HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պաշտոնական հանդիպմանը մոտենում ենք առանց փորձամրցմա՞ն

Երեկ ՀՖՖ-ն հայտարարեց, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղ է անցկացնելու Սենթ Քիթս եւ Նեւիս երկրի ընտրանու հետ: Սրանից կարելի է եզրակացնել, որ մինչեւ մարտի 26-ը, երբ կկայանա ԱԱ-2018-ի ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը, Արթուր Պետրոսյանի թիմն ընկերական մրցավեճ չի անցկացնի: Մանավանդ որ պաշտոնական խաղին մնացել է մեկ ամիս:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն փետրվարի 12-ին նախատեսել էր Անթալիայում ընկերական խաղ անցկացնել Ուզբեկստանի ընտրանու հետ, սակայն հետո ֆեդերացիան չեղարկեց հանդիպումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով ոչ կայուն քաղաքական վիճակը Թուրքիայում: Ուզբեկստանի հետ մրցեց գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ու հաղթեց 2:0 հաշվով:

Վերջին ընկերական խաղը Հայաստանի հավաքականն անցկացրել է ԱԱ-2018-ի պաշտոնական հանդիպումների մեկնարկից առաջ՝ օգոստոսի 31-ին: Մլադա Բոլեսլավում Վարուժան Սուքիասյանի թիմը 0:3 հաշվով պարտվեց Չեխիային, ավելին՝ խաղի ժամանակ վնասվածք ստացավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը ստիպված բաց թողեց ընտրանու առաջին երեք ընտրական խաղերը Դանիայի, Ռումինիայի ու Լեհաստանի հետ:

Ընկերական խաղն այս ժամանակահատվածում մեծ օգուտ կլիներ մարզչական շտաբին՝ հասկանալու, թե ֆուտբոլիստներն ինչ մարզավիճակում են գտնվում: Ճիշտ է՝ Արթուր Պետրոսյանն, այդուհանդերձ, մեկնեց Անթալիա ու ներկա գտնվեց «Ալաշկերտում» հանդես եկող հավաքականի թեկնածուների ելույթներին:  

Մեր առաջիկա մրցակից Ղազախստանն իր հերթին նախատեսում է Երեւան ժամանելուց առաջ ընկերական հանդիպում անցկացնել Կիպրոսի հետ, որը պետք է կայանա Նիկոսիայում մարտի 22-ին: Ամեն դեպքում, չի բացառվում, որ մեր թիմն էլ այս ընթացքում որեւէ սպարինգ-մրցակից գտնի:

Հիշեցնենք, որ ներկա պահին Հայաստանը ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում 4 խաղից հետո 3 միավորով զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը 6 թիմերի մեջ, իսկ Ղազախստանը նույնքան խաղից հետո վաստակել է 2 միավոր ու վերջինն է: ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման փետրվարյան ցուցակում Հայաստանը 82-րդն է, իսկ Ղազախստանը՝ 96-րդը:

Ինչ վերաբերում է Սենթ Քիթս եւ Նեւիսի ընտրանուն, Կարիբյան ծովի երկու կղզիների վրա գտնվող պետության թիմը հանդես է գալիս ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտում ու հիմա աշխարհում 77-րդ հորիզոնականն է կիսում մեկ այլ կարիբյան երկրի՝ Ճամայկայի հետ: Հետաքրքիր է, որ Սենթ Քիթս եւ Նեւիսը արեւմտյան կիսագնդում թե տարածով, թե բնակչությամբ ամենափոքր ինքնիշխան պետությունն է: Երկու կղզիների ընդհանուր տարածքը 261 քկմ է, իսկ բնակչությունը՝ մոտ 55 հազար մարդ:  

Լուսանկարը՝ ffa.am-ի   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter