
Հերքում
Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրենի՝ հասարակայնության հետ կապերի և սոցիալական քաղաքականության գծով տեղակալ Վահրամ Ավագյանը հերքման տեքստ է ներկայացրել «Հետքի» խմբագրությունը: Այն նույնությամբ հրապարակում ենք ստորեւ:
«Սույնով հայտնում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում և այլ աղբյուրի հղումներ չեն պարունակում «Հետք» ինտերնետային թերթում 2017թ. փետրվարի 11-ին, ժամը 16:58-ին հրապարակված «Կապանի լեռնահարստացման կոմբինատում աշխատակիցների իրավունքները խախտում են, սակայն նրանք լռում են» վերնագրով հոդվածում (այսուհետ՝ Հոդված) առկա հետևյալ պնդումները.
-
Հոդվածի վերնագրում տրված «Կապանի լեռնահարստացման կոմբինատում աշխատակիցների իրավունքները խախտում են» պնդումը:
-
«Դմիտրի Ուշկովը ավելի քիչ ծախսեր ունենալու համար որոշել է օժանդակ կազմակերպությունների միջոցով իրականացնել աշխատանքների մի մասը: Օրինակ` այլևս կոմբինատի աշխատակից չեն համարվում լվացքատան աշխատակիցները, հավաքարարները, այլ հաստիքների մասով ևս գործում է այս փոփոխությունը, ինչը աշխատակիցների դժգոհությունն է առաջացրել: Նրանք, որպես օժանդակ կազմակերպության աշխատակիցներ, ավելի քիչ են վարձատրվում, ասում են՝ զրկվել են մի շարք արտոնություններից (օրինակ` ապահովագրությունից)» պնդումը:
-
Հոդվածում առանց հեղինակի հիշատակման, որպես ուրիշի ուղղակի խոսք մեջբերված. «Տնօրենը մեզ ստրուկ է անվանում, ասում է` իմ փողն է, դուք էլ իմ վարձուները, ինչպես կուզեմ, այդպես էլ կդիմեմ: Որոշները չեն դիմանում, հայհոյում են ու աշխատանքից ազատվում, ավելի կարիքավորներս լռում ենք, տեսնենք ինչ կլինի» պնդումը:
-
«Խախտված իրավունքներից ու «անմարդկային» վերաբերմունքից զատ՝ կոմբինատի աշխատողներին վրդովեցնում է մեկ այլ հանգամանք ևս` դրսից բերված մասնագետներին տրվող աշխատավարձի չափը: Դրսից աշխատող են բերում, ստանում է 17 հազար դոլար աշխատավարձ, մեզ՝ կապանցիներիս, 100 հազար են վճարում» պնդումը:
-
«վարչակազմում կան մարդիկ, որոնք 50 հազար դոլար են ստանում» պնդումը:
Սույն հերքումը հրապարակվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով 20.02.2017թ. ներկայացված պահանջի հիման վրա, Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում, Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների պահպանմամբ»:
Հ.Գ. Խմբագրությունն առաջիկայում կանդրադառնա հոդվածում բարձրացված հարցերին, Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին աշխատակիցների դատական հայցերին, ինչպես նաեւ կոմբինատի գործունեությանը բնապահպանական տեսանկյունից:
Մեկնաբանել