
Երեխաների կուռքը հաստ գլխով, բութ հայացքով և ոչինչ չարտահայտող դեմքով «ախրաննի՞կն» է
«Հայաստանում «ախրանան» հետապնդում է մեկ նպատակ՝ ցույց տալ համապատասխան սուբյեկտի հզորությունը, ցույց տալ նրա «թագավոր» լինելը: «Ախրանա» ունենալը պրեստիժ է, ապրելակերպ է: Ինչպես նաև պրեստիժ կարող է համարվել պատգամավորական մանդատը կամ ակադեմիկոսի կոչումը գնելը»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Այսօր պատգամավորներն ակտիվորեն քննարկում են «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրինագիծը։ Ըստ նախագծի՝ պաշտպանվող յուրաքանչյուր անձի կարող է ուղեկցել միայն մեկ տրանսպորտային միջոց և մինչև 3 թիկնապահ:
Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ սա այն դեպքն է, երբ չգրված օրենքներն ավելի զորեղ են, քան գրվածները: «Եթե սահմանափակեք, որ իքս անձնավորությունը 3 «ախրաննիկից» ավելի չի կարող ունենալ, ապա կպարզվի, որ մնացած «ախրաննիկները» նրան խորհուրդներ տվողներն են, օգնականներն են, ավելի քաղաքակիրթ տերմիններ օգտագործեմ՝ նրա ռեֆերենտներն են»,- ասում է պատգամավորը:
Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, եթե սահմանափակվի նաև թիկնապահների ավտոմեքենաների թիվը, ապա նրանք կարող են այնպիսի հսկայկան ջիփ կամ բրաբուս վարձակալել, որի մեջ կարող է նստել, ասենք, 100 մարդ:
Վիկտոր Դալլաքյանը մտահոգված էր նաև նրանով, որ Հայաստանում արատավոր պրակտիկա է դարձել թիկնապահներին քաղաքական նպատակներով օգտագործելը: «Զինված բանդաները, սափրագլուխները օգտագործվում են ընտրությունների ժամանակ և այլ քաղաքական նպատակներով: Այս երևույթը պետության համար դիտում եմ չափազանց վտանգավոր»,- ավելացրեց Վ. Դալլաքյանը:
Նա անդրադարձով նաև երիտասարդների արժեհամակարգին: Ըստ պատգամավորի՝ երբ ժամանակին դպրոցականներին հարցնում էիր, թե ինչ են ցանկանում դառնալ, հետաքրքիր պատասխաններ էին տալիս՝ ուսուցիչ, նկարիչ, զինվորական: «Եթե երեխաներին հիմա նման հարց տաք, ապա նրանց «կումիռը» հաստ գլխով, բութ հայացքով և ոչինչ չարտահայտող դեմքով «ախրաննիկն» է: Սա է այսօրվա արժեհամակարգի խաթարման ցուցանիշը»,- ասաց Վ. Դալլաքյանը:
Մեկնաբանել