
Կիբեռ-հարձակումներ ու ձերբակալություններ. ընտրությունների լուսաբանումը Ռուսաստանում
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված գրաքննության բազմաթիվ դեպքերը: Քանի որ Կրեմլը վերահսկում է ավանդական լրատվամիջոցներից, այդ թվում նաև հեռուստաընկերություններից շատերը, իրական քաղաքական բանավեճերը Ռուսաստանում ծավալվում են միայն առցանց: Սակայն ընտրությունների ժամանակ համակարգված կիբեռ-հարձակումները և լրագրողների ու բլոգերների ձերբակալությունները նպատակ ունեին սահմանափակել նույնիսկ առցանց բանավեճերը:
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ այս միջադեպերն արգելափակել են Ռուսաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ բաց քննարկումը և լավ բան չեն խոստանում նախագահական ընտրությունների առումով, որոնք տեղի են ունենալու մարտին:
Կառավարության նկատմամբ քննադատաբար տրամադրված կայքերի աշխատանքը կաթվածահար եղավ ընտրություններից առաջ և դրանց ընթացքում մի շարք DDoS (Distributed Denial of Service) հարձակումների հետևանքով, որոնց նպատակն էր լռեցնել կայքերը:
LiveJournal-ը, որում գրանցված են կառավարությանը խիստ քննադատող շատ բլոգեր, անհասանելի էր 3 օր շարունակ՝ սկսած դեկտեմբերի 1-ից: Նոյեմբերի 28-ին ևս դրա վրա հարձակում էր եղել:
Հարձակումների թիրախ են դարձել նաև «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը (echo.msk.ru), «Կոմերսանտ» անկախ օրաթերթի կայքը (kommersant.ru), ընտրությունների մոնիտորինգ անցկացնող «Գոլոս» հասարակական կազմակերպության Golos.org կայքը, ինտերակտիվ KartaNarusheniy.ru քարտեզը, որը «Գոլոսը» ստեղծել է ընտրակեղծիքների մասին տեղեկությունների հաղորդելու համար, Gazeta.ru խոշոր լրատվական կայքը, Սանկտ Պետերբուրգի քաղաքական կյանքը լուսաբանող «Լենիզդատի» կայքը (lenizdat.ru) և այլն:
Այս կայքերից որոշների վրա հարձակումները սկսվեցին ընտրություններից մի քանի օր առաջ՝ հող նախապատրաստելով դեկտեմբերի 3-ի և 4-ի զանգվածային հարձակումների համար: Այս կայքերից շատերը նորից հասանելի դարձան այցելուների համար, երբ ընտրատեղամասերը քիչ անց պետք է փակվեին Ռուսաստանի կենտրոնական շրջաններում, որտեղ ապրում է ընտրողների ամենամեծ մասը:
Կանխատեսելով այս կարգի խնդիրներ՝ որոշ լրատվամիջոցներ և ընդդիմադիր խմբեր իրենց կայքերի բովանդակությունը փոխադրել էին առցանց սոցիալական ցանցեր և ընթերցողներին տեղեկացրել, որ իրենց աշխատանքին հետևեն Թվիթերում և Ֆեյսբուքում, եթե իրենց կայքերն արգելափակվեն:
Մի քանի լրագրողի արգելվել է աշխատել ընտրատեղամասերում: «Դեպքերի մեծ մասում պատճառաբանել են, թե լրագրողներին արգելում են, քանի որ նրանք ունեն տեսակցիկներ և իրենց լուսանկարների միջոցով կարող են հրապարակել ընտրողների անձնական տվյալները»,- նշել է Fontanka.ru անկախ լրատվական կայքի խմբագիր Ալեքսանդր Գորշկովը:
Թեև սա ապօրինի պատճառաբանությունն է, սակայն հենց այս պատճառաբանությունն է տրվել Fontanka.ru-ի թղթակցին, երբ նրան արգելել են մտնել Պրիմորիե քաղաքի ընտրատեղամասերից մեկը: «Ռոսբալտ» լրատվական գործակալության լրագրողին հեռացրել են ընտրատեղամասից, քանի որ նա լուսանկարել է քվեատուփը: «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայության թղթակից Վիտալի Կամիշևին արգելել են մտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և պոկել են հավատարմագիրը: BBC-ի թղթակցին ձերբակալել են Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում և պահել մեկ ժամ:
Ընտրություններին նախորդող մի քանի օրվա ընթացքում ձերբակալվել են մի շարք ընդդիմադիր լրագրողներ ու բլոգերներ:
Դեկտեմբերի 2-ին ոստիկանները, առանց որևէ փաստաթուղթ ցույց տալու, ձերբակալել են Besttoday.ru անկախ կայքի խմբագիր Ալեքսեյ Սոչնևին, ստիպողաբար նրա հետ գնացել են նրա Մոսկվայի բնակարան, կոտրել դուռը:
Հայտնի բլոգեր Մարիա Պլիևան ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին, երբ մասնակցում էր Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաք Վլադիկավկազում անցկացվող չարտոնված հանրահավաքի: Նա ազատ է արձակվել նույն երեկոյան և դատարանի առաջ կանգնել հաջորդ օրը: Ի վերջո, խուլիգանության մեղադրանքը հանվել է:
Ուլյանովսկում անհայտ անձը զանգահարել է բլոգեր Օլեգ Սոֆինին և սպառնացել, որ բլոգերի «գլուխը կջարդեն», եթե նա շարունակի քննադատել փոխմարզպետ Սվետլանա Օպենիշևային:
«Գոլոս» ՀԿ-ի նախագահ Լիլիա Շիբանովան ձերբակալվել է դեկտեմբերի 2-ի գիշերը, հենց ժամանակել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, և պահվել 12 ժամ: Նրա համակարգիչը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո առգրավել են՝ պատճառաբանելով, թե այն կարող է պարունակել «ազգային անվտանգությանը սպառնացող նյութեր»:
Ավելի վաղ՝ այդ նույն օրը, «Գոլոսը» տուգանվել է 30 հազար ռուբլի (720 եվրո)՝ իբր ընտրություններից 5 օր առաջ հարցումների արդյունքներ հրապարակելու համար: Նույն օրը НТВ հետուստաընկերությունը, որի սեփականատերը «Գազպրոմ» պետական նավթային հսկա ընկերությունն է, միակողմանիորեն անդրադարձավ «Գոլոսին՝» ՀԿ-ին մեղադրելով արևմտյան հետախուզության կցորդ լինելու մեջ:
Ավանդական լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում նաև հեռուստաընկերությունները չլուսաբանեցին այս միջադեպերը, այլ մանրամասն անդրադարձան վարչապետ Վլադիմիր Պուտինի կուսակցությանը՝ «Միացյալ Ռուսաստանին», որը հաղթեց ընտրություններում:
Մեկնաբանել