Նոր Հաճնի կամուրջը կլուսավորվի «Philips»-ի լամպերով
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսել» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր, որով «Կոնսել» ընկերությունը սեփական միջոցներով «Philips» ընկերության արտադրած ժամանակակից էներգախնայող բարձրակարգ լամպերով կլուսավորի Նոր Հաճնի կամուրջը։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Կոնսել» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Փափազյանը։
Ողջունելով համագործակցության այս ծրագիրը՝ Ա. Առաքելյանը նշել է, որ այն պետություն-մասնավոր հատված համագործակցության դրսևորում է, փոխադարձ շահագրգռվածությամբ ծրագիր:
«Կոնսել» ընկերության տեսանկյունից սա մարքեթինգային քայլ է, իսկ մեզ համար հնարավորություն՝ կամրջային բարդ ենթակառուցվածքն անվճար կահավորելու բարձրակարգ լուսատուներով»,- նշել է Ա. Առաքելյանը։
«Կոնսել» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Փափազյանը տեղեկացրել է, որ լուսատուները «Philips» ընկերության վերջին արտադրանքներից են, և սա ընկերության կողմից իր նոր արտադրանքը հայ հանրությանը ներկայացնելու միջոց է։
Ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով Նոր Հաճնի կամուրջը սեփական միջոցներով լուսավորելու ծրագիրը նախարար Վահան Մարտիրոսյանին էր ներկայացվել մոտ մեկ ամիս առաջ՝ «Philips Lighting» ընկերության պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել