
«Հայաստան, իմ սեր» նորվեգերեն գրքի շնորհանդես Օսլոյում
Մարտի 4-ին Օսլոյում կայացավ ազգությամբ նորվեգացի, Հայաստանի բարեկամ Սվեն-Էրիկ Ռիսեի նորվեգերեն լեզվով գրքի շնորհանդեսը, որտեղ հեղինակը լեցուն դահլիճին ներկայացրեց իր գիրք/սիրո խոստովանությունը առ Հայաստան և հայ ժողովուրդ:
Պարոն Ռիսեն Հայաստանի հարցերով փորձագետ է: Նա բազմիցս հոդվածներ է գրել Հայաստանի և ցեղասպանության թեմայով նորվեգական թերթերում, հանրային դասախոսություններով հանդես եկել տարբեր լսարանների առջև: Նա նաև նորվեգացի զբոսաշրջիկների մեծ խումբ է ուղեկցել Հայաստան` որպես զբոսավար: Սվեն-Էրիկը իրեն հպարտությամբ հայ է կոչում և երազում է ստանալ հայկական անձնագիր:
Գիրքը շատ մտերմիկ և հումորային տոնով գրված սիրո պատմություն է: Հեղինակը ընթերցողին ճանապարհորդության է տանում, որտեղ հեղինակը և նրա թուրք ընկերը շրջագայում են երլրով, բացահայտում Հայաստանը, հանդիպում և շփվում հետաքրքիր մարդկանց հետ, որոնք կիսվում են իրենց հետ հետաքրքիր պատմություններով: Հեղինակը գրքում նաև անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, համեմատականներ տանում հրեաների Հոլոքոստի հետ, քննարկում Թուրքայի կողմից ցեղասպանության ժխտումը, ինչպես նաև անդրադառնում Ղարաբաղյան հիմնահարցին: Գիրքը իրենից ներկայացնում է գեղարվեստական և գիտական ժանռերի մի ներդաշնակ միաձուլում:
Այն ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ ու գրախոսականներ և հեղինակը մինչև այսօրվա շնորհանդեսը արդեն վաճառել է երկու հարյուր օրինակ նախնական պատվերների ձևով:
Գրքի նախաբանը գրել է Նորվեգիայի հանրային հեռուստաընկերության(NRK) վետերան լրագրող և բազում գրքերի հեղինակ Յան Օտտո Յոհանսենը (Jahn Otto Johansen).
Շնորհանդեսին խոսքով հանդես եկան Հեռուստատեսային գործիչ և գրող Սթայն Մորտեն Լիերը (Stein Morten Lier), Հայկական մշակութային միության ղեկավար Լիանա Հարությունյանը, Հայ առաքելական եկեղեցական միության ներկայացուցիչ Նարինե Հարությունյանը և Նորվեգական Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Լենե Վետելանդը:
Այնուհետ հեղինակը ներկայացնրեց Հայաստանին վերաբերող ներկայիս խնդիրներից` Ադրբեջականակն ագրեսիան, բլոգեր Լապշինի հարցը և այլ արդիական թեմաներ: Ապա հեղինակը ներկայացրեց գրքի պատմությունը և ընթերցեց հատվածներ:
Միջոցառումը ավարտվեց գնված օրինակների ստորագրությամբ: Միջոցառման վերջում հեղինալը արդեն վաճառել էր տպաքանակի մոտ կեսը:
Մեկնաբանել