Արթուր Նալբանդյան. «Տեղական ինքնակառավարումը ՀՀ-ում գրեթե ամենակայացած կառույցներից է»
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը «Արդյունավետ համայնքային կառավարում» ծրագրի շրջանակներում տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ ծրագրել է մարզպետների մամուլի ասուլիսներ՝ «Համայնքները ՏԻՄ ձևավորումից 15 տարի անց» խորագրով: Դեկտեմբերի 5-ին առաջին հանդիպումը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ էր:
Մարզպետը նշեց, որ տեղական ինքնակառավարումը կայացնելու առումով բեկումնային էր հատկապես վերջին երեք տարին: «15 տարի առաջ, երբ այդ մոդելը ներդրվեց որպես տեղական ինքնակառավարման համակարգ, ոչ ոքի պարզ չէր՝ այն կարդարացնի՞, թե՞ ոչ: Այսօր արդեն հստակ կարող ենք ասել, որ այն ոչ միայն կայացած համակարգ է, այլև տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում գրեթե ամենակայացած կառույցներից է,- նշեց Արթուր Նալբանդյանը:
Մարզպետը հայտնեց, որ ներկայում լուրջ աշխատանքներ են կատարվում համայնքային ծառայողների ինստիտուտը կայացնելու ուղղությամբ, փորձ է արվում կայացնել նաև ավագանու ինստիտուտը, շատ են կարևորում համայնքներում աշխատանքների թափանցիկությունը, բնակչության մասնակցությունը համայնքային կառավարմանը: «Եթե համայնքի հիմնախնդիրներին մասնակցում է համայնքի բնակչությունը, բնականաբար, համայնքը ավելի շուտ կզարգանա»,- շեշտեց Արթուր Նալբանդյանը:
Լոռու մարզպետը նշեց, որ վերջին 3 տարում Կառավարությունը հետևողական աշխատանքներ է կատարել համայնքներում բյուջեների պարտքերը մարելու և բյուջետային եկամուտները հավաքագրելու ուղղությամբ: Այս քաղաքականության արդյունքում աշխատավարձերի և սոցվճարների մասով տարիներ առաջ Լոռու մարզի համայնքներում մի քանի տասնյակ մլն դրամի հասնող պարտքերը մարվել են, իսկ մնացյալ 2,5 մլն դրամի պարտքը կմարվի մինչև տարեվերջ:
Արթուր Նալբանդյանը շեշտեց, որ ներկայում համայնքները իրատեսական բյուջե են կազմում, որը նախկինում բացակայում էր, և այն մեծ խոչընդոտ էր բյուջեների կատարման համար: Դրան խանգարում էին նաև հողի հարկի և գույքահարկի բազաների անճշտությունները, որոնք հիմա ճշտվում են: Այսօր մարզի գրեթե բոլոր համայնքներն ունեն իրատեսական բյուջե, որը հնարավորություն է տալիս 100%-ով կատարել բյուջեն:
Մարզպետը շեշտեց նաև, որ տարածքային կառավարման նախարարությունը վերջին տարիներին մեծ ուշադրություն դարձրեց համայնքների սեփական մուտքերի հավաքագրմանը, որը հնարավորություն տվեց սեփական միջոցներով կապիտալ ծրագրեր իրականացնել համայնքներում: Սա հնարավորություն տվեց նաև ներդրումներ կատարել միջազգային կառույցների հետ համատեղ իրականացվող ծրագրերում, որին պետք է մասնակցի համայնքը սեփական ներդրումով:
Կառավարության բյուջեից հատկացված գումարներով զարգացման ծրագրերն ընտրելու հարցում կիրառվող չափորոշիչների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ մարզպետը նշեց, որ այդ հարցում համայնքային բնակչության կարծիքն էլ են հաշվի առնում և առաջնահերթությամբ են որոշում դրանց իրականացումը:
«Կապիտալ ծրագրերի առումով բոլոր համայնքներում խորհրդակցություններ են հրավիրվել, ներգրավել ենք ակտիվ բնակչությանը, հաշվի ենք առել համայնքի քառամյա զարգացման ծրագիրը: Դրանց հիման վրա որոշել ենք, թե ինչ առաջնահերթությունով լուծել համայնքի խնդիրը»,- հայտնեց Արթուր Նալբանդյանը:
«Արդյունավետ համայնքային կառավարում» ծրագիրը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն իրականացնում է «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորումով, որում մեծ կարևորություն է տրվում համայնքներում մարզպետարանների իրականացրած հսկողությանը և դրա հրապարակայնությանը:
Լոռու մարզպետը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով մարզպետարանի իրականացրած հսկողությանը մարզի համայնքներում, հայտնեց, որ այն իրենց հնարավորություն է տալիս առավել իրական պատկերացնել համայնքի խնդիրները:
«Լոռու մարզն ունի 113 համայնք՝ 8 քաղաքային և 105 գյուղական, և բնականաբար, բոլոր համայնքներում չէ, որ ամեն տարի հսկողություն է իրականացվում: Սակայն խնդիրներն ի հայտ գալու դեպքում մարզպետարանը շրջաբերականներ է ուղարկում բոլոր համայնքապետերին՝ նույն սխալը մեկ ուրիշ համայնքում չկրկնվելու նպատակով»,- հայտնեց մարզպետը:
Նա նաև նշեց, որ վարչական և ֆինանսական հսկողությունից բացի՝ իրավական հսկողություն է իրականացվում ավագանու որոշումների նկատմամբ: 2011 թ. Լոռու մարզի համայնքների ավագանու կայացրած 2050 որոշումից 36-ը օրենքին հակասող է ճանաչվել և վերադարձվել, որպեսզի շտկվի ավագանու արտահերթ նիստում:
«Հետքի» այն դիտարկմանը, թե մարզպետարանի իրականացրած հսկողության ակտերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ համայնքների ղեկավարները թերանում են սեփական մուտքերը հավաքագրելու հարցում, մարզպետը պատասխանեց. «Դրանք համայնքների բյուջե մուտք արվող գումարներ են, և չէի ասեի, թե նրանք շահագրգիռ չեն տեղական տուրքերը հավաքագրելու հարցում: Այստեղ պայմանագրերի, հողատեսքի փոփոխության հետ կապված հարցեր կան, որոնք փոփոխելուց, օրենսդրական լուծումները տալուց հետո կլրացնեն համայնքային բյուջեն»:
Արձանագրվել են նաև ֆինանսական խախտումներ, որոնք, Արթուր Նալբանդյանի ասելով, հիմնականում սխալ հաշվարկների արդյունք են՝ աշխատավարձերի և սոցվճարների մասով, և սխալը հայտնաբերելուց հետո առաջարկում են վերականգնել գումարը: «Եթե խոշոր խախտում հայտնաբերենք, կդիմենք իրավապահներին»,- հայտնեց մարզպետը:
Հսկողության ամփոփումը մարզպետին հնարավորություն է տալիս ասելու, որ խոշոր քաղաքային համայնքները վերջին տարիներին ավելի ինքնուրույն են դառնում, սակայն նրանց համար դեռևս մեծ հիմնախնդիր է բնակչության զբաղվածության հարցի լուծումը, ինչպես, օրինակ, Վանաձոր քաղաքում, որտեղ այդ հարցի լուծումը կապում են Քիմպրոմի գործարկման հետ:
Գյուղական համայնքների համար մարզպետը լուրջ խնդիր համարեց կրթության ոլորտում առկա մտավոր աղքատությունը, երբ դպրոցներում 10-15 աշակերտ է սովորում, ինչպես նաև առողջության պահպանման կենտրոնների շենքային ոչ բարվոք պայմանները: Միաժամանակ նշեց, որ այդ ուղղությամբ նույնպես հսկայական գործ է արվել, այդ հարցերն ընդգրկվել են մարզի զարգացման ծրագրում, և տարիների ընթացքում դրանց լուծում կտրվի:
«Հետքի» մեկ այլ հարցի, թե որքանով են իրատեսական մարզի համայնքների կազմած քառամյա զարգացման ծրագրերը, Լոռու մարզպետը հայտնեց, թե գյուղական համայնքներում մի քանի հիմնախնդիրներ կան, որոնք իրենք ներգրավում են իրենց ծրագրերում:
«Շատ կարևոր է, որ այդ համայնքներում մեծ ուշադրություն դարձվի գյուղատնտեսության զարգացմանը, իսկ ընդհանուր առմամբ համայնքների ծրագրերը իրատեսական են, համայնքի հրատապ խնդիրները վեր են հանվում համայնքի ավագանու, համայնքի ակտիվի, աշխատակազմի հետ քննարկումների ժամանակ, և դրանք ընդգրկվում են համայնքի զարգացման ծրագրում»,- ամփոփեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Լիլիթ Աբրահամյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել