HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Նախարարի շրջաբերականը՝ «դպրոցները չքաղաքականացնել»

Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր հրապարակումից հետո, ինչպես «Հետք»-ին հայտնի դարձավ, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շրջաբերական նամակ է իջեցրել, կոչ անելով չքաղաքականացնել դպրոցները։

Կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայությունը «Հետք»-ին է տրամադրել շրջաբերականի տեքստը։ Նախարարը, ըստ այդմ, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, շրջաբերական նամակով դիմել է մարզպետներին եւ Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում:

Մեր հոդվածում նշել էինք, որ Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնը փորձում է «վերցնել» ՀՅԴ մարզային կառույցը, եւ դպրոցի կառավարման խորհրդի երկու անդամները լինելով դաշնակցական, երկու անգամ էլ բացակայել են տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, քվորում չի գրանցվել, ինչի արդյունքում՝ մրցույթը չի կայացել։ 

Իջեւան քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ ՀՅԴ մարզային կառույցը նախարարից պահանջում է նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Էդիլյանին։ ՀՅԴ գրասենյակից մեզ հասած տեղեկության համաձայն՝ արդեն նախկին տնօրեն Արմեն Խոջայանին Դաշնակցությունում համարում են Տավուշի հանրապետական մարզպետ Հովիկ Աբովյանի վստահելի անձը։ Դաշնակցականները փորձում են ամուր դիրք գրավել խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այս ամբողջ պրոցեսի նպատակը ընտրություններն են, պատգամավորական աթոռռների համար պայքարում մեծ թիմ ունենալն ու շատ քվեներ հավաքելը։

Ինչեւէ, նախարար Լեւոն Մկրտչյանը շրջաբերականում հիշեցրել է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, իսկ Ընտրական օրենսգիրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ:

Նախարարն առաջարկել է Երեւանի քաղաքապետին եւ հանրապետության մարզպետերին՝ իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմերին հանձնարարական տալ, որպեսզի, օրենքի սահմաններում, իրենց լիազորություններն իրականացնելիս բացառել նախընտրական քարոզչությունը և ցանկացած բնույթի քարոզչական նյութի տարածումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter