
5 միլիոն դրամ՝ չինական դպրոցի տարածքից կապի մալուխների հեռացման համար
Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության համար նախատեսված տարածքից «Արմենտել» ընկերությանը պատկանող կապի մալուխների «դուրս տեղափոխման» նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվից կրթության և գիտության նախարարությանը կհատկացվի 5 միլիոն դրամ։
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանեց կրթության և գիտության նախարարության աշխատակից Մասիս Աղայանցը՝ չինական դրպոցի տարածքը 1000 մետրով ընդարձակվել է՝ 14 հազար քմ-ից դառնալով 15 հազար քմ, և ավելացված 1000 մետրի մակերեսի տարածքում «հայտնվել են» ընկերության մալուխները, որոնք պետք է հեռացվեն՝ շինարարական աշխատանքներին չխոչընդոտելու համար։
Որոշման այս նախագիծը այսօրվա նիստում կառավարությունը բավարարեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկով: «Նախագծի հաստատման արդյունքում պայմաններ կստեղծվեն Հայաստանում չինական դպրոցի շինարարական աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար»,- գրված է նախագծում։
Մեկնաբանել