
Նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց հեռանկարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը ևս ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, մեծ կարևորություն է տալիս ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացմանը` նպատակ ունենալով երկրում շարունակել և առաջ մղել բարեփոխումների օրակարգն ամենատարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և վերջին շրջանի զարգացումները:
Սերժ Սարգսյանը և Ժան-Կլոդ Յունկերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Հանրապետության նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու մտահոգությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը, որը համահունչ է հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ձևակերպումներին:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում` սիրիական ճգնաժամի շուրջ, անդրադարձել փախստականների հիմնախնդրին և բազմաթիվ երկրների հետ միասին Հայաստանի կողմից Սիրիայի բարեկամ ժողովրդին ու սիրիահայերին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել