Ստեղծվել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ
Գործադիրն այսօրվա որոշմամբ հիմնադրել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ, ՀՀ բնապահպանության նախարարությանը լիազորել ՀՀ անունից հանդես գալ հիմնադրամում, նշանակել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հաստատել հիմնադրամի կանոնադրությունը, հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը։
Իրավական ակտի նպատակն է աջակցել Սևանա լճի' որպես Հայաստանի քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանի վերականգնմանը, վերարտադրությանը, պահպանմանը, բնականոն զարգացմանը և օգտագործմանը։ Գործադիրը որոշել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում, 1905 մետր բացարձակ նիշից ցածր ընկած հատվածում Սևան համայնքի վարչական սահմանում գտնվող տարածքից հողամաս տրամադրել հանրային լողափերի կազմակերպման համար։
Այդ նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 66000.0 հազար դրամ։ Հանրային լողափերի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի կազմակերպմանը։ «Սա այն որոշումն է, որ մենք ընդունեցինք ՀՀ Նախագահի հանձնարարականով, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Հայաստանի քաղաքացիները պետք է կարողանան հանգստանալ Սևանում և անվճար օգտվել լողափերից։ Մեր հատկացրած գումարով լողափերը կարգի կբերվեն և քաղաքացիների համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ»։
Լուս.` flickr-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել