HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Սուքիասյան․«Ոչ մի մեղադրանք չեմ ընդունում, ես ինձ մեղավոր չեմ զգում»

Ամալյա Մարգարյան

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «օֆշորի» գործով դատական նիստը: Տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ իրենց կողմից ուսումնասիրվել են «Ամերիաբանկի» տրամադրած փաստաթղթերը:

Նրա պնդմամբ՝ տեղեկանքներում արձանագրված վճարումները չեն համապատասխանում քաղվածքների գումարներին․ «Անշարժ գույքի գումարը չի համապատասխանում բանկի կողմից ներկայացված քաղվածքով բռնագանձված գումարին: Երեք տեսակ փաստաթղթերում գումարների տարբերությունը կազմում է 12 մլն 578 հազար 844 դոլլար և 420 մլն 747 հազար դրամ»,-նշեց Լուսինե Աղլամազյանը:

Աղլամազյանը դատարանին հայտնեց, որ վարկային համաձայնագրերի փաթեթը բացակայում է, նշված են միայն վարկային պայմանագրերը, քաղվածքը: «Բռնագանձումները չկան, միգուցե կանխամտածված արարք է, չեմ կարող ասել: Տեղեկանքով ներկայացված պարտավորությունները և մինչ օրս կատարված վճարումները՝ բնագանձումներով տոկոսադրույքների մարումներով չեն համապատասխանում քաղվածքներով կատարված գումարներին, տարբերությունը ակնհայտ է»,-ասաց տուժողի շահերի ներկայացուցիչը:

Լուսինե Աղլամազյանը միջնորդություն ներկայացրեց դատահաշվապահական փորձաքննութուն անելու և վերջնական եզրակացություն ստանալու համար:

Իր ելույթում Աշոտ Սուքիասյանը նույնպես նշեց, որ բանկի ներկայացրած փաստաթղթերում երևում է, որ ինքը 2014-ի հուլիսին սնանկ է ճանաչվել, սակայն տոկոսները հաշվարկված են մինչև սեպտեմբեր։

«Երբ բանկը վարկը տվեց, մենք արդեն պայմանագիր էինք կնքել «Մետաքս գոլդում» շինարարություն անելու համար, և 9 ամիս հետո Հայրապետյանն ընդամենը 5 մլն դոլլար է փոխանցել: Իսկ որ ասում է գումար է փոխանցել, դա ոսկու առքուվաճառքից ստացված  գումարն են»,-նշեց Սուքիասյանը:

Նա անդրադարձավ նաև մի հանգամանքի, այն է՝ ուսումնասիրության արդյունքում փաստաթուղթ են թարգմանել, որտեղ «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը Փայլակ Հայրապետյանին է ուղղել:

«Ռուբեն Մկրտչյանը գրում է, որ Փայլակ Հայրապետյանի հետ պայմանագիր են կնքել և նշել է, թե ինչ ներդրումներ եղել են Փայլակ Հայրապետյանի հնարավորություններից, պարտավորվում են քննչական մարմնի և դատական գործի ավարտից հետո իմ փայաբաժնի և եկամուտների չափով տրամադրեն նրան։ Բայց գործը կիսատ է մնացել, սպասում են, որ ինձ վերջնական մեղադրեն, որպեսզի Հայրապետյանը իր փայը հաշվի»,-հայտնեց Աշոտ Սուքիասյանը։

Սուքիասյանի ներկայացուցիչ Յուրի Խաչատրյանը դատարանին ներկայացրեց դատական ակտի պատճենը, շեշտելով, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ ձևով չի առնչվել գործին։  

Իր ելույթի ավարտին Աշոտ Սուքիասյանը ասաց«Ոչ մի մեղադրանք չեմ ընդունում, ես ինձ մեղավոր չեմ զգում»։

Նիստի ավարտից հետո զրուցեցինք Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանի հետ: Նա նշեց, որ «Ամերիաբանկի» կողմից տրամադրված երեք փաստաթղթերը մեկը մյուսին չեն համապատասպանում

«Բանկը ունի նաև լրացուցիչ բռնագանձման հայցապահանջ, որը ենթադրում է բռնագանձել Հայրապետյանի՝ Ծովազարդ համայնքում գտնվող անշարժ գույքը և Այգեստան փողոցում գտնող անշարժ գույքը։ Գրավադրվել է Փայլակ Հայարապետյանին պատկանող  թվով 5 անշարժ գույք, որոնք իրացվել են շուկայականից ցածր գումարով։ 10 մլն 700 հազար մայր գումար է տրամադրվել վարկառուին, սակայն քաղվածքներով հաշվելու դեպքում ակնառու  է այն հանգամանքը, որ վարկային գումարի պարտավորությունները 11 մլն հազար 200 դոլար գումար է, և բռնագանձվել է նաև 1 մլն դոլար, սակայն պայմանագրում գրված է 1,5 մլն դոլար»,-նշեց Լուսինե Աղլամազյանը։

Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 16-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter