Գագիկ Ծառուկյանը 252 հազար եվրոյով վարագույր է գնել
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը վերջին տարիներին Ազգային ժողովի ամենահարուստ պատգամավորն է: 2016թ. նա պահպանել է այդ «տիտղոսը»:
Մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2016թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի համաձայն, Գագիկ Ծառուկյանը երկու թանկարժեք իր է հայտարարագրել: Մեկը 118 հազար 485 եվրոյով գնած կահույքն է, մյուսը՝ վարագույրը, որի արժեքը 251 հազար 799 եվրո է:
Պատգամավորը սիրում է նաև թանկարժեք ավտոմեքենաներ: 2016թ. գնել է նմանատիպ երկու ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ G 63 AMG», որի արժեքը կազմել է մոտ 88 միլիոն 156 հազար դրամ և «BENTLEY BENTAYGA»՝ 186 հազար եվրո:
2016թ-ի հետհամեմատ զգալի նվազել են Գագիկ Ծառուկյանի եկամուտները: Եթե 2015թ. դրանք կազմում էին մոտ 4 միլիորդ 100 միլիոն դրամ, ապա 2016-ին՝ 2 միլիարդ 525 միլիոն:
Միայն Գագիկ Ծառուկյանի փոխառությունները մի ամբողջ կարողություն արժեն: Նա 2016 թվականին թվով 46 անգամ փոխառություններ է հանձնել և ստացել: Իսկ տարվա վերջին Ծառուկյանի փոխառությունների չափը կազմում է մոտ 41 միլիարդ 21 միլիոն դրամ, 27 միլիոն 208 հազար եվրո, 26 միլիոն 313 հազար դոլար և 595 ֆունտ ստերլինգ:
Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը ևս թանկարժեք նվերների սիրահար է: Նա 2016թ. 30,000 դոլարով գնել է ականջօղեր:
Ծառուկյանի կնոջ եկամուտները կազմել են մոտ 19 միլիոն դրամ, 121,580 դոլար և 300,000 եվրո: Եվրոյի եկամուտը գոյացել է շահաբաժնից, դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ դոլարը՝ այլ եկամուտներից:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Ջավահիր Ծառուկյանն ունեցել է 17 միլիոն դրամ, 28 հազար դոլար և 26 հազար եվրո:
Իսկ դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը, նախորդ տարի որպես եկամուտ հայտարարագրել է «այլ եկամուտ»՝ 11,557 դոլար:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել