
«Լույս» հիմնադրամին 48 մլն դրամ կտրամադրվի` ազգային ֆիլհարմոնիկի փառատոնի կազմակերպման համար
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երևանյան երաժշտական միջազգային փառատոնի կազմակերպման, երիտասարդ երաժիշտների վարպետության դասերի կազմակերպման աջակցման, մասնագիտական կարողությունների զարգացման և խթանման ծրագրի շրջանակներում 48 միլիոն դրամ կհատկացվի «Լույս» հիմնադրամին։
Կառավարությունը չքննարկվող կարգով հավանության արժանացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ներկայացրած այս որոշման նախագիծը։ Դրանում նշվում է, որ որոշման նպատակն է` ապահովել ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փառատոնային գործունեությունը և գործընկեր «Լույս» հիմնադրամի հետ համատեղ երիտասարդ երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունները զարգացնել՝ կրթամշակութային ծրագրերի իրականացմամբ:
Նշենք, որ «Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով։ Դրա հիմնադիրներն են նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հիշեցնենք, որ հիմնադրամին տասնյակ միլիոնավոր դոլարներ էր փոխանցել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը վնասով էր աշխատում, մեծ չափի պարտքեր էր կուտակել և դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու խնդրով:
Մեկնաբանել