HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

«Սպիտակ լիճը» 40 տարով անհատույց` Վարուժան Ներսիսյանի ազգականին

Նոյեմբերի 28-ի առավոտյան, ժամը 10-ին Իջեւանի արդեն նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն իր աշխատասենյակում ավագանու նիստ է անցկացրել:

Վ. Ներսիսյանը պարտվել է քաղաքապետի նոյեմբերի 13-ի ընտրություններում, սակայն շարունակելու է պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ժամկետի  ավարտը` դեկտեմբերի 20-ը: Նշենք, որ ավագանու նիստի եւ դրա օրակարգի մասին քաղաքապետարանի ինտերնետ կայքը չի տեղեկացրել, քաղաքի տեղեկատվական տախտակներին  ծանուցումներ չեն փակցվել, բնակիչները տեղյակ չեն եղել:

Ավելին, ավագանու անդամներ Վարդան Ղալումյանը (արդեն ընտրված քաղաքապետ), Վարդան Օրդինյանը, Վահե Ղալումյանը եւ Գրիգոր Դանիելյանը չեն տեղեկացվել, ինչը պահանջում  է  ՏԻՄ օրենքը: Մի խոսքով, խախտվել է ՏԻՄ օրենքը, այսինքն` նիստն անօրինական  է հրավիրվել: Արդեն նիստի կայանալուց հետո, նույն օրը քաղաքային մարզադպրոցի պատին հայտարարություն  է փակցվել, որը տեղեկացրել է «կայանալիք» նիստի մասին:

Հաջորդ օրը` նոյեմբերի 29-ին, Բլբուլյան թաղամասում Իջեւանի քաղաքապետարանի աշխատակից Սերյոժա Քամալյանը փակցրել է նույն ժամկետանց հայտարարությունը: 16 կետանոց օրակարգի հարցերը ավագանու անդամները քննարկել եւ որոշումներ են կայացրել հապշտապ, ընդամենը մեկ-մեկուկես ժամվա ընթացքում: Օրակարգի «մեխը» համայնքի սեփականությունը հանդիսացող «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ-ին 40 տարի ժամկետով, անհատույց օգտագործման  հատկացնելու ավագանու որոշումն էր:

Վարուժան Ներսիսյանն այդ առաջարկը ներկայացնելիս հիմնավորել է. «Իջեւան քաղաքի զարգացման հայեցակարգին համապատասխան՝ «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը եւ շրջակա կանաչապատ տարածքը հանդիսանում են հանգստի եւ ժամանցի գոտիներ: Ջրամբարը բերուկներից տարիների ընթացքում լցվել եւ ճահճացել է` ստեղծելով անբարենպաստ բնապահպանական իրավիճակ: Ջրամբարի հնարավորինս մաքրումը գետի բերուկներից խիստ կարեւոր է եւ օրախնդիր է, կապված է մեծ ներդրումների հետ, որի հնարավորությունը համայնքային բյուջեն չունի»:

Ջրամբարը մասնավոր ընկերությանն անհատույց հանձնելու  առաջարկը բխել է «ջրամբարի բնապահպանական իրավիճակը որոշ չափով շտկելու» անհրաժեշտությունից: Նշենք, որ «Իջեւան տուրիզմ եւ բիզնես» ՍՊԸ-ի տնօրենը Վարուժան Ներսիսյանի բարեկամ, Իջեւանի ավագանու անդամ Կարեն Ներսիսյանն է: Ընկերության մյուս երկու սեփականատերերն են` Սեյրան Սարիբեկյանը եւ Նաիրա Գեւորգյանը:

Իջեւանցիները հավանական  են համարում, որ այդ ընկերության փաստացի տերը հենց Վարուժան Ներսիսյանն է: Իջեւանի ավագանու 10 անդամները, կողմ  քվեարկելով համայնքային սեփականություն  հանդիսացող ջրամբարը մասնավոր ընկերությանը 40 տարով անհատույց հանձնելուն, չեն հետաքրքրվել, թե արդյոք այս ընկերությունը գետը տիղմից մաքրելու փորձառություն ունի՞, թե՞ ոչ, արհեստական լճից միայն տի՞ղմն է հանվելու, թե՞ նաեւ գետի բերած ավազը:

Եթե համայնքն իր ֆինանսական ռեսուրսներով չի կարողացել գետը մաքրել ջրի բերուկներից, ինչպե՞ս է դա անելու այդ ընկերությունը: Արհեստական լճում ավազ  արդյունահանող մի քանի անձինք կան, ովքեր «Հետքում» մեր հրապարակումներից հետո մտան հարկային դաշտ եւ օրինական տնտեսական գործունեություն  են ծավալում: Արհեստական ջրամբարը «Իջեւան տուրիզմ եւ բիզնես» ՍՊԸ-ին անհատույց հանձնելուն կողմ քվեարկած ավագանու անդամները երեւի չեն հիշել, որ 2009 թ. այդ լճից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ տողերիս հեղինակի հոդվածների համար Վարուժան Ներսիսյանը դատի տվեց «Հետքին»:

Ջրամբարն անհատույց մասնավոր ընկերությանը հանձնելով` Վարուժան Ներսիսյանը նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանին  զրկում է համայնքի բյուջեն համալրելու որոշակի հնարավորությունից: Նույն կերպ ավագանին հավանություն է տվել Վ. Նեսիսյանի առաջարկին եւ համայնքի սեփականությունը հանդիսացող Անկախության փողոցի 24 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզից 493,4 քմ տարածք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Իջեւանի վարժարանին, 182,05քմ` «Ավանդույթ» ՓԲԸ-ին եւ 31,4 քմ` «Կանաչ Տավուշ» ՀԿ-ին:  Տեղին է հիշեցնել, որ վարժարանի տնօրենը ավագանու անդամ Հասմիկ Ամիրյանն է: Ավագանու որոշմամբ,  կրկին անհատույց օգտագործման իրավունքով «Գայանե» համատիրությանն է տրամադրվել Երեւանյան 5 հասցեում գտնվող քաղաքապետարանի մասնաշենքից 29,5 քմ տարածք:

Վարուժան Ներսիսյանը, 12 տարի անընդմեջ քաղաքապետ աշխատելով, չէր լուծել Ղարագյոզյան 50 եւ Բլբուլյան 82 բազմաբնակարան շենքերի բնակարանները այդտեղ բնակվողներին անհատույց տրամադրելու խնդիրը: Եվ արդեն ընտրություններում պարտվելուց հետո նրա առաջարկով ավագանին հավանություն է տվել Ղարագյոզյան 50 շենքի թվով 38 բնակիչներին եւ Բլբուլյան 82 բնակելի շենքի 32 բնակիչներին իրենց զբաղեցրած տարածքներն անհատույց հատկացնելու առաջարկին:

Բացի այդ,  ավագանին հավանություն է  տվել ինքնակամ կառուցված եւ ինքնակամ օգտագործվող տարածքների իրավական կարգավիճակը որոշելու, պարզ ասած` օրինականացնելու, ինչպես նաեւ աճուրդային, մրցութային եւ ուղղակի կարգով հողամասեր օտարելու՝ Վ. Ներսիսյանի առաջարկին: Այդ որոշման մեջ նշված է 11 հողամաս: Սակայն իրականում խոսքն ավելի մեծ թվով տարածքների մասին է, օրինակ՝ որոշման  մի կետի ներքո, իբրեւ  Երեւանյան փողոցի մի տարածք, գրված է 6 x19.8 քմ հողամասի մասին: Այդ որոշմամբ օտարվող 11 տարածքներից միայն երկուսի հասցեն է նշված, մնացածի դեպքում` միայն փողոցի անունը:

Մինչեւ նոյեմբերի 13-ի ընտրությունները, նոյեմբերի 10-ին Վ. Ներսիսյանը ավագանու նիստ էր  հրավիրել, որի որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի 4 տարածքներ անհատույց օտարվել են կոնկրետ քաղաքացիներին, ավագանին համաձայնություն  է տվել  քաղաքաշինական եւ այլ նպատակներով ընդհանուր առմամբ 28 հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների եւ ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելուն:   

2011 թ. հուլիսի 25-ի եւ սեպտեմբերի 20-ի նիստերով ավագանին համաձայնություն էր տվել  ընդհանուր թվով 134  հողամասեր հատկացնելու եւ ինքնակամ կառուցված շինությունների կարգավիճակը որոշելու մասին Վարուժան Ներսիսյանի առաջարկությանը: Վերջին կես տարում՝ Իջեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ եւ հետո, Վ. Ներսիսյանի առաջարկով եւ ավագանու հավանությամբ Իջեւանում մեծ թվով  տարածքներ են օտարվել, սակայն համայնքի բյուջեն դրանից այնքան էլ չի աճել:

Հավելենք, որ նոյեմբերի 28-ի նիստում ավագանին հավանություն է տվել քաղաքապետարանի ֆինանսատնտեսական գործունեությանը, 2010 թ. հունվարի 1-ից մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 1-ն ընկած  ժամանակահատվածում, ուսումնասիրելու նպատակով համայքի բյուջեի հաշվին աուդիտորական կազմակերպություն ներգրավելու վերաբերյալ Վ. Ներսիսյանի առաջարկին: Փաստորեն, «հեռանալուց առաջ» Վարուժան Ներսիսյանն աուդիտով «սրբագրում է» իր գործունությունը: Եվ այդ աուդիտը կատարում է համայնքի բյուջեի հաշվին:  

Առաջին լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter