Բիզնեսով զբաղվող քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի ինքնուրույն լրացնել մաքսային հայտարարագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կեմիտեն: Քննարկվել է էլեկտրոնային եղանակով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը, ինչը կոմիտեի ղեկավարի գնահատմամբ՝ նոր մոտեցում է. «Բիզնեսով զբաղվող քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում ինքնուրույն լրացնել մաքսային հայտարարագիրը»:
Օրակարգի մյուս հարցով ներկայացվել են Հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող՝ կառավարության մի շարք որոշումների նախագծեր, այդ թվում զրոյական դրույքաչափով հարկվող ԱԱՀ գործարքների գծով փոխհատուցումների պարզեցված ընթացակարգի մասին: «Առաջարկվում է մինչև 20 միլիոն դրամ հայտերի դեպքում պարզեցված ընթացակարգով, 4 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպել ԱԱՀ վերադարձը հայտարարատուին: Համաձայն վիճակագրության, 2016 թվականի ընթացքում 563 դեպքից 324-ը, մոտ 60 տոկոսը, մինչև 20 միլիոն դրամի չափով հետ վերադարձված գումարներն են: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հերթական քայլով էականորեն բարելավվելու է հարկ վճարողների ԱԱՀ-ի վերադարձի գործընթացը՝ խթանելով բիզնեսի զարգացումը», - շեշտել է կոմիտեի ղեկավարը:
Վարդան Հարությունյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը: Իրենց հերթին արդյունավետ գնահատելով վերջին շրջանում ՊԵԿ-հասարակություն երկխոսության ակտիվացումը, հասարակական կառույցների ներկայացուցիչները վստահեցնում են, որ բարձրացված հարցերն արագ լուծում են ստանում: «Նոր հարթակի միջոցով հնարավորություն ենք ունենում ոչ միայն ակտիվ մասնակցել նախագծերի քննարկմանը, այլև ոլորտի պատասխանատուների հետ անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները»,-ընդգծել է Եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:
Ակտիվ քննարկումներ են ծավալվել նաև հորիզոնական մոնիթորինգի համակարգի կիրառման, եկամտային հարկով հարկման բազայի վերահաշվարկման առանձին դեպքեր սահմանելու և այլ հարցերի շուրջ: Ներկայացվել են կառուցողական առաջարկներ՝ կարճ ժամանակահատվածում ակնկալելով բարեփոխումների էական արդյունք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել