Վարչապետը հանձնարարեց ապօրինի ջրօգտագործողներին «բերել» օրինական դաշտ
Գործադիրի այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետի հանձնարարականներով։ Առաջին հանձնարարականները վերաբերում էին ոռոգման աշխատանքների նախապատրաստական փուլին։
Վարչապետը նախ նշեց, որ ջրային ռեսուրսների պետական կոմիտեն ոռոգելի հողատարածքների վերաբերյալ մի վիճակագրոթյուն ունի, իսկ համայնքային ատյանները՝ այլ։ Այս պատճառով վարչապետը հանձնարարել էր հստակեցնել այդ թվերը, որի արդյունքում պարզվել է, որ փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47 տոկոսը: «Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,- ասաց վարչապետը։
«Այդ անթույլատրելին» կարգավորելու նպատակով Կարապետյանը գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, էներգետիկ ենթակառուցվածքների նախարարին, ջրային տնտեսության պետական կոմիտեին և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կադաստրային և փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն` դրա պատճառների վերաբերյալ։
Կարապետյանի երկրորդ հանձնարարականը ջրակորուստների վերաբերյալ էր։ Վարչապետը հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարի Սևանա լճից ոռոգման նպատակով կատարվում են ջրբացթողումներ, որոնք իրականացվում են Սևան-Հրազդան «Միջազգային էներգետիկ կորպորացիա»ի համակարգով, որտեղ, նրա փոխանցմամբ, առկա են բավական մեծ ծավալով ջրակորուստներ. «Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չենք արձանագրել»։
Խնդիրը կարգավորելու համար Կարապետյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց, մինչև Սևանա լճից ջրի բացթողումները սկսելը, այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին «բերել» օրինական դաշտ։
Վարչապետը նաև նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին առաջարկեց մասնակցել վերը նշված խնդիրների կարգավորմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել