
ՀՀԿ-ն սկսել է նախընտրական քարոզչությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, խախտելով Ընտրական օրենսգրքի դրույթները, քարոզարշավը սկսել է սահմանված ժամկետից շուտ:
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ըստ օրենքի, պետք է մեկնարկի մարտի 5-ին: Սակայն ՀՀԿ-ն ժամանակից առաջ անցնելով՝ Երեւանի տարբեր հատվածներում տեղադրում է իր ցուցակով առաջադրված ու չառաջադրվածների դիմապատկերներով քարոզչական պաստառներ:
Արդեն երկրորդ օրն է՝ Սախարովի հրապարակում կախված է վարչապետ Կարեն Կարապետյանի պատկերով քարոզչական պաստառը, չնայած վերջինս ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում:
Այսօր էլ Արշակունյաց 2 հասցեում տեղադրվել են ՀՀԿ ցուցակի առաջին համար, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ արդարադատության նախարար, ընտրական ցուցակում երրորդ համար Արփինե Հովհաննիսյանի դիմանկարները:
Դրանք մոտ 10 մետր երկարության են, տեղադրվել են շենքի ամենաբարձր հատվածում:
Պաստառներին գրված է ՀՀԿ-ի կարգախոսը՝ անվտանգություն, առաջընթաց:
Մեկնաբանել