
4.5 անգամ նվազել է օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարվող շինարարությունը
2017-ի հունվարին կատարված շինարարությունը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 5%-ով։ Այստեղ կարելի է փաստել, որ շինարարությունը այդպես էլ «ուշքի չի գալիս»։ Մեր նախորդ հրապարակումներից կրկին ընդգծենք, որ 2016-ին Հայաստանում իրականացվել էր գրեթե 398 մլրդ դրամի շինարարություն, որը 2015-ի համեմատ՝ նվազել էր 11%-ով։
Շինարարության ծավալների հիմնական անկումը «ապահովել է» օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարվող շինարարության կրճատումը։ Ֆինանսական այս աղբյուրով կատարվող շինարարությունը, 2016-ի հունվարի համեմատ, նվազել է 4.5 անգամ։
Հունվարին ամենամեծ ծավալով շինարարությունը կատարվել է բնակչության միջոցներով։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ այն կազմել է 1,7 միլիարդ դրամ, ապա հաջորդել է միջազգային վարկերով կատարվող շինարարությունը, որում էլ գերակշռել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով կատարված շինարարությունը։ Համաշխարհային բանկի վարկերով կատարված շինարարությունը հունվարի գրանցել է շինաշխատանքներին հատկացված դրամական միջոցների ամենամեծ աճը՝ 70 %։
2017-ի առաջին ամսում ամենամեծ ծավալով կատարվել է անշարժ գույքի հետ կապված շինարարությունը, որը կազմել է ամբողջի գրեթե 30 %-ը, ապա «ակտիվ» է եղել սպասարկման այլ ծառայությունների համար կատարվող շինարարությունը։
Շինարարության ծավալի երկնիշ ցուցանիշն այս անգամ էլ ապահովել են գրաֆիկայում առանձնացված անշարժ գույքի, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, սպասարկման այլ ծառայությունների և տեղեկատվության և կապի համար կատարվող շինաշխատանքները։
լուսանկարը` www.tes.com-ի
Մեկնաբանել