HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկիրն ազդում է երկրի վրա

Լեռ Կամսար

Մեզ ծանոթ երկու դրախտ գոյություն ունի՝ մեկը երկրի վրա է, մյուսը երկնքում։ 

Այդ դրախտները կառուցված են այնպես, որ մարդը չկարողանա երկուսն էլ վայելել։ 

Երկրի վրա դրախտ վայելողն իրավունք չունի վայելել նաև երկնայինը, և ընդհակառակը։ 

Մեզ մոտ համարյա բոլոր մարդիկ գերադասում են երկրային դրախտը։ Իսկ այդ դրախտ տանող միակ ճանապարհը գողություն է, որը ընթացիկ բառով «փափախ» է կոչվում։

Մի մարդ միայն հրաժարվեց գողությունից, որ երկնային դրախտին արժանանա։

Այդ մարդը մտավ խանութ աշխատելու, բայց որովհետև ո՛չ թերաչափեց, ո՛չ թերակշռեց՝ դիրեկտորը մյուս օրը դուրս արեց նրան ասելով․

-Ազնիվ մարդ մեզ պետք չէ։ Ազնվությամբ դո՛ւ ապրես, բաժնի վարիչն ապրի, ե՞ս ապրեմ, թե՞ իմ վերադասը։

Գնաց դատավոր դարձավ մարդը։

Երբ մարդասպանը կաշառքը վերցրած դատարան էր մտնում և ասում նրան․

-Առ քո կաշառքը, ինձ ազատիր, գնամ նորանոր սպանություններ կատարեմ՝ մարդը կաշառքը չէր վերցնում և նրան գնդակահարության էր դատապարտում։ Մարդասպանը վճռաբեկ բողոք էր ներկայացնում Գերագույն դատարան և բողոքում, որ դատավորը կաշառք չի վերցնում։

Եվ ի՞նչ։ Այս անլուր հանցանքի մեջ բռնված դատավորին կանչում և ասում է Գերագույն դատարանը․

-Էհե՜, բարեկամ։ Այդ որտե՞ղ ես։ Առանց կաշառքի ե՜ս ապրեմ, դո՜ւ ապրես։ Գրի՛ր քո դիմումի համաձայն քեզ ազատեմ։

Հետո պահեստապետ դարձավ մարդը, շարունակելով ձեռք չմեկնել այնտեղի ապրանքին։

Կանչեց վերադասը և ասաց․

-Քո այդ վարմունքով ե՛ս բնակարան կառուցեմ, դո՛ւ բնակարան կառուցես, իմ վերադասը, քո ստորադասը։ Հետո էլ ես ավտոմոբիլ գնեմ, դու գնես, մեր վերադասն ու ստորադասը գնի․․․  Չեղա՛վ, գրիր համաձայն քո դիմումի քեզ ազատեմ։

Այսպես այդ մարդը ուր գնաց աշխատելու՝ իր դիմումի համաձայն ազատվեց։

Եվ որովհետև անգործ մնալով սովամահության դատապարտվեց, այդ պատճառով գրեց Աստծուն, որ իր դիմումի համաձայն իր հոգին առնի։

Հարգեց Աստված նրա դիմումը և հոգին առավ։

․․․ Պետք էր տեսնել, թե ինչպե՜ս էր երկինք շտապում, երկնային դրախտը գնալու համար։

Երկնքում եղավ կարճ դատաստան։ Մարդը փաստերով ապացուցելով իր արդար լինելը, խնդրեց իրեն ընդունել երկնային դրախտը։

Այն ժամանակ Աստված օրորեց իր գլուխն ասելով․

- Ավա՜ղ սիրելիս, սա այլևս նախկին դրախտը չէ։ Մեր դրախտը հիմա սովխոզ է դարձել և այնտեղ էլ ապրելու համար պիտի գողանալ։

- Ես չեմ գողանա, - ասաց մարդը։

- Այն ժամանակ դժոխք պիտի գնաս։ Հիմա նախ արդար մարդ գոյություն չունի, իսկ եթե ճարվում են այնուամենայնիվ քեզ նման շշմածներ, նրանք էլ դժոխք են գնում։

- Դժոխք կերթամ, բայց չեն գողանա։ - Ցույց տուր դժոխքի ճամփան։

Աստված մի հրեշտակ կանչեց, որ մարդուն տանի հանձնի սատանային՝ դառնա։

Սատանան դժվարությամբ ընդունեց նրան ասելով․

-Զուր տեղ դու էլ չգողացար։ Ըստ նոր կարգադրության արդարնները դժոխքին են հանձնվում։ Բայց որովհետև հիմա այլևս արդար մարդ չի մնացել, ես դժոխքի իմ բաժանմունքները փակեցի, միայն մի կպրի կարաս եմ տաքացնում քեզ նման մոլորված մարդկանց տանջելու։ Ուզո՞ւմ ես մտիր կարասը, կուպրն արդեն եռում է։

Մտավ։ Ու չնայած անլուր տանջանքին, էլի չհամաձայնեց գողանալ։

Պիտի ասեք՝ դժոխքում ի՞նչ կար՝ ի՞նչ գողանար։ Այդպես չէ։ Ասֆալտապատման համար գալիս էին նրանից թանկ գնով կուպր էին ուզում՝ չէր տալիս։ Ասում էր ավելի լավ է այդ կպրի մեջ տապակվեմ, քան գողանամ ծախեմ․․․

Եվ չծախեց։

Արդ, տեսնո՞ւմ եք ինչ դարձավ աշխարհը։ Փոխանակ երկիրը երկնքից արդարություն և մաքրություն սովորելու, երկինքը երկրի բոլոր կեղտերը յուրացուց։ Այնպես որ մաքուր մնաց մի դժոխք, մի կպրի կարաս, մի ազնիվ մարդ ամբողջ աշխարհում։

Իսկ մի մարդու համար դժոխք պահելը մեծ ծախս է նստում Աստծու վրա։

Այդ պատճառով էլ աշխատում են այդ միակ մարդուն գողություն սովորեցնել։

Իսկ այդ կարող է անել միայն կինը։

Հիշեց Աստված Ադամ-Եվայի պատմությունը և մտածեց դժոխքի Ադամին մի Եվա տալ, որ խաբի իր մարդուն, իսկ ինքը բարկանալով, երկուսին էլ դուրս վռնդի դժոխքից և դռները փակի ընդմիշտ։

1964 թ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter