HY RU EN

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն քննարկում է Ալավերդու պղնձաձուլարանի վերակառուցման ծրագիրը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերակառուցման ծրագրի շրջանակներում օրերս «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերություն են այցելել Ռուսաստանի Դաշնության «Գիպրոգազամաքրում» բաժնետիրական ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Էնֆի» ընկերության աշխատանքային խմբերը: Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ օտարերկրյա աշխատանքային խմբերի այցի նպատակը Ալավերդու   պղնձաձուլարանում մաքուր արտադրություն ստանալն ու բնապահպանական մի շարք խնդիրներ լուծելն է: Պաշտոնական իր հաղորդագրության մեջ ընկերությունը հայտնում է, որ  հանդիպմանը ներկա են եղել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Լուսինե Մեջլումյանը և խմբի մեջ մտնող ընկերությունների պատասխանատու այլ  աշխատողներ: Պղնձաձուլական գործարանի վերակառուցման շրջանակներում Ալավերդու վարչական տարածքում նոր պղնձաձուլարան կառուցելու ծրագրի քննարկմանը Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը չի  հրավիրվել: «Ոչ, ես տեղյակ չեմ եղել այդ քննարկմանը»,-հայտնեց քաղաքապետը:

Փետրվարի 15-ի հանդիպմանը Չինաստանի և Ռուսաստանի  ներկայացուցիչներից յուրաքանչյուրը ներկայացրել է տարրական ծծմբի ստացման իր առաջարկած տեխնոլոգիաները: «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ գործադիր վարչության փոխնախագահ Սահակ Արզումանյանի հավաստմամբ՝ պղնձաձուլարանի վերակառուցման ուղղությամբ առաջարկված երկու տարբերակներն էլ  համապատասխանում են  Հայաստանի բնապահպանական և տեխնիկական  անվտանգության չափորոշիչներին: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում ծծմբաթթվի սպառման շուկա չկա, և նախագծողներին առաջարկվել է ներկայացնել այլընտրանք: «Հիմա  պետք է կողմնորոշվենք, երկուսն էլ ոնց որ թե նորմալ առաջարկներ են, բայց ռուսականը ինչ-որ մի տեղ մետալուրգիական գազերից ստացված էլեմենտար սերա ունի, ինչ-որ մի փոքր փորձ, Նարիցկի կոմբինատում արված իրենց աշխատանքներն են:  Չինացիները դեռևս մետալուրգիական գործարանների հետ  կապված փորձ չունեն: Այսինքն՝ Ռուսաստանում միայն Նարիցկի կոմբինատն է, իսկ Չինաստանում չկա: Բայց դա ոնց որ թե էդպես խոչընդոտ չէ, որպեսզի մենք դրան հասնենք»,-ասել է Ս. Արզումանյանը:

«Հետքը» Փետրվարի 15-ին «Վալլեքս»խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից գրավոր տեղեկություններ է խնդրել չինացի և ռուս գործընկերների հետ ընկերության քննարկումների և հեռանկարների մասին: «Հայ-չինական համատեղ նախագիծը ենթադրում է նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած պղնձաձուլարանի կառուցում՝ տարեկան 100 000 տոննա ռաֆինացված պղինձ արտադրողականությամբ: Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 450 մլն դոլար` ծծմբի արտադրության պարագայում: Ներկա պահին չինական և ռուսական նախագծային ինստիտուտները պատրաստում են նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը: Ինչպես նաև նախագծվում է նոր գործարանի տարբեր շինությունների տեղակայման դիրքը: Ծրագրի իրագործումը իր հերթին բերելու է աշխատատեղերի ավելացման և քաղաքի ենթակառուցվածքների աշխատանքի աշխուժացման»,-հայտնել են «Վալլեքս»-ի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հարցին, թե «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ինչպե՞ս է վերաբերվում պղնձաձուլական գործարանը նոր տեխնոլոգիաներով  վերազինելու կառավարության պահանջին, «Վալեքս»-ից պատասխանել են. « Դրական: Եվ հայ-չինական ակնկալվող համագործակցությունը հենց դրա ապացույցն է»:

Հիշեցնենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը 2016թ. սեպտեմբերի 23-ին խնդրել է կառավարությանը ևս 5 տարով երկարաձգել Ալավերդու պղնձաձուլական գործարանի անթույլատրելի արտանետումները: Այս տարվա փետրվարի 3-ին «Հետքին» տված հարցազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասել էր. «Մենք մի քանի քննարկում ենք իրականացրել և եկել ենք այն համոզման, որ այս պահին դրա իրավասությունը չունենք: Ավելին, դա չունի նաև կառավարությունը, որովհետև ընկերությանը տրված է եղել պղնձաձուլական գործարանի տեխնոլոգիաները արդիականացնելու և արտանետումները նվազեցնելու հնարավորություն: Եթե ընկերությանը դա չի հաջողվել, ապա հարցի լուծումը այլևս գործադիր մարմնի իրավասությունից դուրս է: Այդ հարցը կարող է լուծվել միայն օրենսդիր մարմնում, մասնավորապես՝ այն դեպքում, եթե հստակ օրենքում նախատեսված երաշխիքներ լինեն, որ ներդրվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Ի վերջո, որպես բնապահպանության նախարար ինձ չեն հետաքրքրում նրանց բնապահպանական և բնօգտագործման վճարները: Ավելի լավ է էդ վճարները չտան, բայց կիրառեն ժամանակակից նորմալ տեխնոլոգիաներ: Եթե ի վիճակի չեն փոխել տեխնոլոգիաները, առաջարկվել է ներկայացնել շատ ավելի հիմնարար՝ պղնձաձուլարանի կառուցման ծրագիր: Երբ կներկայացվի համարժեք ներդրումային ծրագիր, որը թույլ կտա հարցը հիմնարար ձեւով լուծել, այն ժամանակ օրենսդիր մարմինը այս հարցը կարող է քննարկել»: Նախարար Արծվիկ Մինասյանը «Հետքին» նաև հայտնել է, որ սահմանված նորմերի չափաքանակների ժամկետները ավարտվելուց հետո ցանկացած արտանետման համար ընկերությունը մեծ ֆինանսական տույժերի կենթարկվի: