
13 կմ երկարություն ունեցող Տաշտուն գետի վրա հէկ կառուցելու հայտ է ներկայացվել
«Գրին փաուր» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարության փորձաքննությանն է ներկայացվել Սյունիքի մարզում հէկ կառուցելու նախագիծը: 13 կմ երկարության հէկի 3,4 կմ հատվածը էլեկտրաէներգիայի արտադրության համար ճնշում ապահովելու նպատակով պետք է անցկացվի խողովակաշարի միջով: Դա գետի 26%-ից ավելին է:
Փոքր հէկի հաշվարկային հզորությունը լինելու է 3.31 ՄՎտ: Տարեկան արտադրելու է 12.77 մլն/կՎտժ էլեկտրաէներգիա: Ընկերությունը, համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման, արտադրված էլեկտրաէներգիան վաճառելու է 1կՎտժ =23.631 դրամ՝ առանց ԱԱՀ-ի առ:
Նախագծում նշվում է, որ «Չքնաղ» փհէկի կառուցվածքների զբաղեցնող տարածքները չեն ընդգրկվում «Արևիկ» ազգային պարկի մեջ, սակայն շինարարական աշխատանքների ընթացքում հաշվի է առնվել այն, որ «Չքնաղ» փհէկը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում, որի պահպանման գոտում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով սահմանված ռեժիմը:
Տաշտուն գետը Մեղրիի վտակն է, և ձկնային պաշարները նույնականացվել է Մեղրիի ձկնային պաշարների հետ: Կատարված ձկնաբանական հետազոտությունների տվյալներով՝ Մեղրի գետի իխտիոֆաունան ներկայացված է հետևյալ ձկնատեսակներով` Կարմրախայտ, Արևելյան տառեխիկ կամ արագաշարժ, Քուռի կողակ և Ծածան:
«Փոքր հէկի կառուցումը ուղղակի ձևով ազդում է գետի կենդանական աշխարհի, առանձնապես ձկների վրա, սակայն «Չքնաղ» փհէկի նախագծով նախատեսված է ձկնանցարանի կառուցումը, որը զգալիորեն կբարելավի իխտիոֆաունայի վիճակը»,- նշված է նախագծում:
Բացի ձկնանցարանից, ձկների պահպանությունը լիարժեք և հուսալի ապահովելու համար նախագծում նախատեսված է ճնշումային ավազանում, դերիվացիոն խողովակաշարի մուտքի վրա տեղադրել մանրաճաղավանդակ և նաև լրացուցիչ՝ 5մմx5մմ չափերով ձկնապաշտպան մետաղական չժանգոտվող ցանց, որը կկանխի նաև մանրաձկների մուտքը հիդրոագրեգատների թիակների վրա:
Գետի բնապահպանական թողքի մեծությունը պետք է կազմի 0.03 մ3/վրկ:
«Չքնաղ» փհէկի կառուցման համար նախնական հաշվարկված ներդրումային գումարը կազմում է 1575.1 մլն դրամ՝ առանց ԱԱՀ-ի, որից 30 տոկոս սեփական ներդրումների և 70 տոկոս վարկային ռեսուրսների հաշվին:
Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Գրին փաուր» ՍՊԸ-ի բաժնետերը և տնօրենը Բալահովիտում գրանցված Հակոբ Գրիգորի Թադևոսյանն է:
Մարտի 13-ին Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Չքնաղ» փհէկի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Բնապահպանության նախարարությունը 2014թ, դեկտեմբերին արդեն իսկ «Զանգեզուր էներգո» ՍՊԸ-ի «Արևիկ» հէկի կառուցման նախագծին տվել է դրական եզրակացություն: Այն ևս պետք է կառուցվի Տաշտուն գետի վրա: 3 կմ էլ «Արևիկ» հէկի խողովակաշարի երկարությունն է: Այդպիսով, եթե երկու հէկերն էլ կառուցվեն Տաշտունի վրա, գետի ուղիղ կեսը ծանրաբեռնված կլինի:
Լուսանկարը՝ նախագծից
Մեկնաբանել