Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվողը կտեսակցի հարազատներին
Ամալյա Մարգարյան
Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Արման Առաքելյանի գործով այսօր կայացած դատական նիստին պաշտպան Արա Կարագյոզյանը հանդես եկավ միջնորդություններով։
Առաջին միջնորդությունը վերաբերում էր վկա Էլմիրա Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքներին, որոնք պաշտպանը գործի հիմքում որպես անթույլատրելի ապացույց է համարում։ Փաստաբան Ա.Կարագյոզյանը նշեց, որ վկան Արման Առաքելյանի դեմ ցուցմունք է տվել, սակայն դատարան չի ներկայացել, որի հետևանքով իր պաշտպանյալը հնարավորություն չի ստացել հարցաքննել իր դեմ ցուցմունք տված վկային։
«Նշված արձանագրությունը չի կարող դիտվել որպես ապացույց, և դրվել մեղադրանքի հիմքում»,-նշեց փաստաբանը։
Փաստաբանը հավելեց նաև, որ իր պաշտպանյալի և վկայի ցուցմունքներում էական հակասություններ են եղել, նշեց նաև, որ քննիչը պարտավոր է եղել այդ դեպքում առերեսում կատարել։
«Այս դեպքում առերսումը կատարվում է ոչ միայն ճշմարտությունը բացահայտելու նպատակով, այլ հանդիսանում է նախաքննության փուլում մեղադրյալի պաշտպանական իրավունքի ապահովման միջոց»,-նշեց Արա Կարագյոզյանը։
Արա Կարագյոզյանը հայտնեց, որ եթե իր պաշտպանյալին հնարավորություն չի տրվում առերեսվել իր դեմ ցուցմունք տված վկայի հետ, այս դեպքում վերջինս զրկվում է արդար դատաքննության իրավունքից։
Դատախազ Հայկ Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ ՝ նշելով, որ այն անհիմն է, և որևէ էական հակասություն չկա վկայի նախաքննական ցուցմունքում։ Ավելացրեց նաև, որ վկայի ցուցմունքը միակը և վճռորոշը չէ, քանի որ կան են այլ ապացույցներ, որոնք ապացուցում են ամբաստանյալին վերագրվող մեղադրանքը։ Դատախազը ասաց, որ այս դեպքում ևս կխախտվի ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքը, քանի որ հստակ չէ, թե երբ վկան կվերադառնա Հայաստան։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ներկայացրած միջնորդությունը։
Արա Կարագյոզյանը հանդես եկավ հայտարարությամբ և դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին նշեց, որ դատավորը հանդես է գալիս մեղադրանքի կողմից, իսկ վերջինիս գործողությունները հակասում են վճռաբեկ և եվրոպական դատարանի նույնաբովանդակ որոշումներին։
«Ցավոք սրտի այս գործն էլ գնալու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և ՄԻԵԴ-ը ձեր գործողությունները քննարկման առարկա կդարձնի, քանի որ դուք ակնհայտորեն խախտում եք Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը»,-հայտարարեց Արա Կարագյոզյանը։
Երկրորդ միջնորդությունը ամբաստանյալի տեսակցությունները և հեռախոսային խոսակցություններն արգելելու վերաբերյալ էր։ Պաշտպանը նշեց, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, և որևէ պատճառ չկա Արման Առաքելյանին զրկելու այդ իրավունքից։ Այս անգամ միջնորդությունը բավարարվեց։
Երրորդ միջնորդությունը խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ էր, պաշտպանը նշեց, որ Արման Առաքելյանը չի խուսափել քրեական վարույթից և ունենալով բավարար ժամանակ չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։
«Եթե իմ պաշտպանյալը մտավադրություն ունենար փախուստի դիմել, նա բավականին ժամանակ գտնվում էր ազատության մեջ և կարող էր դա անել»,-հայտնեց պաշտպանը, ապա ավելացրեց, որ իր պաշտպանյալը երբեք չի դատապարտվել, ունի մշտական բնակության վայր, դրական բնութագիր, խնամքի տակ ունի առողջական խնդիրներ ունեցող մայր և տան միակ կերակրողն է։
Դատավոր Մարտիրոսյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժեց միջնորդությունը։ Դատաքննությունը կշարունակվի մարտի 6-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել