HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության խղճուկ զինանոցը

Լիլիթ Գալստյան՝ ԱԺ ՀՅԴ խմբակցություն

Շատերն են հիշում 2008թ-ը, երբ խորհրդարանական դահլիճում մեզ շնորհալիական բարեպաշտություն, հույս ու հավատ  էր ներշնչվում, խոստացվում, որ մի շարք ցուցանիշներով տարածաշրջանային կենտրոն ենք դառնալու։ Հավանաբար, հավատացինք կամ փորձեցինք հավատալ` այդ թվում ես, որովհետև պարզապես ինքդ քեզանից ես հոգնում, քո չհավատալուց  և ուզում պարզ մարդկային խաղաղությամբ ու արժանապատվությամբ ապրել։

Բայց իրականությունը համառորեն մեզ հետ այլ պատկերով է խոսում, և ինչպես  հանրապետության բացարձակ մեծամասնությունը` հայտնվել ենք մի կողմից` Հայլուրային ծիրանագույն բուրաստանի, մյուս կողմից` օրեցօր աղքատությունից ու ամենօրյա նվաստացումից  ու կեղծիքից կքված Հայաստան Աշխարհում։ Նունիսկ հորդորված լռությունը չի փրկում մեզ, և ինչպես ՀՀ  վիճծառայության` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցն է փաստում, ՀՀ բնակչության 35.8%-ը աղքատ է, ամեն հինգերորդը` 21.3%-ը` շատ աղքատ, իսկ 3.0%-ը` ծայրահեղ աղքատ: 2010թ.-ին աղքատների թվաքանակը հասել է մոտ 1.2 մլն-ի։

Իսկ հայրենի կառավարության ամենակենսունակ զինանոցում ներշնչանքի ինստիտուտն է: Բյուջե 2011-ը որակվեց սոցիալական, տնտեսությունը կայունացման տանող բյուջե, այնինչ  իրականությունը կամ արդյունքը դարձյալ այլ է` նախորդ տարվա համեմատ ձվի գինն աճել է 44.1 %-ով, շաքարավազինը` 28.7 %, կաթնամթերքինը` 21.6 %, կենդանական ու բուսական յուղինը` 21.0 %, մսամթերքինը` 12.9 %, հացամթերքինը` 9.8 %( և սրանք սոսկ պաշտոնական տվյալներն են):

Իսկ իշխանությունները բուդդայի խաղաղությամբ շարունակում են վիրտուալ հայկական աշխարհ կառուցել, այնինչ մեզ համար  միջազգային զանգերն են գուժում՝ Transparency International-ն հաղորդում է, որ  բարգավաճել ենք, հատկապես  կոռուպցիոն վարկանիշով, նախկին 123-րդ հորիզոնականից հասնելով 129-րդի։ Մուդիսը տագնապացնող և ռիսկային է համարում արտաքին պարտքի մարումը:

Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ուսումնասիրության, Հայաստանի բնակչությունը մինչեւ 2025 թվականը կնվազի 25 %-ով, այն դեպքում, երբ հարևան երկու երկրներում սպասվում է 31 % և 43 % աճ:

Միայն 2011թ. երկրից մոտ 100 000 մարդ է հեռացել: Արտագաղթը քամում է երկիրը: Եվ որքան էլ հայտարարենք, թե 2012-ի բյուջեն մարդակենտրոն է, միևնուն է հայը հեռանում է հայրենիքից, որովհետև անտեսված է, նրա իրավունքները բռնաբարված են ու նա օտարված է պետությունից:

Քաղաքական այս միջավայրում կորչում է մարդը… կորչում է, որովհետև մեր ազգային օրակարգում հրատապ են շտաբները, որ կուցակցությունը ում կմիանա և ինչպես կկիսի իշխանությունը: Եվ ինչպես միշտ պատճառները վերացնելու փոխարեն հետևանքներից ենք խոսում ու այս անգամ էլ հորդորում սպասել 2020 թվականին:

Եզրակացությունս մեկն է` ներկա իշխանություններն իրենց բարոյական, քաղաքական և հոգևոր ամբողջական ռեսուրսով վտանգում են պետության բանաձևը և քաղաքական կամք չունեն առաջնորդելու ազգն ու պահպանել Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական և ռազմական անվտանգությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter