HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գյուղատնտեսական ԾԻԳ-ի աշխատակազմը կկրճատվի, կառույցը կդառնա հիմնադրամ

Առաջիկայում էական փոփոխություններ են սպասվում Գյուղատնտեսության նախարարության որոշ կառույցներում: Մի քանիսը կմիանան՝ ստեղծելով հիմնադրամ:

Կառուցվածքային փոփոխություն կրելու գործընթացին այս պահին ամենամոտը Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակն է: Շատ շուտով աշխատակազմը նախ կօպտիմալացվի, ապա՝ կլուծարվի, կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում կձեւավորվի հիմնադրամի աշխատակազմը:

Գրասենյակի աշխատակիցները ներքին կարգով տեղեկացվել են այս մասին: Շատերն անհանգստություն ունեն, որ կորցնելու են իրենց աշխատանքը:

Նախնական տեղեկություններով՝ նոր կառույցը կոչվելու է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ:

Գյուղատնտեսական ԾԻԳ-ի ղեկավար Գեղամ Գեւորգյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացի ավարտը կախված է նրանից, թե երբ կառավարությունը համապատասխան ընթացակարգով որոշում կընդունի:

Հիմնադրամը, Գեւորգյանի խոսքով, որն ավելի լայն լիազորություններ կունենա, քան ԾԻԳ-ն ունի: Ծրագրերը, որոնք իրականացնում է ԾԻԳ-ը, գաղափարական կամ բովանդակային առումով փոփոխության չեն ենթարկվի:

«Հիմնադրամն ի զօրու է լինելու տարբեր միջազգային դրամաշնորհներով ծրագրեր իրականացնել: Հիմնադրամը խորհրդատվական կառույց է լինելու, նաեւ իրականացնելու է գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի կոորդինացում, ներդրումային ծրագրերի աջակցություն: Այս ամենի հնարավարությունն այսօր ԾԻԳ-ը չունի»,-ասաց Գեղամ Գեւորգյանը:

Թե որ կառույցները կլուծարվեն եւ կմիանան հիմնադրամին, դեռ հայտնի չէ:

Գյուղատնտեսական ԾԻԳ-ի աշխատակազմում ներկայումս ընգդրկված է 42 աշխատող: Գեղամ Գեւորգյանն ասաց, որ չնայած օպտիմալացում լինելու է, բուն աշխատակազմը փոփոխության չի ենթարկվի: Թե սա ինչ է նշանակում՝ կերեւա առաջիկայում, երբ գրասենյակը կվերածվի հիմնադրամի:

Ամեն դեպքում, իրավաբանորեն, ԾԻԳ-ի աշխատակիցները չեն կարող տեղափոխվել հիմնադրամ: Նրանք կազատվեն աշխատանքից եւ կմասնակցեն մրցույթին: Թե ինչ չափով կկրճատվի աշխատակազմը, Գեւորգյանը չգիտի: Նա ասում է՝ նայած, թե կառավարությունն ինչ ծրագրեր կպատվիրակի:

Գյուղատնտեսական ԾԻԳ-ի տնօրենից տեղեկացանք, որ հիմնադրամը նոր հաստիքներ էլ կարող է ունենալ:  

Հարցին՝ ի՞նչ արդյունքներ եք ակնկալում հիմնադրամի ձեւավորումից, Գեղամ Գեւորգյանը պատասխանեց. «Այսօր չկա մի կառույց, որը գյուղատնտեսության ոլորտում համակարգում է բոլոր ծրագրերը, կամ համակարգում է դրանք: Չկա միասնական պորտալ, որը գյուղացիական տնտեսություններին տեղեկատվություն կտրամադրի, չկա խորհրդատվական միասնական բլոկ նոր տեխնոլոգիաների եւ այլնի մասին: Այս ամեն ինչի համար է ստեղծվում հիմնադրամը: Եվ սրանցից յուրաքանչյուրի համար նոր վարչական ապարատ պետք չի լինի պահել, նոր ռեսուրս պետք չի լինի ծախսել: Եվ ընդհանրապես ամենամեծ առաքելությունը գյուղատնտեսական ոլորտի զարգացումն է, մրցունակ գյուղատնտեսության ապահովումը»:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո հայտարարեց, որ ՊՈԱԿ-ների մի մասը պետք է լուծարել՝ կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Նախորդ տարվա աշնանը Կարապետյանը նախարարներին հանձնարարել էր վերանայել գերատեսչությունների կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեությունը եւ պարզել, թե որքանով են դրանք արդյունավետ, ինչպես նաեւ քննարկել ԾԻԳ-երի լուծարման հարցը:

Կարեն Կարապետյանն ասել էր, որ ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը պետք է ունենան հստակ եւ չկրկնվող գործառույթներ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Գյուղատնտեսության նախարարության ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը կլուծարվեն եւ որպես մեկ կառույց կձեւավորվեն առաջիկա 1-2 ամիսների ընթացքում: 

Գյուղատնտեսական ԾԻԳ-ն արդեն 20 տարվա կառույց է: Այն սնվում է միջազգային ծրագրերի համար տրվող միջազգային ֆինանսական հատկացումներից:

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային Զարգացման Ընկերակցության միջեւ կնքված վարկային համաձայնագրերի համաձայն տրամադրված բոլոր ֆինանսական միջոցներն ընդգրկվում են պետական բյուջեում` ըստ տարիների եւ յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման աղբյուրի: Յուրաքանչյուր ծրագրի համար ըստ ֆինանսավորման աղբյուրի տարբեր բանկային հաշիվներ են բացվում եւ սկսած 2011 թվականի հոկտեմբեր ամսվանից, այդ բոլոր բանկային հաշիվները տեղափոխվել են Ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող գանձապետական բաժին:

Գրասենյակը միլիոնավոր դոլարների հասնող ծրագրեր է իրականացնում, եւ դրանք շատ անգամ տարբեր խոսակցությունների առիթ են հանդիսացել: