HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Դառը ճշմարտության քաղցրությունը

Վահան Վարդանյան

Ռուսաստանում Պետդումայի ընտրություններն ավարտվեցին' արձանագրելով մի շարք կարևոր իրողություններ: Բնակչության ցածր մասնակցության պայմաններում (60,2%) իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է ձայների մոտ կեսը (49,54%), ինչը նշանակում է, որ 2007 թ. արդյունքների համեմատ կուսակցությունը կորցնելու է զգալի թվով մանդատներ:

Եթե 2007-ին ընտրողների մոտ 70% մասնակցության պայմաններում հիմնական իշխող կուսակցությունը ստացել էր ձայների մոտ 63%-ը, 315 մանդատով ուներ սահմանադրական մեծամասնություն և առանց ընդդիմության հետ համագործակցելու կարող էր ընդունել ցանկացած օրենք, անգամ անցկացնել սահմանադրական փոփոխություններ, ապա այս անգամ կունենա միայն պարզ մեծամասնություն' 450 մանդատի կեսից քիչ ավելին' 238:

Մինչդեռ 7%-ի արգելաշեմը հաղթահարած մյուս 3 ընդդիմադիր կամ այդպիսին համարվող կուսակցությունները ավելացնելու են իրենց ներկայությունը Պետական դումայում: Ձայների մոտ 19%-ը ստացած կոմունիստները կունենան 92 մանդատ' ներկայիս 57-ին փոխարեն, Ս. Միրոնովի «Արդար Ռուսաստանը», մոտ 13% ձայն ստանալով, 38-ի փոխարեն կունենա 64 մանդատ: Համեմատական անհաջողություն է կրել Վ. Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Նախորդ ընտրությունների համեմատ նա ստացել է ավելի ձայներ' մոտ 12%' նախկին 8%-ի փոխարեն, և այժմ կունենա 56 մանդատ' նախկին 39-ի փոխարեն:

Սակայն լիբերալ-դեմոկրատները իրենց արդյունքով զիջում են «Արդար Ռուսաստանին» և այժմ թվակազմով կունենան միայն 4-րդ խմբակցությունը Պետդումայում, թեպետ նախկինում Ժիրինովսկին պատվավոր 3 տեղում էր: Ընդհանրապես Ս. Միրոնովի կուսակցության հաջողությունը թերևս ամենամեծ անակնկալն էր. բոլոր կանխատեսումների համաձայն' «Արդար Ռուսաստանը» չէր ստանալու 10%-ից ավելի ձայն:

Ընտրությունների հիմնական երկու անակնկալը, սակայն, ընտրողների մասնակցության իսկապես ցածր ցուցանիշն էր (60,2%) և «Եդինայա Ռոսիայի» հարաբերական պարտությունը: Ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ այս անգամ դումայի ընտրություններն անցկացվել են բացառապես համամասնական ընտրակարգով, նախկին սահմանադրական մեծամասնությունը իշխող կուսակցությունը ապահովում էր մեծամասնական և համամասնական ընտրակարգերով ընտրված իր պատգամավորների ընդհանուր հանրագումարում:

Ներկայիս արդյունքը իսկապես ահազանգ է կառավարող Պուտին- Մեդվեդև «տանդեմի» համար: Սա նշանակում է, որ ընտրական իրավունք ունեցող բնակչության մոտ 40%-ը դժգոհ է և առհասարակ անիմաստ է համարում մասնակցել ընտրություններին, իսկ մասնակցող մյուս 60%-ի միայն կեսն է աջակցում իշխող կուսակցությանը: Սա անշուշտ չի նշանակում, որ Պուտինի անձնական վարկանիշը համարժեք է «Եդինայա Ռոսիայի» վարկանիշին, սակայն ցույց է տալիս, որ գործող վարչապետը նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու' նախաշեմին լուրջ խնդիր ունի առաջին հերթին իր թիմի գործունեության հետ կապված: Այսինքն' Պուտինի անձնական բարձր վարկանիշի պայմաններում Ռուսաստանի քաղաքացիների միայն 30%-ն է հավանություն տալիս նրա գլխավորած կուսակցության գործունեությանը:

Սակայն ավելի կարևոր է, որ Պուտինը չխուսափեց այդ արդյունքը արձանագրելուց: Նկատի ունենալով, որ ուժային կառույցները կոշտ հսկողություն են իրականացնում բոլոր ոլորտներում, Պուտինի և Մեդվեդևի համար հազիվ թե անհնարին էր բնակչության ցածր մասնակցության պայմաններում հայտնի ձևերով ապահովել ցանկալի արդյունք: Ասենք' 60-65%, և «Եդինայա Ռոսիան» «կստանար» վստահության նույնպիսի քվե, ինչպես 2007-ին:

Սակայն ընտրությունների զանգվածային կեղծում չի եղել, իշխող կուսակցության մրցակիցներից միայն Գ. Յավլինսկին քվեարկությունից հետո հայտարարեց, որ ձայների այսպիսի հարաբերակցությունը քաղաքական որոշման արդյունք է, քանի որ իր գլխավորած «Յաբլոկո» կուսակցությունը հերթական անգամ չի կարողացել հաղթահարել 7%-ի արգելաշեմը, կամ գոնե 5%-ը, ինչը հնարավորություն կտար նոր օրենսդրությամբ թեկուզ 1 պատգամավոր ունենալ նոր Պետդումայում:

«Յաբլոկոն» ստացել է 3,3% քվե, ինչը նշանակում է, որ լիբերալ տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի մեծ մասը, իրական հեռանկար չտեսնելով, ուղղակի չի գնացել քվեարկության: Մյուս ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները թեպետ մատնանշեցին, որ խախտումներ եղել են, սակայն ոչ ոք չի պնդում, որ դրանք էական ազդեցություն են ունեցել արդյունքների վրա:

Անշուշտ, իշխանությունը արել էր հնարավորը, որ իշխող կուսակցությունը կարողանա պահպանել թեկուզ պարզ մեծամասնությունը Պետդումայում:

Սակայն ուշագրավ է, որ ընտրություններից անմիջապես հետո գործող նախագահ և, ըստ ամենայնի, ապագա վարչապետ Դ. Մեդվեդևը շնորհավորեց 7%-ի արգելաշեմը հաղթահարած կոմունիստներին, լիբերալ-դեմոկրատներին և «Արդար Ռուսաստան» կուսակցությանը, իսկ «Եդինայա Ռոսիայի» շտաբում ընտրությունների նախնական ամփոփման ընթացքում նշեց, որ տարբեր հարցերի և օրինագծերի ընդունման շուրջ հնարավոր են կոալիցիոն համաձայնություններ և համագործակցություն: Սա ինքնին նշանակում է, որ եթե մյուս 3 ուժերը անգամ չմասնակցեն կառավարության ձևավորմանը, Պետդումայի նախագահի, նրա տեղակալների, մշտական կոմիտեների ղեկավարների ընտրության ժամանակ փոխադարձ պայմանավորվածություններ և զիջումներ անկասկած լինելու են, և ընդդիմությունը ավելի ծանրակշիռ ներկայություն կունենա դումայի ղեկավարման գործում, քան նախկինում:

Ռուսաստանի վերլուծական հանրության նախնական գնահատականները իրարամերժ են: Փորձագետների մի մասը կարծում է, որ սա այնուամենայնիվ մասնակի պարտություն է «Եդինայա Ռոսիայի» համար և որոշակի ազդեցություն է ունենալու նախագահական ընտրություններում Պուտինի վարկանիշի վրա: Այսինքն' գործող վարչապետը նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու իր մտադրությունը իրականացնելիս խոչընդոտների է հանդիպելու, և մարտի 4-ին նրան հեշտ հաղթանակ չի սպասվում' անգամ համարժեք մրցակիցների բացակայության պարագայում:

Այս տեսակետն անշուշտ ունի տրամաբանություն, սակայն առավել ուշագրավ էր քաղաքագետ և մշակութաբան Մ. Գելմանի այն դիտարկումը, որ կառավարող տանդեմը, հատկապես Պուտինը, դիտավորյալ գնաց «պնդօղակները» չձգելու, հնարավորինս արդար ընտրություններ իրականացնելու ճանապարհով, որպեսզի ի հայտ գան բնակչության իրական նախապատվություններն ու տրամադրությունները: «Պուտինը կոշտ պրագմատիկ է, նա չի խուսափում, չի փախչում դաժան ճշմարտությունից: Նոր նախագահական ժամկետից առաջ նա հստակ նպատակ ունի' պարզել իրական վիճակը, բնակչության իրական վերաբերմունքը իր վարած քաղաքական կուրսի և ռեֆորմների նկատմամբ: Անկասկած է, որ այս քվեարկության արդյունքներից հետևություններ կարվեն, և կլինի ռոտացիա Պուտինի և Մեդվեդևի թիմում»,- կարծում է Մ. Գելդմանը:

Սա թերևս օբյեկտիվ դիտարկում է, եթե նկատի ունենանք, որ Դ. Մեդվեդևի հետ միասին քվերակության արդյունքների ամփոփման գիշերը «Եդինայա Ռոսիայի» նախընտրական շտաբ ժամանած Պուտինը, ի տարբերություն Մեդվեդևի, որը բավական երկար խոսեց և դրական արտահայտվեց ընտրական գործընթացի և արդյունքների վերաբերյալ, շատ ավելի լակոնիկ էր և բավարարվեց արձանագրելով. «Սա օպտիմալ արդյունք է, որը ցույց է տալիս իրական վիճակը»:

Անշուշտ, գործող վարչապետը և ապագա նախագահը կարող է հիասթափված լինել նաև իր ակտիվ մասնակցությամբ անցկացված նախընտրական արշավի այսպիսի արդյունքից: Բայց Պուտինը «պնդօղակները» չձգելով ապացուցեց, որ ինքը պետական գործիչ է, ում համար բնակչության իրական վերաբերմունքը իմանալը կամ զգալը ավելի կարևոր է, քան նկարված թվերով «բարձր վարկանիշը», որի հետևում չկա իրական հասարակական աջակցություն:

Եվ սա դրական օրինակ կարող է ծառայել նաև այլ հետխորհրդային պետությունների, այդ թվում, անշուշտ, Հայաստանի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter