HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա» հ/ը ներկայացուցիչ. «Լրատվամիջոցը նպատակ չի հետապնդել արատավորելու Ժիրայր Սեֆիլյանի պատիվն ու արժանապատվությունը»

Ամալյա Մարգարյան

Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ Արմենիա հեռուստաընկերության» գործով դատական նիստի ընթացքում «Արմենիա» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանն ասաց, որ հայցվոր կողմը բավարար ապացույցներ չի ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ տարածված զրպարտության ու վիրավորանքի վերաբերյալ։ Ներկայացուցիչը նշեց նաև, որ հայցադիմումում նշված չէ՝ հաղորդման ընթացքում հնչած խոսքերն ինչո՞վ են վարկաբեկում Սեֆիլյանի պատիվն ու արժանապատվությունը։

«Հաղորդավարը որակական գնահատական էր տալիս Գալուստ Սիմոնյանի նշած փաստական հանգամանքին, ոչ թե փաստին, որը ենթակա չէ ապացուցման։ Հաղորդավարի ասածը փաստական տվյալ չէ, արտահայտությունը արատավորող չէ, իսկ հաղորդումն ուղղված չի եղել կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանին»,-ասաց «Արմենիա» հեռուստաընկերության ներկայացուցիչը։

Հերմինե Հովսեփյանը հավելեց, որ դիտավորյալ որևէ զրպարտություն չի տարածվել, իսկ հաղորդավարի և լրագրողների մեկնաբանությունները տեսանյութում ներկայացված մարդկանց հայտարարությունների հիման վրա է եղել, ուստի «Արմենիա» հեռուստաընկերությունը դրանց համար պատասխանատվություն չի կրում։

«Լրատվամիջոցը նպատակ չի հետապնդել արատավորելու հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, որը զրպարտության և վիրավորանքի անհրաժեշտ տարրերն են, ուստի հայցը ենթակա է մերժման»,-ելույթը եզրափակեց հեռուստաընկերության ներկայացուցիչը։

Նիստի ընթացքում վկայությամբ հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարության ընթացքում ծառայակից զինվոր Անդրանիկ Ներսիսյանը, որը ցուցմունքում նշեց, որ Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հունիսի 12-ի հերթական հաղորդման ժամանակ` «Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով, արատավորվել է ոչ միայն Սեֆիլյանի համբավը, այլև՝ իր։ «Ես ինքս վիրավորված եմ որպես ազատամարտիկ, որովհետև, երբ ազատամարտիկ հրամանատարի մասին նմանատիպ հաղորդումներ են տալիս, ես, իմ մարտական բոլոր ընկերներն էլ վրդովվում ենք,-նշեց վկան, ապա ավելացրեց,-ես շատ կուզենայի, որ մեր շատ հրամանատարներ նմանվեին Ժիրայր Սեֆիլյանին, ով ի տարբերություն այլ հրամանատարների՝ զինվորների առջեւից էր գնում, և բոլորը տեսնում էին, ուստի պատահական չէր նրա վիրավորված լինելը։ Ինքն իր անձնական փորձով զինվորիներին փորձում էր ոգեշնչել, կազմապնդել»։

Վկան ասաց, որ այդ ժամանակ ճակատի հրամանատարը եղել է Աշոտ Ղուլյանը՝ Բեկորը, իսկ Ժիրայր Սեֆիլյանը եղել է վերջինիս տեղեկալը։ Գործողության ընթացքում ունեցել են երկու ձի, որոնք զինամթերքն են փոխադրել։ Ականի պայթյունից հետո վիրավորվել է նաև Ժիրայր Սեֆիլյանը՝ ազդրի շրջանում։ Վկան նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանին ինքը տղաներից մեկի հետ տեղափոխել է անտառ։ «Ժիրայրը քանի որ ազդրի մասից էր վիրավորված, ձիու վրա նստել հնարավոր չէր լինի։ Ժիրայրի միակ խնդրանքը եղել է այն, որ որևէ վիրավորի չթողնենք»,-ավելացրեց Անդրանիկ Ներսիսյանը։

Ապա նշեց, որ իրենց ուղեկցող հետախուզական խմբի ղեկավար Արարատ Սարգսյանը չի վերադարձել, մարտակից ընկերներն ասել են, թե մահացել է, քանի որ բերանից արյուն է եկել, չի շնչել։ Մարտական ընկերները նրան ճյուղերով ծածկել են, որպեսզի հետագայում գան թաղեն, քանի որ «»դիակը» հայկական գյուղում է եղել։ Սակայն, Արարատ Սարգսյանը չի մահացել, վերադարձել է։

Հիշեցնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հերթական հաղորդմանը ներկայացվել է մի դեպք, որտեղ Սեֆիլյանը իբր ռազմի դաշտում թողել է նռնակի պայթյունից ենթադրաբար մահացած զինվորի, իսկ ինքը նստել 2 ձիերից մեկը և հեռացել: Այս մասին հայցադիմումի մեջ ներկայացրել էր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Հաղորդման ընթացքում Արարատ Սարգսյանն է նաև ներկայացնում դեպքը։

Երկրորդ վկա Վահան Խաչատրյանը նշեց, որ հաղորդման մեջ ներկայացվածը սուտ է. «Եթե նման հայտարարություն են անում, պետք է լսել նաև Ժիրոյին, ոչ թե մի կողմին և ներկայացնել, որ Ժիրոն փախնող է։ Ընդհակառակը՝ ամբողջ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ժիրոն օրինակ է եղել՝ որպես հրամանատար, ու բոլոր զինվորների համար։ Ոչ մեկը զինվորին վիրավոր չի թողնի, սա Ժիրայրի դաստիարակությունն է»,-հայտնեց վկան։

Տիգրան Հայրապետյանը հարց ուղղեց վկային՝ Սեֆիլյանի խոսքը զինվորների մոտ կշիռ ունեցե՞լ է: Վկան պատասխանեց. «Ժիրայր Սեֆիլյանի ոչ միայն խոսքն է տեղ ունեցել, նրա շարժումը կշիռ ուներ բոլորի մոտ, իրա շարժումը բոլորի համար արդեն օրենք էր, ինչ մնաց խոսքը»։

Երրորդ վկա Ռուդիկ Խաչատրյանը նշեց, որ տեսանյութը դիտելուց հետո նկատել է, որ 25 տարի Հայաստանում չգտնվող մարդը եկել է, սկսել խոսել Ժիրայր Սեֆիլյանի մասին. «Ես խոսեցի հետը, ինձ զանգել էր, ասացի՝ 25 տարի անց գալիս ես պատերազմ անցած տղու վրա ի՞նչ ես ասում։ Ես իրան ասել եմ, որ կգաս էդ տղուց ներողություն կխնդրես։ Դրանից հետո «Արմենիա» հեռուստաընկերությունը չշարունակեց հաղորդման շարունակությունը»։

Դատական նիստից առաջ մենք զրուցեցինք նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի, «Սասնա ծռեր»-ի քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ, ով «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հաղթանակը շատ հայրեր ունի» հաղորդման մասին ասաց. «Վարչախմբին իր սահմանափակ ուղեղով թվում էր, թե կհաջողվի իսկական ազատամարտի իսկական հերոսներին, ովքեր չեն իջել իրենց առաջ, կարողանա վարկաբեկել։ Այդ նպատակով նրանք կազմակերպեցին «Արմենիա» հեռուստաընկերության այդ հաղորդումը։ Ես ուզում եմ նաև մեր ուշադրությունը կենտրոնացնել այն փաստի վրա, որ այդ հաղորդումը կայացավ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելուց ընդամենը օրեր առաջ։

Ենիգոմշյանը հավելեց նաև, որ հաղորդումը վարկաբեկելու ձախորդ փորձից բացի, նպատակ է հետապնդում բացասական տրամադրություն ստեղծել. «Կեղծ վկայությունների վրա հիմնված հաղորդում է, որն ապացուցված է»,-ասաց Ենիգոմշյանը։

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում կայացել է նաև Ժ. Սեֆիլյանի կալանքի երկարացման դատական նիստը: Փաստաբան Տիգրան Հայրապետյանի հաղորդմամբ՝ կալանքի ՝որպես խափանման միջոցի կիրառումը ևս երկու ամսով երկարացվել է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter