
Արտաշարի դպրոցի աշակերտները թունավորվել են վառարանի անսարքության պատճառով
Այսօր՝ 11։00-ի սահմաններում, «Մեծամոր»-ի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արմավիրի մարզի Արտաշար համայնքի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի 8 անչափահաս աշակերտներ։
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Վանյանը, 8 աշկերտներից երեքն օգնության կարիք չեն ունեցել, իսկ մնացած հինգի առողջական վիճակը թեև բավարար է եղել, բայց և տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ թթվածնային սարք և կաթիլային միացնելով։
«Սկզբում ահազանգը ստացել ենք՝ որպես շմոլ գազից թունավորում, սակայն այն եղել է վառարանի արգասիքի թունավորում։ Այսինքն՝ վառարանի անսարքության պատճառով է դեպքը տեղի ունեցել»,-ասաց տնօրենը:
Այս պահին 8 աշակերտներն էլ տուն են գնացել՝ բավարար առողջական վիճակով։
Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ դեպքից տեղեկություն չունեն, քանի որ պատահարի մասին ահազանգ չեն ստացել։
Մեկնաբանել