Տիգրան Սարգսյանը՝ Շտեֆան Ֆյուլեին. «Մենք իրականացնում ենք լուրջ և հավակնոտ բարեփոխումների ծրագիր»
Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Քննարկումների առանցքում եղել են Հայաստանում իրականացվող բարեփոխումները և համատեղ ծրագրերը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները:
«Մենք իրականացնում ենք լուրջ և հավակնոտ բարեփոխումների ծրագիր: Օրինակ' երեկ հանրության դատին ներկայացրինք արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգը, որն իրականացնում ենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ: Այն քննարկեցինք քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ բաց խորհրդակցության ձևաչափով: Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը' խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
«Կարծում եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանք ենք կատարում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում»,- ասել է Շտեֆան Ֆյուլեն:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի վերակառուցման խնդիրներին, այդ նպատակով Հայաստանին տրամադրվելիք հնարավոր ֆինանսական օժանդակությանը:
Քննարկվել են անցագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցություններին, ԵՄ մակրոֆինանսական աջակցությանը, Հայաստանում բարեփոխումների նոր օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ օժանդակության ընդլայնման հնարավորությունները:
Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն արձանագրել են, որ առաջընթաց է գրանցվել երկկողմ քաղաքական երկխոսության ոլորտում: Զրուցակիցները նշել են, որ կա ՀՀ-ԵՄ երկխոսության նոր պլատֆորմ, որով Հայաստանը ներկայացրել է 33 ուղղությամբ միջոցառումներից կազմված բարեփոխումների նոր օրակարգը:
Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից առաջ Տիգրան Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հետ: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին անռչվող հարցեր, Թոմաշ Պորեբայի խնդրանքով ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների ուրվագիծը:
Օրվա երկրորդ կեսին սպասվում են Տիգրան Սարգսյանի հանդիպումները Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի և Եվրոպական հանձնաժողովի զարգացման և համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիայիդիսի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել