Մի քանի օրով «արձակուրդ» եմ վերցնում. տեղափոխվեցի վերջին՝ 5-րդ կուրս
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Սլավոնական համալսարանի դասախոսներն այցելեցին «Նուբարաշեն» բանտ: Առավոտյան ժամը 10-ից աշխատասենյակում սպասում էի: Գիտեի, որ քննությունները նշանակցած են ուրբաթ, ժամը 12-ին: Լուսամուտի մոտ կանգնած նայում էի դեպի ազատություն, ինքս ինձ հարցեր տալիս ու պատասխանում: Անկախ նրանից, որ լավ եմ պատրաստվել, մեկ է՝ հուզվում եմ: Ահա բացվեց դուռը, մեկուսարանի հոգեբանի ուղեկցությամբ ներս են մտնում դասախոսները: Բարևում ենք, ծանոթանում, հանելով վերարկուները՝ նստում սեղանի շուրջ:
-Սա Ձեր խո՞ւցն է, այստե՞ղ եք ապրում,-հարցնում է «Ընտանեկան իրավունք» առարկայից քննություն ընդունող դասախոսը:
-Ո՛չ, հոգեբանի աշխատասենյակն է,- պատասխանում եմ ես,- ուսման և աշխատանքի նպատակով շաբաթվա մեջ 4 օր 3 ժամով գալիս եմ այստեղ համակարգչից օգտվելու համար: Իսկ խուցը այսքան լուսավոր չէ, ճաղերն էլ՝ քառաշերտ:
Հիշում եմ անցած տարի այցելած դասախոսներից մեկի խոսքերը. «... բոլոր դատավորները պետք է գոնե մեկ անգամ բանտ մտնեն, անցնեն գարշահոտով լցված, խավար միջանցքներով, տեսնեն խցերը, հետո նոր որոշեն, թե քանի տարվա ազատազրկման դատապարտեն... »:
Ահա քաշում եմ դիմացս դրված բազմաթիվ տոմսերից մեկը: Չզարմանաք՝ ցանկանում եմ, որ բարդ տոմս լինի, որ ինձ շատ հարցեր տան: Այդպես էլ ասում եմ.
-Ինձ հետաքրքիր է՝ որքանով եմ յուրացնում ընթերցածս, չէ՞ որ միայն աչքերի միջոցով եմ ինֆորմացիա ստանում, ականջներս դասախոսություններ չեն լսում, ինտերնետ չի թույլատրվում, որ գոնե այդ կերպ «ներկա» գտնվեմ համալսարանում դասախոսություններին, այնպես որ՝ ամեն ինչից ինձ հարցեր տվեք:
Հա՛, մոռացա ասեմ, որ ներս մտնելուց մեկուսարանի հոգեբանը շատ դրական ներկայացրեց ինձ: Այնպես որ մեծ պատասխանատվություն եմ կրում. թե՛ իմ, թե՛ Սլավոնական համալսարանի, թե՛ մեկուսարանի պատիվը բարձր պետք է բարձր պահեմ:
Հերթով հանձնեցի բոլոր երեք քննությունները՝ ընտանեկան իրավունք, քաղաքացիական և քրեական դատավարություն առարկաներից: Երեքից էլ ստացա գերազանց գնահատականներ:
Երբ ավարտել էինք, և դասախոսներն արդեն հագել էին իրենց վերարկուները, հայտնաբերեցինք՝ դուռը փակ է: Զանգ չկա, բջջայինները դասախոսները հանձնել են, ինչպես յուրաքանչյուրն, ով մտնում է, այսպես ասած՝ «արգելագոտի»:
-Տեսնո՞ւմ եք, հիմա Դուք էլ եք ռեժիմի տակ:
Դասախոսներից մեկը ժպտում է:
-Իսկապես...
-Շնորհակալ եմ, որ այցելեցիք,-ասում եմ ու լսում փոխադարձ շնորհակալություն քննություններին լավ պատրաստվելու համար:
Տեղափոխվեցի վերջին՝ 5-րդ կուրս: Սկսում եմ պատրաստել նաև դիպլոմային աշխատանքս, որը վերաբերելու է դատական սխալների բացահայտման մեխանիզմներին և խոչընդոտներին:
Իսկ հիմա գոնե մի քանի օրով արձակուրդ եմ վերցնում: Ասում եմ՝ մի քանի օրով, քանի որ չեմ կարող առանց որևէ աշխատանք անելու անիմաստ վատնել թանկարժեք ժամանակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել