Չաուշը (Յուրի Բաբաջանյան) (վիդեո)
Յուրի Բաբաջանյանն ընդամենը 15 տարեկան էր, երբ ընտանիքը թողեց հայրենի Ղուզե Ճարտարը (Մարտունու շրջան) եւ հաստատվեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում:
Ստանալով ճանապարհաշինարարի մասնագիտություն' Յուրին աշխատանքի անցավ տեղի քաղաքաշինության նախարարությունում եւ, ինչպես այսօր նրա այրին' Շողեր Բաբաջանյանն է ասում, երեւի թե կշարունակեր աշխատանքը, եթե չլիներ 1988 թ. Սպիտակի երկրաշարժը:
«Դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հաջորդ օրը Յուկան (հարազատները Յուրիին այդպես էին կոչում-հեղ.) գնաց աշխատանքի: Լսելով երկրաշարժի լուրը' մի օրվա ընթացքում 70 կամավորական հավաքեց, մեծ մասաբ' հայեր, եւ բեռնատար մեքենաների շարասյունով դեկտեմբերի 9-ին ճանապարհվեց Սպիտակ: Նա ասում էր' ես չեմ կարող օտար երկրում մնամ, եթե իմ հայրենիքն օգնության կարիք ունի: Այդպես նա երկու տարի աշխատեց Սպիտակում' սկզբից օգնելով փլատակներից հանել տուժածներին, իսկ հետո էլ իր կամավորական խմբով մասնակցելով քաղաքի վերականգնողական աշխատանքներին»,- ասում է կինը:
Տիկին Շողերը պատմում է, որ ամուսինը մտադիր էր գործերը կարգի բերելուն պես իրենց էլ տեղափոխել Հայաստան: Այդ ժամանակ էլ սկսվեց Արցախյան շարժումը, եւ ծնունդով ղարաբաղցի Յուրին թողեց ամեն ինչ ու ընտանիքով տեղափոխվեց Ղարաբաղ:
Հաստատվելով հայրենի գյուղում' Յուրին անդամագրվեց կամավորական ջոկատին: Պատերազմական գործողությունների սկսվելուն պես միշտ առաջին գծում էր: Կինը' տիկին Շողերը, պատմում է, որ ամուսինը հիմնականում մասնակցել է Մարտունու շրջանի ինքնապաշտպանությանը, անհրաժեշտության դեպքում մարտընկերների հետ օգնության է գնացել նաեւ Մարտակերտ:
Ընկերները Յուրիին Չաուշ են կոչել: «Ավոն' Մոնթե Մելքոնյանը, հարգում ու գնահատում էր Յուկային: Ամուսինս էլ էր շատ սիրում հրամանատարին: Մի անգամ` հերթական հարձակումից հետո, թողնելով իրենց փչացած տեխնիկան' թուրքերը հետ են նահանջել: Ամուսինս ընկերոջ' Արթուրի հետ գնաց, տանկը վերանորոգեց, ու քշելով բերեցին մեր դիրքեր: Ասում են' Ավոն այնքան էր ուրախացել, որ Յուկային մի զույգ կոշիկ է նվիրել' ասելով' Յուգա, մի տանկ էլ կբերես, մի զույգ կոշիկ էլ կտամ: Երկուսն էլ լիաթոք ծիծաղել են»,- պատմում է կինը:
Տիկին Շողերն ասում է, որ ամուսինն այնքան հազվադեպ էր տանը լինում, որ կրտսեր դուստրը' Մարգարիտան, երբ հորը տեսնում էր, չէր ճանաչում: Յուրին 1992-1994 թթ. եղել է Ճարտարի գումարտակի հրամանատարը: Պատերազմի ընթացքում նա մի անգամ վիրավորվել է:
«1994 թ. փետրվարի 2-ին մեծ հարձակում է եղել Քավթառլուի մեր դիրքերի վրա: Ու այնտեղ նա ականջն է վնասում: Երբ վիրավորներին բերեց մեր գյուղի հիվանդանոց, տեղի բժիշկը, նկատելով Յուկայի ականջից հոսող արյունը, զննեց ու ասաց, որ վիճակը, իրոք, լուրջ է, եւ լավ կլինի, եթե մի տասը օր պառկի հիվանդանոցում: Ի պատասխան' ամուսինս ասաց, որ դրությունը շատ վատ է, եւ նման դեպքում հանցանք է ականջի համար պառկել հիվանդանոցում՚:
Վերքը նաեւ կինն է նկատել ու խնդրել մեկ շաբաթ գոնե տանը մնալ, բուժվել: Սակայն այդպես էլ չի կարողացել ամուսնուն համոզել: Յուրին վիրավոր գնացել է շտաբ, որտեղ էլ առավոտյան արդեն իմացել, որ նորից հարձակում է եղել նույն դիրքերի վրա, իսկ ընկերը ծանր վիրավորվել է: Ընկերոջը տեղափոխել է Մարտունու հոսպիտալ, իսկ ինքը գնացել նրան փոխարինելու:
Կինը պատմում է, որ Յուրին կարծես կանխազգում էր վտանգը եւ դիրքի այդ հատվածում հավաքված տղաներին ասաց' ցրվեն, քանի որ թշնամին սկսել էր այդ ուղղությամբ կրակել: Որոշ ժամանակ անց նույն այդ տեղում թշնամու ականանետի արկը ուղիղ Յուրիի կողքին պայթեց, եւ նրա հետ չորս ազատամարտիկներ մահացան:
«Մինչեւ ականջից վիրավորվելը նա սուր լսողություն ուներ եւ միշտ կարողանում էր շուտ կողմնորոշվել, թե որ կողմից են կրակում: Իսկ այս անգամ չլսեց ու չկարողացավ պատսպարվել: Նա պարզապես մի ականջով խլացել էր»,- ասում է տիկին Շողերը:
Նրանում, որ հաղթանակը մոտ է եւ անպայման մերն է լինելու, Յուրին ոչ մի կասկած չուներ: Այսօր կինը ցավում է միայն այն բանի համար, որ ամուսնուն այդպես էլ չհաջողվեց տեսնել այդ հաղթանակը. 32 տարեկանում զոհվեց: Տիկին Շողերն ասում է, որ ամուսինը պատերազմի ընթացքում մարտական շատ ընկերներ է կորցրել, բայց ամենամեծ կորուստը Ավոյի մահն էր, որի ժամանակ Յուրին ասել է' Ավոյից հետո չարժե ապրել:
Յուրի Բաբաջանյանը հետմահու պարգեւատրվել է Երկրորդ աստիճանի մարտական խաչով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել