HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՕԿՍ-ի շենքի վերաբերյալ «Հետքի» հրապարակումը Գլխավոր դատախազությունը որակում է որպես «ընդհանրական բնույթի հանգամանքներ»

ՀՀ գլխավոր դատախազությունը որևէ իրավախախտում չի տեսնում մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և նախկինում բարձրաստիճան մի շարք պաշտոններ զբաղեցրած, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի կողմից մշակութային հուշարձանը յուրացնելու վերաբերյալ հրապարակման մեջ և չի պատրաստվում այս կապակցությամբ հարուցել գործ, իսկ հոդվածում տեղ գտած փաստերը որակում է որպես հանցագործության հատկանիշներ չպարունակող «ընդհանրական բնույթի հանգամանքներ», «հոդվածագրի դատողություններ և եզրահանգումներ»:

Մեր ընթերցողին առաջարկում ենք մեկ անգամ ևս ծանոթանալ 2015թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը յուրացրել են պետական հուշարձանը» հրապարակմանը, որի առնչությամբ «Հետքը» հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և Վերահսկիչ պալատին:

Կառավարության աշխատակազմից հարցումն ուղղվել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: Վերահսկիչ պալատը նախընտրել էր լռել: Գլխավոր դատախազության նամակին կանդրադառնանք ստորև:

Այս հարցումներով փորձում էինք պարզել, թե արդյոք համապատասխան գերատեսչությունները ծանոթացել են հոդվածին և թե ինչ որակում է տրվել այնտեղ տեղ գտած փաստերին, ինչ քայլեր են ձեռնարկվել երկու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից յուրացված մշակութային հուշարձանի՝ հանրությանը վերադարձնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ թերթը հոդված էր հրապարակել Աբովյան 3 հասցեում տեղակայված և Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում տեղ գտած շինության՝ ԱՕԿՍ-ի շենքի մասնավոր սեփականության անցնելու պատմության մասին, սակայն այն այդպես էլ չէր արժանացել համապատասխան մարմինների ուշադրությանը:

Ստացված պատասխանները

Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանը տառացիորեն կրկնում էր «Հետք»-ի հարցմանը նախկինում տված պատասխանը, և ըստ էության, ասում էր մի բան, որ իրենց կողմից ամեն ինչ արված է օրենքի սահմաններում: Կադաստրի  աշխատակիցը նույնիսկ չէր զլացել նորից կրկնելու ՀՍՍՌ Մինիստերների Սովետի 24.11.1955թ. №699 կարգադրության վերաբերյալ նախորդ նամակում տեղ գտած հատվածը:

Հիշեցնենք, որ այս կարգադրությամբ Մինիստրների Սովետի շենքը փոխանցում էր 1944թ. ստեղծված խորհրդային Հայաստանում ստեղծված «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության» (ԱՕԿՍ) հաշվեկշիռ: Այնուհետև, Կոմիտեն դարձյալ հիշատակում էր, որ «տվյալ գույքը հասարակական կազմակերպության հաշվեկշռում գտնվելու վերաբերյալ 22.06.2001թ.  №Ա-97 տեղեկանքը և հողհատկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի 07.05.2001թ. №456 որոշումը ու դրա հիման 01.06.2001 թվականին հասարակական կազմակերպության հետ կնքված հողօգտագործման պայմանագիրը»:

Վերջում նամակի հեղինակը եզրակացնում է, որ «հասարակական կազմակերպության կողմից հետագայում նշված անշարժ գույքի կադաստրի պետական գրանցումները ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում»: Փաստորեն, Կադաստրի կոմիտեն խուսափում է առանձին նորից նշել, թե հետագա ինչ գրանցումներ են եղել:

Բայց առավել ուշագրավ է Գլխավոր դատախազության պատասխանը, որտեղ ոչ միայն «Հետքի» հոդվածը որակվում է որպես «ընդհանրական բնույթի հանգամանքներ» պարունակող, այլև նշվում է, որ «դրանում ներկայացված փաստաթղթերը, հոդվածագրի դատողություններն ու եզրահանգումները կատարված կամ նախապատրաստվող հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն չեն պարունակում»: Շարունակենք ընթերցել պատասխանը.

«Մասնավորապես, հրապարակման մեջ ձեր իսկ ներկայացված փաստաթղթերի (ՀՍՍՌ Մինիստերների Սովետի 24.11.1955թ. №699 կարգադրությունը, Երևանի քաղաքապետի 07.05.2001թ. №456 որոշումը), ինչպես նաև ինքնուրույն իրավաբանական անձանց՝ հասարակական կազմակերպության և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև գույքային իրավահարաբերությունների մասին տեղեկություններն ինքնին որևէ իրավախախտման մասին տվյալներ չեն պարունակում, հետևաբար դրանց չի կարող տրվել իրավական գնահատական, իսկ հրապարակումն էլ չի կարող դիտարկվել իբրև քրեական հանցագործության մասին հաղորդում»:

Ի՞նչ է անտեսում Գլխավոր դատախազությունը

Չանդրադառնալով հոդվածում արդեն մանրամասն ներկայացրած փաստերին և փաստաթղթերին՝ այստեղ պարզապես թվարկենք այն, ինչը առնվազն պետք է դառնար ցանկացած ժողովրդավարական երկրի «իրեն հարգող» իրավապահ համակարգի ուշադրության առարկա:

  1. Նախ, պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունը և դրան հարող տարածքը աստիճանաբար անցել են ոչ անհայտ մասնավոր անձանց ձեռքը: Դրանք ոչ թե գնվել են պետությունից հանրային գույքի մասնավորեցման գործող ընթացակարգերի համաձայն, այլ խորհրդային շրջանում  արձակված կարգադրությունը որպես հիմնավորում ունենալով, 2001թ. փոխանցվել խորհրդային շրջանում գործող «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության» (ԱՕԿՍ) հաշվեկշռին, որից հետո մի շարք գործողությունների արդյունքում հայտնվել պետական պաշտոնյայի հետ անհերքելիորեն առնչություն ունեցող մասնավոր անձի ձեռքում: Ի դեպ, ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ Հասմիկ Պողոսյանի և Արմեն Սմբատյանի կողմից նույնանուն ՀԿ-ն հիմնադրվել է ավելի ուշ՝ 2005թ. հուլիսի 5-ին: Մեկ փաստ ևս. եթե Հասմիկ Պողոսյանի կենսագրականում 2005թ.-ի համար նշված է, որ աշխատել է վերոհիշյալ ընկերությունում՝ ԱՕԿՍ-ում, ապա Արմեն Սմբատյանն այդ ժամանակ զբաղեցնում էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը (ի դեպ, վերջինս արդեն հասցրել էր լինել մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար՝ 1996-98թթ., հենց այս ժամանակ է, որ սեփականաշնորվել է Աբովյան 3-ի նկուղային հարկը):  Բայց սա էլ իրավապահ համակարգի մոտ ամենևին կասկած չի հարուցում:  

  2. Քննության առարկա չէ նաև այն, որ երբ 2006թ. Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնեց՝ թողնելով ԱՕԿՍ-ի խորհրդի նախագահի պաշտոնը, Պողոսյանի ղեկավարած նախարարությունը ԱՕԿՍ-ի հետ բազմաթիվ ծրագրեր սկսեց իրականացրել:  

  3. Ավելին, իրավապահները «բնական անցում» են համարում նաև այն, որ «ԱՕԿՍ» ՀԿ-ի կողմից 2011թ. հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ին փոխանցված անշարժ գույքը 2012թ. հանկարծ դարձել է օֆշորում՝ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության սեփականությունը, իսկ կարճ ժամանակ անց սեփականատերերը նորից են փոխվել:   

  4. ԱՕԿՍ-ի նոր սեփականատերերից մեկի՝ Գոռ Դավթյանի անձը (մյուս սեփականատերը՝ Ադելա Ստեփանյանը, Դավթյանի մայրն է), որի կապը նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հաստատվում է մի շարք փաստերով, ևս անձեռնմխելիության դաշտում է:

  5. Եվ ինչո՞ւ պիտի իրավապահները քննեն այն փաստը, որ բարձրաստիճան պաշտոնյաները, փաստորեն, չծախսելով և ոչ մի լումա, պետությունից նվեր են ստացել պատմական բարձրարժեք շինությունը, դրան հարող տարածքը վաճառել են անկասկած բարձր գնով:  

  6. Այսքանից հետո ավելորդ է ասել, որ այն հանգամանքը, որ Աբովյան 3-ի նկուղային հարկում գտնվող «Թիֆլիս» ՍՊԸ-ի սեփականատերը սահուն կերպով դարձել է Հասմիկ Պողոսյանի որդին՝ Վաղարշակ Հակոբյանը, ևս չի կարող դիտարկվել իրավապահների կողմից:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter