այս պահի դրությամբ մեղավոր չէ  որևէ հանցանքի կատարման մեջ: Եթե պետությունն արգելանքի է վերցրել անձին, ուրեմն պիտի բոլոր պայմանները ստեղծի, որպեսզի այդ մարդն արգելանքից հնարավորինս քիչ տուժի, իսկ մենք տեսնում ենք, որ կալանավորվելու ժամանակվա համեմատ Շիրխանյանի առողջական վիճակն այսօր վատթարացել է»,-ընդգծեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը փետրվարի 11-ից հետո Շիրխանյանին տեսակցել ու տվել է ՄԻԵԴ-ի հարցերը՝ ուղղված կառավարությանը: Ասում է՝ Շիրխանյանը շատ երկար էր սպասել դրան:

«Երևի այս ամբողջ ընթացքում առաջին անգամ ինչ-որ լավ լուր լսեց... արձագանքն էլ դրան համապատասխան ձևով էր: Հուսով եմ, որ սա վերջին լավ լուրը չի լինի»,- հույս հայտնեց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը մեղադրվում է «Նորքի զինված խմբի» գործով:  Ըստ մեղադրանքի` Շիրխանյանը մասնակցել է Արթուր Վարդանյանի ստեղծած ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում:

Այսօր այս գործով հերթական անգամ հետաձգվել է դատական նիստը. պաշտպաններից մեկը դատարան գրություն է ուղարկել`հայտնելով, որ արձակուրդի մեջ է: Իսկ մինչ այս նշանակված բոլոր դատական նիստերը հետաձգվել են, քանի որ Շիրխանյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի ու առանց պատգարակի դատարան ներկայանալ չի կարող: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter