
Փողի բազան հունվարին կրճատվել է
Հայաստանի փողի բազան այս տարվա հունվարի վերջի դրությամբ կազմել է մոտ 916.4 մլրդ դրամ։ Դեկտեմբերի վերջի համեմատ այն 12.1%-ով կամ 125.9 մլրդ դրամով նվազել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական հրապարակումից, որտեղ արտացոլված են ՀՀ կենտրոնական բանկի տրամադրած տվյալները։
Փողի բազան ներառում է ՀՀ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամը, ԿԲ-ում առևտրային բանկերի պարտադիր պահուստները և ԿԲ-ում ոչ բանկային կազմակերպությունների ավանդները։
Հունվարի վերջին, մասնավորապես, ԿԲ–ից դուրս գտնվող կանխիկ գումարը կազմել է 417.7 մլրդ դրամ՝ կրճատվելով մոտ 37.7 մլրդ դրամով։
Թղթակցային հաշիվները դրամով կազմել են 284.5 մլրդ դրամ, իսկ արտարժույթով՝ 198.3 մլրդ դրամ։ Դրամի դեպքում ցուցանիշը կրճատվել է մոտ 30.7 մլրդ դրամով, իսկ արտարժույթինը՝ մոտ 57.7 մլրդ դրամով։
Մեկ այլ դասակարգմամբ՝ փողի բազան հավասար է նաև ՀՀ ԿԲ-ի զուտ արտաքին և զուտ ներքին ակտիվների հանրագումարին:
Հունվարի վերջի դրությամբ զուտ միջազգային պահուստները կազմել են ավելի քան 610 մլրդ դրամ` նվազելով 9.3%-ով կամ 62.8 մլրդ դրամով։
Իսկ զուտ ներքին ակտիվները կազմել են 306.3 մլրդ դրամ` կրճատվելով 17.1%-ով կամ 63.1 մլրդ դրամով։
Մեկնաբանել