Արմեն Աշոտյան. «Տնտեսագիտական նորարարական կադրերի պահանջարկը մեծ է»
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Բիզնես գրավչության իմ բանաձևը» խորագրով ուսանողական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: Առաջին երեք տեղը զբաղեցրած ուսանողներին նախարար Արմեն Աշոտյանը հանձնել է պարգևներ, իսկ լավագույն մյուս մասնակիցներին' հավաստագրեր:
«Բիզնես գրավչության իմ բանաձևը» մրցույթին ներկայացված 40 հայտից ժյուրին խրախուսանքի է արժանացրել 7-ը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ֆինանսների նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից և Կենտրոնական բանկից:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանում տնտեսագիտական կրթությունը բարեփոխումների կարիք ունի: «Տնտեսագիտական նորարարական կադրերի պահանջարկը մեծ է, և այստեղ կրթության ոլորտը մասնավոր հատվածի ուշադրության անհրաժեշտություն ունի: «Բիզնես գրավչության իմ բանաձևը» խորագրով մրցույթը նպատակ ուներ հայտնաբերել պրպտող, նորարար ուսանողների, ովքեր կարող են նոր գաղափարներ ներկայացնել»,- ասել է նա:
Արմեն Աշոտյանը կարևորել է Finance.am պորտալի նախաձեռնությունը՝ նշելով, որ լավագույն ուսանողներին խրախուսելու քաղաքականություն պետք է շարունակվի: «Նման մրցույթները ցույց են տալիս, որ շատ լավ ուսանողներ կան, պարզապես մենք նրանց երբեմն չենք փնտրում ու գտնում»,- ասել է նախարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել