HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդար ընտրությունները ցույց կտային, թե ով է «ամբախ-զամբախ» խոսողը»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները 2011 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում հնչեցրին հետեւյալ հայտարարությունները

Անահիտ Բախշյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ նախորդ արտահերթ նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նկատմամբ ՀՀԿ խմբակցության պատգամավորի անվայելուչ պահվածքին ու քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչների կողմից դրա արդարացման փորձերին:

Այդ համատեքստում Ա.Բախշյանը հիշեցրեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ Պարլամենտարիզմի կենտրոնի իրականացրած «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգի»  գնահատականներից ընդամենը երկուսը անցյալ չորս տարիների ընթացքում «Ժառանգության» եւ կոալիցիայի գործունեության մասին. «Խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմության ներկայացուցիչները, բոլոր դեպքերում, օրինագծերը ներկայացնողների կցկտուր եւ խճճված հիմնավորումներին ի պատասխան` բարձրաձայնում են նախաձեռնությունների իրական նպատակների ու շարժառիթների մասին հանրության մեջ շրջանառվող կարծիքները, որոնք շատ ավելի տրամաբանական ու համոզիչ են հնչում:

Այնինչ, «Օրենսդիրի գործունեության ցուցանիշները վկայում են, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող հանրապետականներն ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները ավելի շատ ֆորմալ ներկայություն են ապահովում, բովանդակային մասն ապահովում է խորհրդարանական ընդդիմությունը» (2010թ.): Այնպես որ վստահ ենք, որ եթե իսկապես անցկացվեն արդար ընտրություններ, ապա հասարակությունը քվեարկությամբ կասի, թե ո՞վ է «ամբախ-զամբախ» խոսողը»:

Ստյոպա Սաֆարյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց գաղտնազերծմանը վերաբերող «Ժառանգության» հեղինակած օրինագծի ընդդիմախոսություններին: Նա նշեց. §մի փոքրիկ խմբակ է ձեւավորվել, որը համառորեն հասարակությանը ապատեղեկացնում է, թե «Ժառանգությունը» առաջարկում է գաղտնազերծել Հայաստանի Հանրապետության գործակալական ցանցը:

Եթե նրանք իրենց կարծիքում մեջբերվում են «Ժառանգության» օրինագծի այն դրույթը, թե ում վրա է տարածվում օրենքը, միտումնավոր չեն նշում «ԽՍՀՄ-ի կամ այլ երկրների հատուկ ծառայություններ» բառակապակցությունը: Սա մտածված հնարք է, որպեսզի անտեղյակ մարդկանց մատուցեն իրենց սուտը, թե գաղտնազերծման նպատակը ՀՀ ազգային անվտանգության գործակալների բացահայտումն է: Այդ ստի վրա էլ տրվում են գնահատականներ, թե օրինագիծը «դավաճանություն է» կամ «զգալի հարված կհասցնի անվտանգության համակարգին»:

Այդ պարոններին ուզում եմ հարց տալ. այդ ո՞ր օրվանից ընդդեմ Հայաստանի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցած գործակալների բացահայտումը դարձավ հայրենիքի դավաճանություն: Այդ ո՞ր օրվանից է այլ երկրի անվտանգության համակարգը դարձել մեր հոգածության առարկան: Հայրենիքի դավաճանության հոդվածներին կարող եք ծանոթանալ ՀՀ քրեական օրենսգրքից, որտեղ թվարկված չէ այլ երկրների գործակալներին գաղտնազերծելու առաջարկը: Ո՞րն է ձեր հայրենիքը, պարոնայք` Հայաստանի Հանրապետությունը, թե՞ այլ պետություն: Ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս նորմալ կամ պատիվ համարել այլ երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը»:

Սաֆարյանը եզրափակեց, որ չնայած օրենքների նախագծերի փաթեթը դեռեւս ընդունված չէ, սակայն այն արդեն իսկ տալիս է իր առաջին պտուղները` բացահայտման ու ինքնաբացահայտման գործընթացը սկսված է:

Լարիսա Ալավերդյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղին, չնայած որ հայտարարության մեջ բարձրացված հարցերի մեծ մասը բնորոշ են բոլոր այն համայնքներին, որոնք գտնվում են առավել ռիսկային գոտիներում: Նա տեղակցրեց, որ խաչիկցիները հիշում են, թե ինչպես 2010թ.-ին ոգեւորությամբ հյուրընկալեցին երկրի գործող նախագահին, ով խոստացել է, որ շուտափույթ կկառուցվի ջրամբարը: Ավաղ, մինչ օրս նրանք սպասում են այդ խոստումի իրականացմանը:

Հիշեցնեմ, որ սահմանամերձ տարածքում գտնվող եւ, ըստ էության, սահամանապահ բնակիչների համար հատկացվող, լինի դա ինքնահոսով, թե պոմպակայանով ջրի սակագինը նույնն է, ինչ այլ բնակավայրերի համար եւ, համեմատած 2004թ-ի հետ, գրեթե 2 անգամ բարձրացել է: Ահա թե ինչու նմանատիպ գյուղերի համար սպառնացող վտանգներ են հանդիսանում շարունակվող արտագաղթը, ծնելիության ցածր մակարդակը, բարեկեցությունից հեռու մնացող գյուղացիների մեծ մասի սոցիալական վիճակը»:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter