HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լոռվա ձմեռ». ինչպե՞ս է ծախսվել տոնախմբության համար հատկացված 3,3 մլն դրամը

Գայանե Սարգսյան

Փետրվարի 19-ին Վանաձորին կից Թեժ լեռան հովտում 47-րդ անգամ կայացավ ամենամյա «Լոռվա ձմեռ» տոնախմբությունը: Տոնախմբության կազմակերպման ու անցկացման մրցույթը 3,3 մլն դրամ նախահաշվային արժեքով շահել էր «Մոնիկա Հարությունյան» ԱՁ-ն, ով և եղել էր մրցույթի միակ մասնակիցը:

«Լոռվա ձմեռը» վանաձորցիների ամենասիրելի տոներից է: Այդ օրը ձմեռային մարզաձևերի սիրահարները շտապում են օգտվել առիթից ու սահել սարն ի վար ձգվող սահուղիներով: Այս տարի, սակայն, դա չհաջողվեց ոչ դահուկորդներին, ոչ սահնակով սահել ցանկացողներին. նրանք խրվում էի ձյան մեջ կամ գլխիվայր շրջվում, որովհետև սահուղիները որպես այդպիսին լիարժեք պատրաստված չէին ու հաստ շերտով, անհարթ ձյունն ուղղակի սահելու հնարավորություն չէր տալիս: Սա առաջացրել էր հանգստանալու եկած վանաձորցիների դժգոհությունը:

Հարցին՝ ինչո՞ւ այս տարի սահուղիներում բավարար պայմաններ չեն ստեղծվել սահելու համար, Վանաձորի քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Էդիկ Մացակյանը պատասխանել էր. «Հնարավորության սահմաններում մենք ձյունը ծեծել ենք համապատասխան մեքենայով: Արվել է ամեն հնարավորը, ինչ կարողացել ենք»:

Գրավոր հարցմամբ Վանաձորի քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել տոնախմբության անցկացման համար կատարված ծախսերի նախահաշիվը:  

Փետրվարի 24-ին ստացված տեղեկատվության համաձայն` 60 պատվոգրերի, 40 շնորհակալագրերի ու 50 հրավիրատոմսերի համար ծախսվել է 65 000 դրամ:

200 հատ ազդագրերի (80 000),  8 լոզունգների (169 400), տոնը խորհրդանշող տարբեր չափերի ու մատերիալի 4 լոգո-ների ( 81.000) համար ծախսը կազմել է 330 400 դրամ: Տոնի կազմակերպիչները լոգոն ընտրելիս առանձահատուկ մոտեցում են ցուցաբերել ոչ միայն դրա չափի, այլև մատերիալի ընտրության հարցում` համայնքային բյուջեից նույն 2/5 չափի կտոր լոգոյի համար վճարելով 15 000, իսկ  պոլիէթիլենե տեսակի համար 40 000 դրամ։

10 մուլտհերոսների երկուժամյա աշխատանքը գնահատվել է 100 000 դրամ: Տոնախմբությանը ներկա մեր տեսած մուլտհերոսները, սակայն, 6-ն էին:

Օդ բարձրացնելու համար «Լոռվա ձմեռ» գրությամբ փուչիկների փունջը գնահատվել էր 40 000 դրամ:  

640 000 դրամ հատկացվել է միկրոբեռնատարի (4 երթ/2 օր), 10 ավտոբուսի ու 20 միկորավտոբուսի երթերի դիմաց:

Գյումրիից-Վանաձոր միկրոսահնակ և Ծաղկաձորից-Վանաձոր ձմեռային մարզաձևերի գույք տեղափոխելու ու հետադարձ երթի համար ծախսվել է 90 000 դրամ: Եվս 200 000 դրամ հատկացվել է լարախաղացին:

Տոնախմբության ընթացքում ցանկացողները տաք թեյից օգտվելու հնարավորություն ունեին: Փաստաթղթերում, սակայն, ամեն տարի զգալի տեղ են զբաղեցնում ուտել-խմելու ծախսերը, որը կազմում է շուրջ 500 000 դրամ:  

Այս տարի այդ ցանկում ընդգրված էր 20 օղի (60 000դ.), 5 կոնյակ (30 000դ.), 5 գինի (10 000դ.), 10 կգ տավարի միս  (25 000դ.), 30 կգ խոզի միս (75 000դ.), 4 երշիկ (10 000դ.), 2 կգ վիտչինա (8 000դ.), 1,5 կգ բաստուրմա (10 000դ.), 1 կգ սուջուխ (6500դ.), 5 կգ պանիր (10 000դ.), 40 հատ հանքային ջուր (6 000դ.), 40 հատ աղբյուրի ջուր (6 000դ.), 20 հատ բնական հյութ (15 000դ.), 40 հատ լիմոնադ (6 000դ.), 60 հատ լավաշ (6 600դ.), 20 հատ հաց (40 000դ., 5 կգ սոխ (1 500դ.), 14 բանկա թթու (14 000դ.), 10 տուփ քամած մածուն (7 500դ.), 3-ական կգ պոմիդոր-վարունգ (8 400դ.), 5 տուփ աղ և այլն:

Ծախսացուցակը կազմելիս չեն մոռացել նաև մրգերի մասին` ներառելով 10 կգ խնձոր (6 000դ.), 10 կգ նարինջ (7 000դ.), 5 կգ գրեյպֆրուտ (4 000դ.), 20 հատ լիմոն (4 000դ.):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter