
Ձմեռային ավտոստոպ, մաս 4-րդ. Տավուշ, Ներքին Կարմիրաղբյուր
Եղանակի տեսությունն ասում էր, որ փետրվարի վերջին օրերին Տավուշի մարզում արևոտ եղանակ է սպասվում: Օդերևութաբանների կանխատեսումները ճիշտ էին. Տավուշում արևոտ էր: Չնայած ավտոստոպի մասին այս շարքն անվանել եմ «Ձմեռային», մի փոքր վերապահումով է կարելի ասել, որ Տավուշում ձմեռ էր, հատկապես, երբ համեմատում ես դեռ ցուրտ ու մառախլապատ Երևանի հետ: Սևանն անցնելուն պես կլիման կտրուկ փոխվեց: Մութն ընկնելուն պես հասա Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկը՝ Ներքին Կարմիրաղբյուր:
Տավուշ գնալու համար նախ պետք է դուրս գալ Երևանից. Աբովյանի ավտոբուսը մինչև Հյուսիսային ավտոկայան է տանում, որտեղից էլ կարելի է սկսել ավտոստոպը:
Այս մեքենան Չարենցավան էր գնում, վարորդը խնդրեց, որ մի հատ սիրուն ֆոտո անեմ, մի քանի հատ նկարեցի, բայց միայն սա հավանեց, ասաց` սենց տարբերվող է:
Եվս մեկ-երկու մեքենա փոխելով` հասա Սևան. ասում են` սառույցի շերտը մոտ 15 սմ է, մի քանի համարձակ փորձում էին երևի ձուկ բռնել:
Ճանապարհին հանդիպեցի այս երկուսին. Թբիլիսի էին գնում, ծանոթանալիս ասացին, որ իրենցից մեկը Բուխարայից է, մյուսը` Բուխարեստից, երկու քաղաքն էլ բուխ-ով է սկսվում, չնայած, որ Բուխարան Ուզբեկստանում է, Բուխարեստը` Ռումինիայում:
Ճանապարհը միասին շարունակեցինք:
Մի մեքենա կանգնեց, որն օղի էր առաքում, երկուսով դիմացը նստեցին, ինձ բաժին հասավ օղիներով լցված բեռնախցիկը:
Որպեսզի հետևում նստած չձանձրանամ, կարկանդակներով ու բնական հյութով ինձ «աշխատացնում էին» մինչև Իջևան. օգնում էի օղու արկղերն իջեցնել:
Վարորդը մինչև Իջևան էր գնում, բայց մեզ քաղաքից դուրս հանեց, որպեսզի ավելի հեշտ մեքենա կանգնեցնենք:
«Կռիվոյի» մոտ (չգիտեմ այդ հատվածը հայերեն ոնց է կոչվում) մեր ճանապարհները բաժանվեցին:
Դեպի Տավուշ:
Գյուղ Այգեհովիտ:
Վազաշեն գյուղի մոտ մի մեքենա կանգնեց, որը Չինարի էր գնում, ինձ վերցրին, որ համ էլ ճանապարհը ցույց տամ: Արդեն մթնում էր, ես էլ այդքան լավ չէի հիշում ճամփաբաժանները. հարցուփորձ անելով` հասանք մինչև Տավուշ գյուղ, որտեղից իրենք ուղիղ գնացին, իսկ իմ հետևից արդեն մեքենայով գալիս էին Ներքին Կարմիրաղբյուրից (շնորհակալություն Նարինէին):
Տավուշում պլեճին ծիպուլ են ասում կամ դլիմ ու անկեղծորեն զարմանում են, թե ինչու են ուրիշ տեղերում ծիպուլին պլեճ ասում:
Հենց առաջին օրվանից գյուղում սովորում ես աքաղաղի հետ արթնանալ:
Չինարիի այս ծառը հայտնի է ամբողջ գյուղում, երբ երեկոյան զբոսնելու էի դուրս եկել ու հետ գալու ճանապարհը շփոթել էի, հարցնում էի` ոնց գնամ Չինարի ծառի մոտ, ճանապարհը ցույց էին տալիս:
Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ 30 երեխա է հաճախում:
Նանին մանկապարտեզի բակի բոլոր ճոճանակները նստելուց հետո է տուն գնում:
Երևի 2-3 այսպիսի մեքենայի մեջ գյուղի բոլոր երեխաները տեղ կանեն:
Խմելու մշտական ջուր գյուղում չկա:
Հասմիկն ու Գառնիկն ամեն առավոտ ժամը 9-ին 45 րոպեով միացնում են ջուրը. «30 օջախի ջուր ենք տալիս»,- ասում է Գառնիկը:
Գյուղի հողերի զգալի մասը հակառակորդի դիրքապահների տեսադաշտում է, բայց անասուններին այդ մասերով էլ են արածացնելու տանում:
Սուսաննայի տունն էլ է մշտապես նշանառության տակ, գյուղի ծայրում է, սահմանին ամենամոտ տներից է:
Որոշեցի մինչև մութն ընկնելը մի քիչ շրջել գյուղում:
Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցը:
Գյուղում շատ տեղեր հանդիպեցի այսպիսի մերձարևադարձային բուսատեսակների, որոնք շատ լավ հարմարվում են Տավուշի կլիմային:
Առավոտյան գնացի սրճելու Հասմիկի ու Գառնիկի տանը: Սահմանն այստեղից մեկ-երկու կմ հեռավորության վրա է: Կրակոցների ձայներ էին երբեմն լսվում:
Գյուղապետարանի շենքը:
Տան բակից կարելի է ենթադրել, որ այստեղ արհեստից գլուխ հանող մարդիկ են ապրում. նրանց մասին մյուս ռեպորտաժներում առանձին կպատմեմ:
Արդեն դուրս էի գալիս գյուղից, որպեսզի գնամ հաջորդը գյուղը, բայց մի փոքր ավել մնացի, քանի որ հանդիպեցի այս ընտանիքին. նրանց մասին նույնպես առանձին ռեպորտաժ կլինի:
Մեղուների համար արդեն բավականին տաք է, փեթակները սկսում են աշխատել:
Դասերից հետո երեխաները ընկերներով գնում են սարում հաց ուտելու. մինչ տղաները ցախի հարցն են լուծում, աղջիկները սեղան են գցում:
Սեղանն արդեն գցված է, կրակը հենց պատրաստ լինի, երեխաները խորոված կանեն:
Շարունակելի...
Մեկնաբանել