
Ադրբեջանին ծնկի բերելու տարբերակը կամ արցախցիների ինքնորոշումից Արցախի միջազգային ճանաչում
Նախօրեին հայաստանյան լրատվամիջոցները, հղում կատարելով «Արցախպրես» գործակալության հրապարակմանը, մեծ ոգևորությամբ գրում էին, թե ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է մինչև այս տարվա վերջ առնվազն մեկ պետության կողմից Արցախի Հանրապետությունը (ԱրՀ) ճանաչելու հնարավորության մասին: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակեց Արցախում հայաստանյան դեսպանների հավաքի շրջանակում Նալբանդյանի ճեպազրույցը, որից պարզ դարձավ, որ նա ընդամենը պատասխանել է այդ հնարավորության մասին հարցին՝ նշելով, թե նման բան չի բացառվում: Նման հնարավորություն չի կարելի բացառել տեսականորեն: Եվ Նալբանդյանը հենց սա է փորձել ասել: Լրիվ այլ հարց է, թե որքանով է դա հավանական գործնականում կամ ինչ է արվում այդ ուղղությամբ:
Վերջին մի քանի օրերին արցախյան հիմնահարցի շրջանակում հայկական կողմի քայլերի և արտաքին լսարանին ուղղված ուղերձների տողատակում կարմիր թելի պես անցնում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության մակարդակը բարձրացնելու գիծը:
Փետրվարի 28-ին, այն բանից հետո, երբ Ադրբեջանին թույլ տրվեց արցախա-ադրբեջանական շփման գծի միջդիրքային տարածքից հանել փետրվարի լույս 25-ի գիշերը դիվերսիոն հետախուզական ներթափանցման անհաջող փորձի ժամանակ նրա թողած 5 դիակները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը Ստեփանակերտում հանդիպումներ ունեցավ ԱրՀ նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: Կասպշիկի այս հանդիպումները գուցե ուշադրության չարժանանային, եթե մարտի 1-ին հանդես չգար ադրբեջանցի դիվերսանտների դիակները միջդիրքային տարածքից հանելու գործընթացի մասին հայտարարությամբ, որտեղ նա մի ուշագրավ ձևակերպում է անում. «Ես ցանկանում եմ ընդգծել, որ իմ գրասենյակին հետևողականորեն աջակցություն են ցուցաբերում տեղացի հրամանատարներ, ինչպես նաև զինվորական իշխանությունների ներկայացուցիչներ»:
«Տեղացի զինվորական իշխանությունների ներկայացուցիչներ» ասելով` Կասպշիկը նկատի ունի արցախյան իշխանություններին: Բայց նա խուսափել է իրերը կոչել իրենց անունով, թերևս, ԱրՀ-ի չճանաչված լինելու և Բաքվին ավելորդ չնյարդայնացնելու պատճառով: Սակայն փաստը, որ դիակները հանելուց երկու օր հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածում միայն այն պատճառով, որպեսզի շեշտի, որ դիակների դուրսբերումը հաջողվել է «տեղացի զինվորական իշխանությունների» աջակցությամբ, այլ բան չէ, քան Արցախին որպես հակամարտության կողմ ճանաչելու անուղղակի դրսևորում:
Կարելի է չկասկածել, որ նման հայտարարությունը դիակների հանումը թույլ տալու արցախյան կողմի հիմնական պահանջի կատարման դրոսևորում է: Պատահական չէ, որ փետրվարի 26-ին և մինչև 27-ի կեսօր դիակների դուրսբերման գործընթացը տեղի չէր ունենում: Արցախյան և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում էին ձեռքբերված ինչ-որ պայմանավորվածությունների խախտման մեջ՝ առանց կոնկրետացնելու, թե ինչ պահանջների մասին է խոսքը:
Պետք է ենթադրել, որ արցախյան կողմի պահանջը եղել է այն, որ ադրբեջանիցներն այդ հարցով պետք է որպես կողմի` բանակցեն հենց իրենց հետ, ինչը նրանք արել են, բայց առանց դրա մասին բարձրաձայնելու: Որպես միջանկյալ լուծում այդ խնդիրը, հայտարարություն տարածելով, իր վրա է վերցրել միջնորդի դերում հանդես եկած Կասպշիկը:
Բացի դրանից՝ Արցախի սուբյեկտայնության վրա շեշտադրումներ է կատարել նաև Սերժ Սարգսյանը՝ փետրվարի վերջին Բելգիա կատարած այցի և հատկապես «Քարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում ունեցած ելույթի ժամանակ: Դրանում նա մի քանի անգամ օգտագործել է ոչ թե «ԼՂ», այլ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը: Բացի դրանից, հենվելով Արցախում անցկացված հանրաքվեի մասին օտարերկրյա դիտորդների տված գնահատականների վրա՝ Սարգսյանն Արցախում ժողովրդավարության մակարդակը հակադրել է Ադրբեջանի բռնապետացմանը: Բայց որ շատ ավելի էական է՝ Սարգսյանը զուգահեռ է անցկացրել Արցախի և Կոսովոյի միջև. «Դժվար է բացատրել արցախցի գործընկերներին, թե ինչու ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող: ...Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից»,- ասել է նա:
Սակայն որքան էլ նկատելի է Արցախի սուբյեկտայնությունն օրակարգային դարձնելու ցանկությունը, դրան առնչվող քայլերն ու ուղերձները շարունակում են մնալ բացառապես մադրիդյան սկզբունքների սահմաններում՝ հետապնդելով ընդամենը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ճանաչմանը հասնելու նպատակ: Առանց ԼՂՀ-ն ճանաչելու նրա ժողովրդավարական գործընթացին նպաստելու՝ միջազգային հանրությանն ուղղված Սերժ Սարգսյանի կոչը ոչ այլ ինչ է, քան կազանյան փաստաթղթով նախատեսված՝ տեսականորեն ԼՂ-ում երբևէ հանրաքվե անցկացնելու պայմանին Ադրբեջանի համաձայնելու դիմաց տարածքային զիջումների պատրաստակամության դրսևորում:
«Եթե Ադրբեջանն իրապես մտահոգված է ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն. դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է»,-ասում է Սարգսյանը:
Նույն միտքը Ստեփանակերտում Էդվարդ Նալբանդյանը զարգացնում է հետևյալ կերպ. «Դրան (Արցախի ճանաչմանը-հեղ.) են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը»։
Սույն մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ հայկական կողմի այս պահին հետապնդած մաքսիմալ նպատակը հանրաքվեի միջոցով արցախցիների ինքնորոշման հեռանկարն ամրագրելն է: Այսինքն ոչ միայն կրկնել մի գործընթաց, որն արցախցիներն անցել են 16 տարի առաջ, այլև դրանով իսկ «ջրել» 1991թ. ԼՂ անկախության հանրաքվեն:
Հետաքրքրական է, որ պաշտոնական Ստեփանակերտը ևս կիսում է այս տեսակետը: Ռուսական «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Բակո Սահակյանը, ներկայացնելով հակամարտության կարգավորման Ստեփանակերտի ֆորմուլան, նշում է. «Հակամարտության հիմնաքարային քաղաքական ասպեկտները կարգավիճակի և անվտանգության ապահովման հիմնահարցերն են: Մնացած բոլոր հարցերը դրանց ածանցյալներն են: Մեզ համար չկա ետդարձ դեպի անցյալ: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս: Դա բացառված է: Բոլոր առումներով ԼՂՀ-ի անվտանգության ապահովումը ևս չի կարող նվազագույն կասկածի առարկա լինել: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, մենք պատրաստ ենք դրանք քննարկել Ադրբեջանի հետ»:
Այսինքն խոսելով Ադրբեջանի կազմում ոչ մի պարագայում չլինելու մասին` Սահակյանն, այնուամենայնիվ, չի հստակեցնում՝ այդ դեպքում ի՞նչ կարգավիճակ է պատկերացնում Արցախի համար: Խնդիրն այն է, որ մադրիդյան սկզբունքների և հատկապես կազանյան արդեն հրապարակված փաստաթղթի առաջարկած լուծումն այն է, որ ԼՂ-ին շնորհվում է միջանկյալ, Ադրբեջանի կազմից դե ֆակտո դուրս կարգավիճակ՝ մինչև այնտեղ հանրաքվեի անցկացումը՝ առանց գոնե մոտավոր հստակեցնելու հանրաքվեի անցկացման ժամկետները։ Գործնականում սա նշանակում է Ադրբեջանի կազմից փաստացի դուրս Արցախի անհասկանալի միջանկյալ ինչ-որ կարգավիճակ՝ նախկին ԼՂԻՄ հարակից շրջանները Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության դիմաց: Ընդ որում, դեռ պետք է հասկանալ՝ ի՞նչ կարգավիճակ են ունենալու «միջանկյալ» Արցախի քաղաքացիները կամ ի՞նչ է հասկանում առհասարակ միջազգային իրավունքը «միջանկյալ կարգավիճակի» ներքո:
Եթե այս դիրքորոշումը հայկական կողմը զարգացներ շփման գծում հարաբերական խաղաղության պայմաններում, գոնե կարելի կլիներ համարել, թե սա ստատուս-քվոն պահելու մարտավարություն է: Բայց շփման գծում ընթանում է սողացող ու աստիճանաբար ընդլայնվող ամենօրյա պատերազմ՝ բանակցությունների գրեթե լիակատար բացակայության և Ադրբեջանի կողմից բացարձակ մաքսիմալիստական պահանջների առաջադրման պայմաններում: Բաքուն, փորձում է օրակարգից հանել նույնիսկ տեսականորեն Արցախի ինքնորոշման հեռանկարը, մադրիդյան սկզբունքները և անցնել փոքր մասշտաբային պատերազմների միջոցով Արցախի տարածքները մաս առ մաս գրավելու ռազմավարության: Իսկ այդ ընթացքում կազանյան փաստաթղթից կառչած մնալով՝ Երևանը փորձում է միջազգային հանրության հետ համընթաց քայլելու և դրանով իր ակնկալիքներն ավելի ընկալելի դարձնելու պայմաններ ստեղծել՝ առաջնորդվելով Ադրբեջանի դիվանագիտական փակուղին պահելու սկզբունքով: Բայց սա որևէ արդյունք չի տալիս. միջազգային հանրությունը հայկական կողմի պնդումների հանդեպ ավելի ընկալողունակ չի դառնում և կեղծ հավասարության սկզբուքնով անտեսում ու խրախուսում է Ադրբեջանի պատերազմական քաղաքականությունը: Սա ոչ միայն չի զսպում Ադրբեջանին, այլև ավելի է ոգևորում:
Նման իրավիճակում միակ ռացիոնալ տարբերակը մնում է քաղաքական, դիվանագիտական ռեսուրսները Արցախում նոր հանրաքվե անցկացնելու գաղափարի առաջմղման առաջնահերթությունից տեղափոխել Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման կամ գոնե սկզբնական շրջանում Ադրբեջանի համար նման իրատեսական սպառնալիք ստեղծելու հարթություն: Եթե բերվում է Կոսովոյի օրինակը, ապա դա պետք է արվեր ոչ թե նրա ներքին ժողովրդավարությանը միջազգային հանրության նպաստելու դաշտում Արցախի հետ համեմատության տեսանկյունից, այլ՝ Կոսովոյի անկախության ճանաչման հենց արևմտյան երկրների բերած հիմնավորումները հիշեցնելու: Ի վերջո, Կոսովոն մի շարք երկրների կողմից ճանաչվեց հենց այն հիմնավորմամբ, որ դա է նրա և այդ տարածաշրջանում ապրող մուսուլման ալբանացիների անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը: Նույն այդ պատճառաբանությամբ 2008թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը, ի դեպ, ճանաչեց Աբխազիայի և Հր. Օսիայի անկախությունը:
Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմը՝ ուղեկցված այդ երկրում բացահայտ, պետական մակարդակով իրականցվող հայատյացության ու նացիզմի քաղաքականությամբ, տալիս են Արցախի ճանաչման պահանջը միջազգային հանրության առջև դնելու և հիմնավորելու լիարժեք հնարավորություններ: Եթե ՄԽ համանախագահող երկրներն իսկապես ցանկանում են կասեցնել հնարավոր պատերազմը և Ադրբեջանին ստիպել նստել բանակցությունների սեղանին, ապա միակ գործուն միջոցը նրա համար Արցախի անկախությունը ճանաչելու սպառնալիք առաջացնելն է: Եթե հաջողվի հասնել միջազգային հանրության մոտ այս ընկալման ձևավորմանը, ապա կարելի է դնել այն իրականություն դարձնելու խնդիր:
Իհարկե, բացառված չէ, որ Ադրբեջանը նաև դա կմերժի՝ շարունակելով կամ ավելի զարգացնելով սողացող պատերազմի իր ներկայիս ուղեգիծը: Բայց գոնե այդ դեպքում փոխված կլինի այսպես կոչված «դիվանագիտական ստատուս քվոն» և հայկական կողմը կսկսի ոչ թե կրկին արցախիցիների ինքորոշման իրավունքի իրացման դաշտ ստեղծելու դիրքերից, ինչպես եղավ ապրիլյան պատերազմից հետո, այլ Արցախի անկախության ճանաչման: Եվ եթե պատերազմն անխուսափելի է, ապա այդ դեպքում միջազգային հանրության համար ոչ միայն շատ ավելի ընկալելի և արդարացված կլինի Հայաստանի կողմից ԱրՀ-ի ճանաչումը, այլև դրանից հետո գուցե ոչ թե մեկ երկիր կհետևի Հայաստանին, այլև նման երկրների շքերթ սկսվի:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել