HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալի գործով ցուցմունք տվեցին կուրսանտ վկաներ

«Եթե ամեն օր էլ չէ, ապա օրը մեջ գնդապետը արձակուրդ էր տալիս իր որդուն, բայց ես որևէ վատ բան չեմ տեսել պարոն Մարկոսյանից»,- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ Զարմիկ Մարկոսյանի գործով այսօր դատարանում նման ցուցմունք տվեց վկա, ինստիտիուտի կուրսանտ Էդիկ Բեգլարյանը: Դատարանի հարցին՝ եղե՞լ է դեպք, որ Դուք գնդապետին ինչ-որ հարցով դիմեք, ու նա ընդառաջի, վկան պատասխանեց, որ եղել է, բայց չի հիշում: Ապա հիշեց. «Մի անգամ գնդապետից աղ եմ խնդրել, տվել է»:

Գնդապետ Մարկոսյանը ինստիտիուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Գնել Թևոսյանի հայրն է: Սպանությունից հետո Մարկոսյանն աշխատանքից ազատվել է, և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ որդու համար ինստիտուտում արտոնյալ պայմաններ ստեղծելու մեղադրանքով: Ըստ վկաների ցուցմունքների՝ Գնել Թևոսյանը հաճախակի է բացակայել ինստիտուտից:

Վկա Բեգլարյանի խոսքով` ինքն ու Գնել Թևոսյանը լավ հարաբերություններ չեն ունեցել, բայց մշտապես Մարկոսյանի կողմից նորմալ վերաբերմունքի է արժանացել:

«Երկուսս էլ ղարաբաղցի ենք, բայց մեկս մյուսի հետ չունեինք:- նկատի ունենալով Գնելին` ասաց Բեգլարյանն ու շարունակեց,- Հա, լավ կլիներ, որ ես էլ օգտվեի... բայց չէի նախանձում. Գնելի արձակուրդներն ինձ վրա հոգեբանորեն չէին ազդում»:

Դատարանը հարց ուղղեց Բեգլարյանին, թե արդյոք վերջինս երբևէ տեսել կամ լսել է, որ գնդապետ Մարկոսյանը որևէ մեկին ասի կամ իր դիրքից ելնելով` հրամայի, որ որդուն ազատ արձակեն: Վկան պատասխանեց, որ չի տեսել ու երբևէ չի հետաքրքրվել, որովհետև բնավորությամբ այդպիսի մարդ չէ:

Նախաքննության ընթացքում վկան ցուցմունք էր տվել այն մասին, որ Գնելի բացակայություններն այնքան հաճախակի են եղել, որ ինքը չի կարող դրանք բոլորը հիշել, ինչպես նաև հայտնել էր, որ այդ հանգամանքը բոլոր կուրսանտների վրա բացասական ազդեցություն էր թողնում: Դատարանում նա պարզաբանեց, որ այդ մասին խոսակցություններ կային ինստիտիուտի պատերի տակ, որ ինքն այդ դժգոհությունը տեսել է կուրսանտների դեմքին, բայց անուններ նշել չի կարող:

Ըստ կուրսանտի՝ Գնել Թևոսյանը հաճախակի է անբավարար գնահատականներ ստացել, և չնայած նրան, որ ըստ ինստիտիուտի ներքին կանոնակարգի` անբավարար գնահատականներ ստացած ու դրանք չվերահանձնած կուրսանտներին արձակուրդ չէր տրամադրվում, նաև ամենաշատն է ազատ արձակվել:

«Չգիտեմ` ինչպես, բայց պարզ է, որ Գնելի հայրն էր այդպես արել, քանի որ մեր մարտկոցում այլ անձ չկար, որ այդքան բացակայեր զորամասից»,- ասաց վկան ու նաև նշեց, որ հրամանատարությունն ամենայն հավանականությամբ այդ մասին որևէ մեկին չէր զեկուցում, քանի որ զեկուցելու դեպքում պիտի հենց գնդապետ Մարկոսյանին զեկուցեին:

Հարցաքննված մյուս վկան՝ Սամվել Ամիրյանը, հիշեց, որ շաբաթվա ամփոփումների ժամանակ Գնել Թևոսյանին հաճախակի են ոտքի կանգնեցրել՝ որպես վատագույն առաջադիմություն ունեցող կուրսանտ, ու հաստատեց, որ Գնել Թևոսյանը գրեթե ամեն շաբաթ օր ինստիտիուտից գնացել և կիրակի կամ երկուշաբթի վերադաձրել է: Ավելին, ըստ այս վկայի, շաբաթվա այլ օրերի ևս Թևոսյանը որոշակի ժամանակահատվածով բացակայել է:

Այս արտոնյալ պայմաններից նեղվել են կուրսանտները թե ոչ` Ամիրյանը պատասխանել չի կարող, ասում է՝ ես անձամբ չեմ նեղվել:

Վկա Հովիկ Հովհաննիսյանը նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում նշել է, որ Գնել Թևոսյանը, հոր զբաղեցրած դիրքից ելնելով, իրեն արտոնյա էր զգում, սպաներն էլ նրան վերաբերում էին ոչ այնպես, ինչպես մյուս կուրսանտներին:

Այս վկան ևս հաստատեց, որ Գնել Թևոսյանը շաբաթ և կիրակի օրերին հաճախակի է բացակայել ինստիտուտից, իսկ աշխատանքային օրերին բացակայել է թե ոչ՝ չի հիշում:

Վկաներից որևէ մեկը չնշեց կոնկրետ դեպք, որ գնդապետ Մարկոսյանը միջնորդել է որդուն ազատել, բայց բոլորը վերլուծում էին, որ եթե Մարկոսյանը ինստիտուտի պետի տեղակալը չլիներ, Թևոսյանն այդքան հաճախակի չէր կարող բացակայել, քանի որ ոչ մի սպա ինքնագլուխ՝ առանց վերադասի գիտության, չէր կարող որևէ կուրսանտի ազատ արձակել: Վկաները վստահ են, որ եթե Մարկոսյանի գիտությունն ու միջնորդությունը չլիներ, ապա սպաները կբարձրացնեին Գնել Թևոսյանի բացակայությունների հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter