HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաստաբանն ընդդեմ լրատվամիջոցի դիմել է դատարան

Փաստաբան Ղևոնդ Պապոյանն ընդդեմ «Փաստինֆո» լրատվական կայքի և քաղաքացի Ջուլիետա Հակոբյանի դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ զրպարտությունը հերքելու և որպես փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով` 1.000.000 դրամ բռնագանձելու պահանջով:

Հայցադիմումը հիմք է հանդիսացել լրատվամիջոցի այս տարվա մարտի 1-ին pastinfo.am  կայքում հրապարակված և  «Ֆեյսբուք» սոցիալական  ցանցի  միջոցով տարածված՝ «Տարեց կինը բողոքել է փաստաբանի դեմ՝ պահանջելով վճարված գումարը. փաստաբանն արձագանքում է» վերնագրով հոդվածը:

Փաստաբանի կարծիքով՝ նշված հոդվածում տեղ  են  գտել   զրպարտություն պարունակող տեղեկություններ, որոնք արատավորում, նվաստացնում, նսեմացնում են որպես  փաստաբանի իր  պատիվը, արժանապատվությունը   և  գործարար  բարի համբավը: Մասնավորապես նշել է, որ իր  պատիվն ու արժանապատվությունն արատավորել են լրատվական հոդվածում տեղ գտած հետևյալ տեղեկությունները  «Ջուլիետա Հակոբյանը գտնում է, որ փաստաբան Ղևոնդ Պապոյանը իր վստահությունը չարաշահելով վերցրել է 580.000 դրամ գումար և որևէ գործողություն չի կատարել»:

Ղևոնդ Պապոյանը նշել է, որ լրատվամիջոցը նշված տեղեկատվությունը տարածելիս հղում չի կատարել տեղեկատվության աղբյուրին: Իսկ տվյալ դեպքում իր վերաբերյալ հրապարակային ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող (զրպարտող) փաստացի տվյալներ, դրանք սուտ, անհիմն և ոչ հավաստի տվյալներ են, որոնք արատավորում են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:

«Հոդվածում նշված տվյալները արատավորող են, քանի որ դրանցում բովանդակում են գործող օրենսդրության պահանջների, մասնավորապես` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի և «Փաստաբանի վարքագծի կանոնագրքով» նախատեսված կանոնների խախտման, էթիկայի պահանջերին հակասող վարքագծի դրսորման մասին տեղեկություներ: Բացի այդ, նշված հոդվածում հրապարակված տվյաները, մասնավորապես` վստահությունը չարաշահելով գումար վերցնելու մասին, բովանդակում են նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ  տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով, իրական չեն, նվաստացնում և նսեմացնում են փաստաբանիս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը»,-նշել է փաստաբան Պապոյանը:

Փաստաբանը հայցադիմումում գրել է, որ «Փաստինֆո»-ի լրագրողը զանգահարել է իրեն և խնդրել է կարծիք հայտնել հոդվածում նշված գործի վերաբերյալ, ինչից հետո էլ հրապարակվել է հոդվածը: Փաստաբանը փորձել է ճշտել տեղեկատվության աղբյուրը, սակայն, ինչպես ինքն է նշում, լրագրողը չի տեղեկացրել:

«Գտնում եմ, որ գործակալությունը չի կարող ազատվել զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, քանի որ տեղեկատվության տարածման ժամանակ տեղեկատվության աղբյուրին (հեղինակին) հղում չի կատարվել, իսկ Ընկերության կողմից դատավարության ընթացքում աղբյուրի բացահայտումը որևէ կերպ չի ապահովում զրպարտող կամ վիրավորող սուբյեկտի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը»,-նշում է փաստաբանը:

«Փաստինֆո» կայքի լրագրողը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ փաստաբանը փորձել է ճշտել տեղեկատվության աղբյուրը, սակայն, օգտվելով լրագրողի իր իրավունքից, հրաժարվել է բացահայտել այն:

Լրագրող Էլեոնորա Առաքելյանի համար զարմանալի է, որ փաստաբանը բողոք է ներկայացրել և պատասխանող է դարձրել լրատվամիջոցին՝ իմանալով, որ լրագրողն իրավունք ունի չբացահայտել տեղեկատվության աղբյուրը: Բացի այդ, նշում է, որ օբյեկտիվությունն ապահովելու նպատակով կարծիքն արտահայտելու հնարավորւթյուն է տվել հոդվածում նշված բոլոր կողմերին, և փաստաբան Պապոյանը ներկայացրել է իր ասելիքը:

Նշենք, որ հայցադիմումը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter