HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սփյուռքահայերի ներդրումների միայն աննշան մասն է ծառայում իր իրական նպատակներին»

Հայտարարություն՝ նոյեմբերի 18-ին փաստաբանների պալատում կայացած հանդիպման ժամանակ հայտարարված սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության հիմնադրամի ստեղծման մասին

Ուսումնասիրելով ՀՀ-ում վերջին տասնամյակում սփյուռքահայերի կատարած ներդրումները, նրանց կողմից իրականացված ծրագրերն ու արդյունքները՝ կարելի է հանգել միանշանակ հետևության. այդ ներդրումների միայն աննշան մասն է ծառայում իր իրական նպատակներին:

Սփյուռքահայերը, ովքեր առաջնորդվում են հայրենասիրական, ՀՀ տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու վեհ գաղափարներով, ներդրումներ են կատարում ՀՀ տնտեսությունում, հաճախ, եթե ոչ՝ միշտ, բախվում են, մեղմ ասած, արհեստական խոչընդոտների:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ ներդրողները հիմնականում բախվում են պետական մարմինների կամ պաշտոնյաների, իշխանական տարբեր թևերի, այդ թվում դատական համակարգի կամ նրանց կողմից հովանավորված օլիգարխիկ անձանց ապօրինությունների հետ:

Պետական քաղաքականություն իրականացնողները, քողարկվելով «ազատ տնտեսության» գաղափարով, իրականում ապահովում են բացառիկ պայմաններ միայն օլիգարխիկ անվանվող մենաշնորհատերերի համար:

Հովանավորչությունն ու կոռուպցիան թույլ չեն տալիս ապահովել ոչ միայն ներդրողների և նրանց ներդրած գումարների նպատակային օգտագործումը, այլև հաճախ հանգեցնում են ներդրող սփյուռքահայ բիզնեսմենների հիասթափության, հուսալքության, ինչի պատճառով վերջիններս անվերադարձ հեռանում են ՀՀ-ից և հրաժարվում այլևս որևէ ներդրում կատարել:

Որպես արդյունք՝ դա բերում է անխուսափելի հետևանքների, քանի որ գործարար շրջանակներում միմյանց ծանոթ անձանցից որևէ մեկի՝ նման իրավիճակում հայտնվելը ստիպում է մնացածին ևս զերծ մնալ ՀՀ-ում ներդրումներ կատարելուց:

Ստացվում է, որ ՀՀ-ում հայտնի օլիգարխիկ շրջանակները, իրենց հետևում ունենալով հզոր և ամուր պետական ապարատի աջակցությունը, օգտագործելով վերջինիս կարողություններն ու հնարավորությունները, սփյուռքահայ ներդրողներին դիտում են որպես գումարներ վաստակելու լավագույն միջոց, ամեն կերպ՝ «օրինական և անօրինական» ճանապարհներով, խաբեությամբ, վստահությունը չարաշահելով, իրականությունը խեղաթյուրելով, օգտվելով օրենսդրական բացերից և դատական համակարգի կոռումպացվածության ծայրահեղ բարձր աստիճանից՝ ներդրողներից «օրինական» եղանակներով գումարներ են հափշտակում:

Հերթական ներդրողին ներկայացնելով հայրենիքի համար ազգանվեր գործ անելու, ներդրումներ կատարելու գաղափարները՝ կրկին իրագործում են հարստանալու հերթական փորձերը, ցավոք՝ հաջողությամբ:

Այս իրավիճակը վնասում է Հայաստանի ներդրումային դրական կերպարին և արտացոլվում է համապատասխան միջազգային կազմակերպությունների զեկույցներում:

Սփյուռքահայերի շրջանում ՀՀ տնտեսական և իրավական համակարգի նկատմամբ արդեն իսկ ձևավորվել է անվստահության մթնոլորտ, և դա փոխելը բավականին դժվար գործընթաց է լինելու: ՀՀ-ն նրանց համար վերածվել է միայն հայրենիքի հանդեպ կարոտն առնելու և երեխաներին գոնե մեկ անգամ Հայաստան բերելու ու Մասիսի տեսքով հիանալու երկրի:

Սփյուռքահայերը Հայաստանն այլևս չեն դիտում որպես հայրենիք, որը պետք է զարգացնել, կայունացնել և առաջ տանել, քանզի հենց ՀՀ պետական համակարգը, իր պաշտոնյաներով հանդերձ, սփյուռքահայերի հաշվին օլիգարխներին հարստացնելու քաղաքականություն է վարում և ոչ թե պետությունը զարգացնելու: Այդ քաղաքականությունը նույնիսկ ՀՀ բիզնեսմեններից շատերին է ստիպում լքել ՀՀ-ն և բիզնեսներ ծավալել այլ երկրներում, ուր մնաց՝ սփյուռքահայերը նման քաղաքականությամբ հրապուրվեն:

Մենք, շահագրգռված լինելով Հայաստանում տնտեսական վիճակի բարելավմամբ, անհրաժեշտ ենք համարում վերականգնել Հայաստանի նկատմամբ սփյուռքահայերի վստահությունը:

Դատապարտում ենք սփյուռքահայերի նկատմամբ Հայաստանում կատարված ապօրինի գործողությունները և հետամուտ ենք լինելու նրանց նկատմամբ կատարված բոլոր ոտնձգությունների արագ բացահայտմանն ու գործի օբյեկտիվ քննությանը:

Սույն հայտարարությամբ նախաձեռնող խումբը հռչակում է սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության գործընթացի սկիզբը և հետայսու հետամուտ է լինելու Հայաստանում բոլոր սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության, խախտումների կանխարգելման ու խախտված իրավունքների վերականգնման գործընթացին:

Նախաձեռնող խումբ՝

Արթուր Ոսկանյան
համակարգող

Տիգրան Կարապետյան
Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչ

Լևոն Ներսիսյան
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ նախագահ

Արթուր Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նահագահ

Արման Բաբաջանյան
«Ժամանակ» օրաթերթի և Առաջին լրատվական տեղեկատվական վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

Նիկոլայ Բաղդասարյան
ՀՀ փաստաբանների պալատի անդամ ARNI Legal Aid փաստաբանական գրասենյակի նախագահ

Սամվել Ջաղինյան
ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Լեռնիկ Հովհաննիսյան
ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter