Քաղաքապետը ներկայացրել է Շենգավիթի նոր ղեկավարին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի պաշտոնը:
Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը մնում է թիմի կողքին եւ իր հասարակական գործունեությամբ կշարունակի մասնակցել համայնքում իրականացվող ծրագրերին:
Ընդգծելով վարչական շրջանի ղեկավարի բազմակողմ աշխատանքի եւ պատասխանատվության բեռը՝ Տարոն Մարգարյանը կարեւորել է ամենօրյա հետեւողական ու սրտացավ աշխատանքի անհրաժեշտությունը, որն ունի միայն մեկ բանաձեւ՝ ի նպաստ Երեւանի եւ երեւանցու:
«Այն խնդիրները, որոնց առնչվում են մեր բնակիչները, տեսանելի են մեզ: Մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է կարողանանք ոչ միայն այդ խնդիրներին լուծում տալ, այլեւ զարգացման երկարաժամկետ ծրագրեր կյանքի կոչել», -նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման հարցին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ հետեւողական լինել ոչ միայն վարչական շրջաններում բնակիչների ընդունելությունների կազմակերպմանը, այլեւ բակային հանդիպումների միջոցով եւս ծանոթանալ նրանց հուզող խնդիրներին. «Բնակիչների կողմից բարձրացված արդարացի, օբյեկտիվ հարցերը անարձագանք չպետք է մնան»: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել