HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հոդվածի հետքերով. Վանաձորցի Ալիկն ապահովվեց ներառական կրթության կազմակերպման համար անրաժեշտ բոլոր պայմաններով

Գայանե Սարգսյան

2016թ.-ի նոյեմբերի 19-ին «Հետքը»  «Ներառական ու հատուկ դպրոցների արանքում» հոդվածում անդրադարձել էր Վանաձորի թիվ 6 դպրոցի երրորդ դասարանում սովորող Ալիկին, ով ներառական համարվող դպրոց հաճախելով հանդերձ, զրկված էր կույրերի համար նախատեսված հատուկ կրթության համար անհրաժեշտ բոլոր պայմաններից: Միակ բանը, որ այդ դպրոցում կարողացել էր անել Ալիկը ուսումնառության 2.5 տարիների ընթացքում, Բրալյան տառերը սովորելն էր:

Հոդվածը կարդացել, հուզվել ու բարձրաձայնված խնդրի հետքերով որոշել էր գնալ Կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Հայաստանում ներառական կրթությունը համակարգող Անահիտ Բախշյանը:

Այսօր արդեն վերջինս Վանաձորի թիվ 6 դպրոցում էր Ալիկի լիարժեք ուսուցման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու գրականությամբ:

«Ես նոյեմբերի 19-ին Հետք-ում կարդացել եմ Գայանեի հոդվածը Ալիկի մասին և տպավորվել էր այդ պատմությունը: Երբ մոտ մեկ ամիս առաջ վերապատրաստումներ իրականացնելու համար եկանք Վանաձոր, եղանք նաև թիվ 6 դպրոցում ու ես տեսա,  որ դպրոցը  չունի  այն պայմանները, որն անհրաժեշտ է Ալիկի կրթությունը կազմակերպելու համար: Պարզապես չունի, ի վիճակի չէ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Բախշյանը, հավելելով, որ անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար դիմել է բարերարների օգնությանը, ովքեր պատրաստակամորեն աջակցել են, Ալիկի համար ձեռք բերելով համակարգիչ, ձայնագրիչ, Բրալյան մեքենագրման սարք, գրականություն, հատուկ թղթեր ու տետրեր՝ նախատեսված չտեսնողների համար:

Ա. Բախշյանը չէր բավարարվել ձեռք բերածը Ալիկին փոխանցելով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ միայն Ալիկը, այլ նաև դպրոցի համապատասխան մասնագետը մասնագիտական խորհրդատվության ու աջակցության կարիք ունի, վերջինս Վանաձոր էր այցելել Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Արմինե Ղազարյանի հետ, ով ևս չի տեսնում և չտեսնող երեխաների հետ աշխատանքի մեծ փորձ ունի:

Արմինեն առաջիկա չորս օրերը կանցկացնի Վանաձորի թիվ 6 դպրոցում՝ Ալիկի ու տիֆլոմանկավարժի հետ, փոխանցելով իր փորձն ու հմտությունները:

«Մի երեխայի մենք փորձում ենք տալ այն ամենը, ինչի կարիքն ունի, որպեսզի նա կարողանա ներառվել դպրոցում, սովորել համակարգչով, Բրալյան այբուբենով ու հնարավոր բոլոր միջոցներով: Հետագայում այս երեխայի օրինակով, վստահ եմ, նաև մյուս երեխաներին ենք տալու: Սա պարզապես սկիզբն է, մոդելն է, օրինակն է:Ներառական կրթության ներդրման ու խթանման համար սա մի հիանալի օրինակ է՝ գործնական քայլ, որի հիման վրա վաղը ավելի հեշտ կլինի այս դպրոցում նոր երեխաներ ներառել»,- ասում է Ա. Ղազարյանը:

Դպրոցի մասնագետին փոխանցելիք կարևորագույնը Արմինեն համարում է հավատը առ այն, որ Ալիկն ու իր նման երեխաները կարող են արդյունքի հասնել:

«Հավատը, որ այդ երեխան կարող է  լավ սովորել, կարող է ինչ-որ բանի հասնել, որ երեխան չանտեսվի, որ չմտածեն՝ դե, կարևորը դասին ներկա է, որ պահանջեն այնպես, ինչպես բոլորից են պահանջում և տան այն ամենը, ինչը տալիս են բոլորին»:

Անդրադառնալով Հայաստանի ներառական դպրոցների ընդհանուր վիճակին, Ա. Բախշյանը բարձրաձայնում է՝ ոչ բոլոր դպրոցներն են ապահովված անհրաժեշտ պայմաններով:

«Շատ լավ է,  որ օրենքը ունենք, բայց այդ օրենքը իրականացնելու համար առանձնահատուկ պայմանները ստեղծելը պետության խնդիրն է, որովհետև կրթությունը երեխայի սահմանադրական իրավունքն է: Դա նշանակում է՝ պետությունը պետք է  պարտավորություն զգա: Դե, առայժմ չի զգում, կամաց-կամաց մենք կօգնենք պետությանը, ուս ուսի  կտանք, ինչքան ուժներս պատի, որ մեր բոլոր երեխաները ստանան իրենց հասանելիք կրթությունը և հավասար հնարավորություններ ունենան բոլորը»:

Ալիկի ծնողներն այսօր չափազանց ուրախ էին: Ուրախ, որ տղան վերջապես կարող է սովորել ու պարտավորված, որ անելու են առավելագույնը, տրամադրված աջակցությունը նպատակին ծառայեցնելու ու լավագույն արդյունքներ գրանցելու համար:

Նվերների հանձնման պահին Ալիկը բարձրաձայնեց, որ այսօր իր ծննդյան օրն է ու լավագույն նվերն արդեն իսկ ստացել է: Առաջին նախադասությունը, որ Արմինեն ու Ալիկը միասին գրեցին համակարգչային խոսող ծրագրի միջոցով հետևյալն էր՝ Ալիկ, ծնունդդ շնորհավոր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter